Խուցպան կամ շուցպան հիմնականում հրեաների ազգային խառնվածքին բնորոշ երեւույթ է: Տվյալ բառեզրի ոչ մի թարգմանություն չի կարող արտահայտել երեւույթի իմաստային ողջ ներկապնակը, որին վերաբերելի են ե՛ւ դրական, ե՛ւ բացասական գծեր: Իրավունքի հարվարդյան դպրոցի պրոֆեսոր, անվանի փաստաբան եւ իրավագետ Ալան Դերշովիցի պնդմամբ՝ այդ հատկության շնորհիվ է, որ հրեաները «գրավել են» Ամերիկան։ Խուցպան, ըստ էության, անհնարինին հասնելու քայլ է՝ այնպիսի միջոցներով, ինչպիսիք են ըմբոստ լկտիությունը, անհավանական սուտը, «աֆյորան», բոլոր գրված ու չգրված օրենքների ոտնահարումը, ոչ նորմատիվային պահելաձեւն ու մտածելակերպը։
Հրեաները խուցպան համարում են խիզախության, մտքի ճկունության, հնարամտության վրա հիմնված գործողություն։ Արկածախնդրությունների, խարդախությունների, հանդուգն քայլերի, խորամանկումների ընդունակ մարդիկ հաճախ հասնում են այնպիսի դիրքի ու հաջողության, որոնց սովորական օրինապահ մարդը երազել միայն կարող է։ Խուցպայի «կանոններով» կարելի է ակնհայտ ստերի ու ձեռնածությունների կիրառմամբ զինաթափ անել դիմացինին: Բերենք այդ երեւույթը բնութագրող ամենատարածված պատումներից մեկը՝ ծնողներին սպանած անչափահասի օրինակը, ով դատի ժամանակ դատարանից խնդրում է իր նկատմամբ ներողամիտ լինել, քանի որ ինքը որբ է։
Բնականաբար՝ խուցպայի հասկացությունը սոսկ հրեաների «մենաշնորհը» չէ։ Այժմ արդեն կա նաեւ այդ երեւույթի հայկական տարբերակը, որին պայմանականորեն կարելի է տալ հայկական «հեղափոխական խուցպա» անվանումը: Բազմաթիվ հրեաներ կնախանձեին խուցպայի այն դրսեւորումներին, որոնք հեղինակել ու իրագործել է «հայկական հեղափոխության» առաջնորդը։ «Սերժին մերժելուց» հետո, երբ առհասարակ փողոցից վարչապետ բերելու հանրային խնդիր գոյություն չուներ, Փաշինյանն ինքն իրեն հռչակում էր «ժողովրդի վարչապետ» եւ հայտարարում. «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»։ Սա խուցպայի դասագրքային օրինակ է:
Նույնը կարելի է ասել իշխանափոխությունից առաջ նրա բարձրաձայնած տարօրինակ հորդորի մասին, որով ՀՀ բոլոր քաղաքացիներին առաջարկում էր առանձին-առանձին պայմանագիր կնքել իր հետ։ Խուցպային բնորոշ օրինակների շատ է բախվել բազմատանջ հայությունն այս վերջին վեցուկես տարում: Միայն Փաշինյանը կարող է մի կողմից ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի ղեկավարների հետ քննարկել իր քիմքին ոչ հաճո պաշտոնատար անձանց ձերբակալելու հարցը (այդ դրվագն, ի դեպ, արտացոլված է հեռախոսային գաղտնալսված ձայնագրության մեջ), մյուս կողմից էլ երկրի դատարանների մուտքերն արգելափակելու կոչնակ հնչեցնել եւ առժամանակ կաթվածահար անել դատական համակարգի բնականոն աշխատանքը:
Աշխարհում չլսված-չտեսնված բան է, որ իշխանության երեք ճյուղերից մեկը՝ մեր դեպքում գործադիրը, զուտ քինախնդրությամբ պայմանավորված, գրոհի մյուսի՝ դատականի վրա, ինչ է թե՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս առաջնորդվել է ոչ թե իր ցուցումով, այլ օրենքի տառով: Միայն Փաշինյանը կարող է դեռեւս իշխանափոխության արշալույսին գործարքի գնալ ընտրողների հետ՝ խոստանալով նրանց փոխհատուցում տալ քաղաքի բյուջեից, եթե Երեւանի ավագանու ընտրություններում ՔՊ-ն հաղթի: Փաստորեն ընտրակաշառք է առաջարկում, եւ դա պետական գանձարանը մսխելու միակ միջոցը չէ:
Նա պատրաստ է պետբյուջեի, նույնիսկ՝ հայկական պետականության հաշվին նյութապես մոտիվացնել անձամբ իրեն ծառայող հազարավոր մարդկանց, քթներից բռնած տանել՝ ուր ուզում է: Չունենալով բարձրագույն կրթություն եւ խախտելով օրենքի պահանջը, այս անձը կարողացել է դառնալ վարչապետ, ինչում, անտարակույս, դարձյալ խուցպայի «մատը խառն» է: Ասում են՝ անգամ Իսրայել պետության ստեղծումը հրեական խուցպայի ծնունդ է, քանզի ոչ մի տրամաբանությամբ այն հնարավոր չէր ստեղծել: Բայց հրեաները ստեղծեցին՝ ընդդեմ սթափ տրամաբանության եւ բոլոր կանոնների։ Իսկ մեր «հայկական խուցպան» ընդամենը մի պետականաքանդ Նիկոլ բերեց աշխարհ, կապեց մեր վզին, որից պրծում չկա: