Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ուկրաինայո՞ւմ է վճռվում Հայաստանի ճակատագիրը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Բրիտանացի գեներալ, քաղաքական եւ ռազմական գործիչ Հասթինգս Լայոնել Իսմեյը 1952-1957թթ. եղել է ՆԱՏՕ-ի առաջին գլխավոր քարտուղարը: Նա պատմության մեջ հայտնի է թեւավոր դարձած մի արտահայտությամբ, որով բնորոշել է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության նպատակը. «ՆԱՏՕ-ի դերը ռուսներին դրսում պահելն է, ամերիկացիներին՝ ներսում եւ գերմանացիներին՝ խնամակալության ներքո»:

Իսմեյը եւս մեկ ուշագրավ արտահայտություն ունի, որը նույնպես ՆԱՏՕ-ի ապագային է վերաբերում. «Ես վստահ եմ, որ այսօրվա որոշումը մասնակի է՝ ուղղված սրտի պահպանությանը։ Սակայն նա պետք է տարածվի, մինչեւ ողջ ազատ աշխարհը կհայտնվի մեկ միասնական հովանոցի տակ»։ Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի հովանոցի տակ, առաջին հերթին, Եվրոպան պետք է հավաքվի։

Այսօր աշխարհում առկա լարված մթնոլորտը, որը պատերազմով է շնչում, կարծես թե, ծրագրված է Իսմեյի բանաձեւերով։ Նրա ժամանակաշրջանում կար «Սառը պատերազմ», որն աշխարհը բաժանել էր երկու մասի, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո «հովանոցը» մեծանալու հնարավորություն ստացավ։ Այժմ Ռուսաստանի եւ հավաքական Արեւմուտքի միջեւ նոր «սառը» կամ, նույնիսկ, «տաք» պատերազմի հավանականություն է ստեղծվել։ Սա խիստ վտանգավոր հեռանկար է, անգամ եթե պատերազմ տեղի չունենա (միջուկային տերությունների միջեւ այն անհնար է երեւակայելը)։

Ինչպես տեսնում ենք, ՆԱՏՕ-ի ընդարձակումը ծրագրված էր հենց այդ կազմակերպության սկզբնական փուլում եւ ուներ գաղափարախոսական հիմնավորում՝ միավորել «ազատ աշխարհը»՝ Արեւելյան Եվրոպան, որն այն ժամանակ Սովետական կայսրության ազդեցության տակ էր։ Ազատության, ժողովրդավարության մասին տարբեր փիլիսոփայական պատկերացումներ ու հավատալիքներ կան, սակայն գաղտնիք չէ, որ աշխարհը եսասիրական շահերի վրա է կառուցված, իսկ խաղաղությունն ու պատերազմը որոշվում են ուժերի հավասարակշռության (բալանս) սկզբունքով։

Հիմա այդ հավասարակշռությունը խախտվում է։ Խաղաղության հարցը որոշվում է միջազգային հարթակում նոր ուժերի հավասարակշռության ամրագրմամբ, որն, ըստ էության, նոր աշխարհակարգ կոչվածն է, որի շուրջ էլ պետք է կայանան նոր պայմանավորվածությունները։ Հիմա այդ նոր պայմանավորվածությունների համար է, որ շիկացել է իրավիճակը։

Արցախյան պատերազմի բերումով Հարավային Կովկասում եւս խախտվեց ուժերի հավասարակշռությունը։ Եվ դա միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եղած ուժերի հավասարակշռությանը չի վերաբերում: Խոսքը նաեւ ուժերի այն բալանսի մասին է, որը 44-օրյա պատերազմից առաջ գոյություն ուներ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է կամ, ինչպես ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն են ասում, «արժեքավոր դաշնակիցը», Իրանը նրա պաշտոնական թշնամին է, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը եւս պաշտոնական թշնամի հայտարարվելու ճանապարհին է։

Նմանօրինակ դասավորությունից հասկանալի է դառնում, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ուղղակիորեն նաեւ մեզ է առնչվում: Իսկ, միգուցե, մենք շատ ավելի խոցելի վիճակում ենք, քան բուն Ուկրաինա՞ն: Մտածելու բան է:

Չի բացառվում, որ Ուկրաինայի շուրջ ծավալվող զարգացումների հանգուցալուծման վերջնական արդյունքով է որոշվելու Հայաստանի ճակատագիրը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: