Երեքշաբթի, Հունվարի 13, 2026

Խմբագրական

Նախկիններ եւ ներկաներ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Նախկիններ-ներկաներ խոսույթը 2018-ի «թավշյա» իշխանափոխության արատավոր հետեւանքներից է, որը խոր արմատներ է ձգել հասարակության մեջ: Իշխանական եւ իշխանամերձ շրջանակները նախկինների գործոնն օգտագործում են որպես սեփական ձախողումները, սայթաքումները պարտակելու միջոց։ Յոթուկես տարի է՝ նախկիններին է վերագրվում ՀՀ-ում ամեն վատ բան՝ սկսած 1990-ականների վերջերին Մեղրիի շուրջ տարածքային փոխանակման օրակարգով Քոչարյան-Ալիեւ (ավագ) բանակցություններից, մինչեւ Արցախի հանձնում, երբ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու համաձայնագիրը:

Նույնիսկ այս վերջին ակնհայտ փաստը իշխանական քարոզչամեքենան խեղաթյուրելով՝ հասցեագրում է նախկիններին՝ մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահին, որը պետական համակարգում արդեն ավելի քան քառորդ դար չի պաշտոնավարում: Այդ հանգամանքը, սակայն, ՔՊ-ական փոքրիկ խմբակին բնավ չի խանգարում պնդել ու իր կողմնակիցներին հավատացնել, որ Արցախը Ռոբերտ Քոչարյանն է հանձնել. «խեղճ Նիկոլը ի՞նչ անի, Ռոբն ու Սերժն են տվել Ղարաբաղը»: Իսկ հանդիպակաց հարցին, թե «այդ դեպքում ինչո՞ւ չէր Ալիեւը միանգամից վերցրել, այլ 12 տարի անց որոշել է պատերազմով նվաճել, իմաստը ո՞րն է»: ՔՊ-ականն այս հարցի պատասխանը չունի, ուսերն է թոթվում:

«Նախկինների» թեման իշխանությունների համար եւս մեկ կարեւոր գործառույթ ունի՝ հասարակությունը բաժանել թեւերի եւ նրանց միջեւ սերմանել փոխադարձ ատելություն, թշնամանք, ինչը թույլ կտա զանգվածներին դարձնել առավել կառավարելի: Այդ առումով «նախկին-ներկա» գծապատկերի ենթատեսակներից են նաեւ «հայաստանցի-ղարաբաղցի», «մենք-նրանք» խոսույթները, որոնք նույնպես լայնորեն կիրառվում են իշխանության կողմից՝ որպես ժողովրդի ուշադրությունը ներքին ու արտաքին մարտահրավերներից, օրվա հրատապ խնդիրներից շեղելու միջոց: Այսպես, իշխող քաղաքական համակարգը (այսինքն՝ «ներկաները») կարողանում է ճարպկորեն մանիպուլացնել իր նախորդների (այսինքն՝ «նախկինների») գործոնը:

Փաստացի՝ այս երկուսից որեւէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունի, սրանք իրար արժեն: Հայտնի ասացվածքը մի փոքր վերափոխելով՝ կարող ենք ասել, որ «ներկան»՝ դա լավ մոռացված «նախկինն» է: Բայց ժողովրդի մեծամասնությունը ոչինչ չի մոռացել. նա հավասարապես չի ընդունում ո՛չ նախկիններին եւ ո՛չ էլ, առավել եւս, ներկաներին, որոնք պարտության, կորուստների ու մահվան խորհրդանիշ են: ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու մեջ արմատացած այդ խոսույթը նրա կողմից ընկալվում է որպես ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա գործիչներից այլեւս ձերբազատվելու անբռնազբոս ցանկություն։ Հայաստանում այժմ գերազանցապես կա հասարակության կամ, ավելի ճիշտ, ազգի փոխակերպման սոցիալական պահանջ: Ընդ որում՝ խոսքը խորքային փոխակերպման մասին է:

Բանն այն է, որ հին ձեւով գործնականապես հնարավոր չէ եւ արդեն չի էլ ստացվի ապրել, իսկ ներկան անբարեհույս է, նվաստացուցիչ եւ հղի՝ ազգային ինքնության կորստով: «Նախկին-ներկա» խոսույթն իրականում անձանց մասին չէ, հին ու նոր կենսակերպերից, բարքերից, գաղջից հրաժարվելու եւ արմատական փոփոխություններ իրականացնելու մասին է՝ հասարակայնորեն պահանջված առողջ, անաղարտ մթնոլորտի ու բարենպաստ միջավայրի մասին: Այդպիսի միջավայր չհաջողվեց ստեղծել հետանկախական շրջանի երեք նախագահներից եւ ոչ մեկին: Կադրային քաղաքականության, մասնավորապես՝ քաղաքական սերնդափոխության համակարգը կարոտ մնաց խնամքոտ ձեռքի:

Երկրում տիրող այսօրվա ծանր, անմխիթար վիճակը երեկվա ապականված միջավայրի արգասիքն է: Ինքնին հայաստանյան քաղաքական միջավայրի ցուցիչ է այն, որ հնարավոր դարձավ Նիկոլ Փաշինյանի պես անհայրենիք, անուս մեկի պաշտոնեական վերընթացը: Ամո՛թ նրա նախորդներին՝ այստեղ երկու կարծիք լինել չի կարող:

 

«Հայացք Երեւանից»

Հունվարի 10 2026
Դեկտեմբերի 27 2025
Դեկտեմբերի 20 2025
Դեկտեմբերի 13 2025
Դեկտեմբերի 06 2025
Նոյեմբերի 29 2025

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: