Հունվարի 21-ին տեղի ունեցած՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցի, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ոլորտների առաջիկա միավորման մասին: «Խաղաղության ճանապարհով ընթացող երկու երկրների էներգետիկ համակարգերը աներկբա եւ միանշանակ միանալու են իրար ու փոխադարձաբար, նույն պայմաններով օգտվելու են ե՛ւ արտահանման, ե՛ւ ներմուծման հնարավոր գործարքներից»,- վստահեցրել է նա:
Սա բավական պատասխանատու, բայցեւ կասկածելի ու վտանգավոր հայտարարություն է, մանավանդ՝ եթե հնչում է Փաշինյանի շուրթերից: Չէ՛, վտանգն այն չէ, որ նա, իր բնույթին հարիր, ստում է,- ստելն այստեղ չարիքի փոքրագույնը կլիներ,- վտանգն այն կեղծիքն է, թե Երեւանն ու Բաքուն, իբր, նույն պայմաններով օգտվելու են համատեղ գործարքից: Պարզ է, որ այս երկրները չեն կարող փոխադարձության սկզբունքով համագործակցել: Թելադրողը միշտ Ադրբեջանն է լինելու՝ որպես պատերազմում հաղթած կողմ, եւ դա ոչ ոքի համար գաղտնիք չէ: Հետեւաբար՝ նրա տրամադրության տակ է գտնվելու հոսանքի կառավարման սարքը կամ, ինչպես ասում են, «ռուբիլնիկը»:
Բոլոր նրանց, ովքեր դրանում կասկածում են, կառաջարկենք թեթեւակի աչքի անցկացնել ամենաթարմ օրինակը՝ «Թրամփի ճանապարհ» հայտնի նախագիծը, որի շահառուներն են ծրագրում ընդգրկված ԱՄՆ-ն, Թուրքիան, Ադրբեջանը, բայց՝ ոչ Հայաստանը: Ավելին՝ Հայաստանը միակ տուժող կողմն է, որն իր տարածքի ամենահրապուրիչ հատվածը դրել է աշխարհաքաղաքական մակընթացությունների ու տեղատվությունների զոհասեղանին եւ մի կողմ քաշվել: Բայց վերադառնանք բուն թեմային՝ Հայաստան-Ադրբեջան էներգետիկ համակարգերի փաշինյանական օրակարգին, որը հայ-ադրբեջանական «խաղաղության» շրջանակում է եւ, ըստ էության, TRIPP նախագծի մաս է կազմում:
Այս նախագծի համաձայն՝ էլեկտրահաղորդման գծերի ու գազատարի կառուցման հարցը Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել էր դեռեւս անցած տարվա հոկտեմբերին՝ Կոպենհագենում, չնայած տակավին հստակեցված չէ, թե կողմերը երբ են գործնականորեն ձեռնամուխ լինելու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացմանը: Մի բան, սակայն, պարզ է՝ խնդիրն իր լուծումը կստանա, երբ կորոշի թուրք-ադրբեջանական զույգը: Այդուհանդերձ՝ խորհրդարանական ընդդիմությունն այս ծրագրում վտանգներ է տեսնում՝ մասնավորապես էներգետիկ համակարգի «ռուբիլնիկը» ադրբեջանական կողմին զիջելու առումով:
Մարդիկ չեն մոռացել անցած 80-ականները, երբ Ադրբեջանը պարբերաբար պայթեցնում էր ՀՀ մտնող գազատարը՝ էներգետիկ լուրջ հետեւանքներ առաջացնելով Երեւանի համար: ԱԺ-ի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը թշնամի պետության հետ մեր ռազմավարական կարեւորագույն ոլորտներից մեկի միացումը երկու երկրների բանակները միմյանց միացնելու հետ է համեմատում. «Կարո՞ղ է մի օր էլ բանակները միացնի, կարո՞ղ է ասի՝ օպտիմալ ծախսերը կազմակերպելու համար եկեք Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերը միացնենք: Նույն տրամաբանությունն է, ինչ ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ համակարգերի միացման դեպքում»:
Անշուշտ, կան վտանգները կառավարելու հնարավորություններ, որոնցից մեկն, օրինակ, փոխադարձ զսպման ու վերահսկման մեխանիզմների գործնական կիրառումն է: Դա թույլ չի տա, որ կողմերից մեկը միակողմանիորեն անջատի մյուսի լույսը, քանի որ վերջինս, իր հերթին, կունենա նույն հնարավորությունը: Բայց անկախ ամեն ինչից, Հայաստանը պետք է ամեն ջանք գործադրի՝ բազմազանեցնելու իր էներգետիկ համակարգն ու հաղթահարելու կախվածությունը մեկ երկրից՝ հատկապես եթե այդ մեկ երկիրը Ադրբեջանն է, որն ավելի շուտ կմարի հայոց լույսը, քան լույս կտա նրան: Ի դեպ՝ կա հիմնավոր կարծիք, որ երկու երկրների էներգետիկ համակարգերի միացման հեռահար նպատակը ՀԱԷԿ-ի փակումն է:
«Հայացք Երեւանից»

