Չզարմանաք, եթե մի օր նիկոլական Հայաստանում նկատեք առանձին հանցատեսակների, ասենք՝ կոռուպցիայի օրինականացման միտումներ: Թող տարօրինակ չթվա, բայց դրա նախադրյալները ներկայումս, կարծես թե, ստեղծվում են: Անցած տարեվերջին ՔՊ-ական կառավարությունը չզեկուցվող հարցերի ձեւաչափով որոշեց պետական համակարգին խրախուսելու նպատակով մոտ 3.5 միլիարդ դրամ հատկացնել 16 պետհիմնարկների ու հաստատությունների աշխատողների պարգեւատրման համար՝ շուրջ 40 հազար մարդու: Մանրամասները, բնականաբար, պահվել են կողմնակի աչքից հեռու՝ «հույժ գաղտնի» գրիֆի ներքո: Չեն հանրայնացվել մասնավորապես բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարների չափերը:
Բայց Հայաստանը փոքր երկիր է՝ շատերն իրար գիտեն, կապված են աշխատանքային, բարեկամական, խնամի-սանիկային, դրացիական եւ այլ թելերով: Ուստիեւ՝ այն, ինչ արվում է «հույժ գաղտնի», կես ժամում կդառնա «աշխարհին հայտնի»: Մանավանդ որ, խոսքը բյուջետային միլիարդավոր գումարի մասին է, որից քաղաքական կոռուպցիայի հոտ է գալիս: ՀՀ պետական գանձարանը երբեք նման դաժան կողոպուտի չէր ենթարկվել՝ իրականում տեղի ունեցածն այլ կերպ չես բնութագրի, քան օրինականացված թալան: Ժողովուրդը շոկի մեջ է՝ որքա՜ն կարիքավորներ ունենք, որոնց վիճակը կարելի էր գոնե մի քիչ բարելավել՝ թոշակառուներ, բռնատեղահանված արցախցիներ, հացի ու հագուստի փող չունեցող թշվառներ:
Մեկ-երկու շաբաթ առաջ, երբ բացահայտվեց ԱԺ պատգամավորներին 3-ական մլն դրամ պարգեւավճար բաժանելու պատմությունը՝ իշխանություններից դժգոհողներ կամ ճչացող անարդարության դեմ ըմբոստացողներ եղան, սակայն ընդվզումների ալիքը հետզհետե հանդարտվեց, եւ հանրությունը, կարծես թե, հարմարվեց իրավիճակին: Ըստ երեւույթին, իշխանությունները հենց այդպես էլ հաշվարկել էին՝ փոքր չափաբաժնով ընտելացնել ժողովրդին, որպեսզի հաջորդ, ավելի ուժգին «հարվածին» դիմանալը ցավոտ չլինի: Բայց պարգեւատրման երկրորդ փուլով հրապարակված թվերը, որոնք վերաբերվում էին պետական կառավարման համակարգի տասնյակ հազարավոր աշխատողների, այնքան ցնցող էին, որ չէին կարող ցավոտ չլինել:
Դատեցեք ինքներդ. Հայաստանի նման երկրում, որտեղ ամեն 4 բնակչից մեկն աղքատ է, որքանո՞վ են բարոյական պաշտոնյաների աստղաբաշխական «խրախուսումները»: Դա, գործող իշխանության ներկայացուցիչների համոզմամբ, պայմանավորված է պետական համակարգում արհեստավարժ կադրերին պահելու անհրաժեշտությամբ: «Ազատության» տվյալներով՝ մի քանի միլիոնանոց պարգեւավճար ստացել են միայն բարձրաստիճան անձինք, շարքային աշխատողների ստացածը մեկ ամսվա աշխատավարձից էլ ցածր է եղել: Նախարարի պարգեւավճարը, օրինակ, մոտ 7 մլն դրամ է, փոխնախարարինը՝ 4.5-5 մլն, վարչության պետինը՝ 2.5-3 մլն, եւ այդպես պաշտոնի նվազմանը համընթաց՝ նվազում է պարգեւավճարի չափը:
Այսինքն՝ ստացվում է, որ պարգեւատրվում է ոչ թե մարդը, այլ պաշտոնը: Բայց սրանք դեռ «մանրաձկներն» են, հիմա գանք «շնաձկներին»՝ սկսելով Նիկոլ Փաշինյանի «ավարից»: Նա պարգեւատրվել է 11 մլն 951 հազար դրամով՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի ամփոփիչ ցուցանիշների համար: Դրանից բացի, 1 մլն 970 հազար դրամ էլ առանձին տողով է ինքնապարգեւատրվել: «Հետք»-ի հետաքննությունը ավելի խորքային շերտեր է բացել: Պարբերականի տվյալներով՝ վարչապետի աշխատակազմի ծառայողները՝ 412 հոգի, գումարած վարչապետն ու երկու փոխվարչապետները, 2021-2025 թվականներին ստացել են ընդհանուր 2 մլրդ 835 մլն 550 հազար դրամի պարգեւատրումներ:
«Հետք»-ին հաջողվել է պարզել, որ այդ գումարից 381 մլն 848 հազար դրամը հատկացվել է որպես պարգեւավճար 2025թ. առաջին կիսամյակի գործունեության գերակայությունների եւ դրանց կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա: Փաստորեն Նիկոլ Փաշինյանը, նրա երկու տեղակալները եւ Կառավարության անդամները միասին ստացել են մի ամբողջ գումարտակ մինչեւ ատամները զինելու փող։ Այդ գումարով հնարավոր էր կառուցել արդիական զորանոց, բարելավել մի քանի մարտական դիրք։ Նիկոլն ասում է. «Մենք պարգեւատրվել ենք թոշակառուի համար, քանի որ նրա համար ենք աշխատում»։ Թոշակ չի բարձրացվել, բայց Նիկոլն ու տեղակալները 51,6 մլն դրամ պարգեւավճար են դրել գրպանները: Քաղաքական կոռուպցիան հո պոզով-պոչո՞վ չի լինում:
«Հայացք Երեւանից»

