Եվ այսպես, երեկ եզրագիծը հատեց խորհրդարանական ընտրությունների՝ մայիսի 8-ից մեկնարկած նախընտրական բուռն քարոզարշավի շուրջ մեկամսյա ժամանակահատվածը, իսկ այսօր՝ հունիսի 6-ին, փառք Աստծո, «լռության օրն» է, եւ քարոզչությունն արգելվում է, հետեւաբար «Հայացքի» ներկա լուսաբանման մեջ կփորձենք հնարավորինս պահպանել քաղաքական չեզոքություն: «Լռությունը» կշարունակվի մինչեւ քվեարկության օրը՝ ժամը 20:00-ն: Ուրեմն՝ կիրակի վաղ առավոտյան Հայաստանի բոլոր 2008 ընտրատեղամասերն իրենց դռները հյուրընկալորեն կբացեն ՀՀ մոտ երկուսուկես միլիոն ընտրողների առջեւ: Հուսով ենք՝ քվեարկությունը կանցնի բարձր խանդավառության պայմաններում՝ առանց անառողջ միջադեպերի:
Հատկանշական է, որ ընտրություններից առաջ EMPIRICA առաջատար հետազոտական-խորհրդատվական ընկերությունն անցկացրել էր հանրային կարծիքի ուսումնասիրություն, ըստ որի՝ հավակնորդներից գործարար Սամվել Կարապետյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ խիստ մրցակցային իրավիճակ է ստեղծվել. համապետական հարցման արդյունքով երկու գործիչների աջակցությունը գրեթե հավասար էր. ուղղակի ընտրության դիպաշարերում Կարապետյանի աջակցությունը կազմում էր 35 տոկոս, Փաշինյանինը՝ 34: Երեւանում Կարապետյանն ունեցել է աջակցության ավելի արտահայտված առավելություն՝ 49 տոկոս՝ Փաշինյանի 24 տոկոսի դիմաց:
Հարցումներն արտացոլել են նաեւ ՀՀ կառավարության նկատմամբ հանրային դժգոհության բարձր մակարդակը. Երեւանում հարցվածների 75, իսկ համապետական մակարդակում՝ 61 տոկոսը բացասաբար է գնահատել Փաշինյանի գործունեությունը: Եթե դրան հավելենք նաեւ հիմնական ընդդիմադիր ուժերի օգտին վկայող աջակցության նկատելի աճը, ինչը նույնպես արձանագրված է EMPIRICA-ի հետազոտություն մեջ, պարզ կդառնա ոչ իշխանական կողմին կամ, Փաշինյանի սիրած եզրաբանությամբ, «Եռագլուխ ընդդիմադիր կուսակցությանը» տրված նախապատվությունը: Այս համատեքստում, ըստ էության, պակաս կարեւոր չէ կողմերի նախընտրական քարոզարշավային վարքագիծը:
Միջին վիճակագրական ընտրողը ընդդիմության նախընտրական այցերի ժամանակ ծանոթանում էր կոնկրետ առաջարկվող ծրագրերին, մոտեցումներին ու տեսլականներին՝ չհաշված ջերմ, հաճելի մթնոլորտը, իսկ իշխանական թեւի հանդիպումներում բախվում էր բարձր պաշտոնյային ոչ հարիր հիստերիկ դրսեւորումների, անզսպվածության, մարդկանց հանդեպ վիրավորական արտահայտությունների, հոգեկան անհավասարակշռության տեսարանների եւ այլն: Մի դեպքում քաղաքացին տուն է վերադառնում գոհ, իր հարցերի պատասխանները ստացած, մյուս դեպքում՝ վհատ, քոռ ու փոշման՝ անտեղի վատնած ժամանակի ու ջղերի համար: Այս ամենը, անշուշտ, իր կնիքն է թողնելու ընտրությունների վերջնարդյունքի վրա:
Այդ իմաստով վաղվա քվեարկությունը մեծ խորհուրդ ունի՝ այն վտանգված Հայաստանի ապագայի մասին է եւ, դրանով պայմանավորված, յուրաքանչյուր քվեի գինը շատ բարձր է, որպեսզի հենց այնպես՝ աննպատակ մսխվի, տրվի քամուն: Ամեն «սխալ» քվե մի քար է լինելու՝ պոկված մեր պետական կառուցվածքի հիմքից: Հունիսի 7-ին տանը մնալը ոչ այլ ինչ է, քան դասալքություն: Գիտակցումը, թե որքան կարեւոր է քվեարկությանն ամենքիս ներկայությունը, պետք է լինի անսակարկելի ուղենիշ, հրամայական պահանջ, քանզի իր քվեով մեզնից յուրաքանչյուրը վաստակում է պետականություն ունենալու սեփական իրավունքը, արժանապատվությունը, ջարդում այն արատավոր շղթան, որը սպառնում է պետության կործանմանը:
Ընթացիկ խորհրդարանական ընտրություններն, ինչպես երբեւէ, մեծ առաքելություն ունեն: Պարտության դառնությունը ճաշակած երկիրը սուր կարիք է զգում նոր առաջնորդության, նոր գաղափարի եւ նոր լուծումների: Գալիս է խայտառակության ու պարտությունների էջը միասնաբար փակելու, հայկական օրակարգն առաջ մղելու ժամանակը, եւ այդ ժամանակը հունիսի 7-ն է՝ բոլորիս ու յուրաքանչյուրիս պատասխանատվության օրը: Դավաճան է նա, ով այդ օրը նստեց տանը:
«Հայացք Երեւանից»

