Երկուշաբթի, Մարտի 01, 2021

Խմբագրական

Երբ քաղաքական կյանքի առանցքում մեղավորների փնտրտուքն է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մինչեւ 2018 թվականը եւ, հատկապես, դրանից հետո բոլոր խնդիրների համար մեղադրել ու մեղադրում են ժողովրդին։ Ժողովուրդն է մեղավոր, որ թույլ է տալիս կեղծվեն ընտրությունները, ժողովուրդն է մեղավոր, որ 2018-ին հավատաց ու 70 տոկոսից ավելի ձայն տվեց փողոցից իշխանության ղեկին հայտնված պոպուլիստներին ու կառավարման փորձ չունեցող անդեմ բիոզանգվածին, ժողովուրդն է մեղավոր, որ Արցախում կրած պարտությունից հետո չի ապստամբում եւ իշխանությունից չի հեռացնում արկածախնդիրների ու ապիկարների այդ հավաքածուին։

Ինչպես տեսնում ենք, ամեն ինչում ժողովուրդն է մեղավոր: Բայց քանի որ ժողովուրդ ասվածը հավաքական կերպար է՝ ստացվում է, որ անձնապես ոչ ոք մեղավոր չէ: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ մեղադրողները հակամարտ ճամբարներում գտնվող կուսակցությունների ներկայացուցիչներն են ու բացարձակապես կարեւոր չէ, որ նրանք եւս իշխանություն ունենալու ժամանակ չէին վայելում ժողովրդի լայն զանգվածների վստահությունը:

Այսպիսով՝ մեր քաղաքական կյանքի առանցքը դարձել է «ո՞վ է մեղավոր» հռետորական հարցը, բայց ոչ երբեք՝ «ի՞նչ անել»-ը։ Առաջինը քաղաքական ընդդիմության համար ինդուլգենցիա է եւ քաղաքական ճահճի վերածվելու միջոց, մինչդեռ երկրորդը՝ «ի՞նչ անել»-ը, ոչ միայն զարգացման հեռանկար է բացում ու քաղաքական կյանքը մղում ստեղծագործական հուն, այլեւ ազգային ընտրախավ (էլիտա) ձեւավորելու նախադրյալ է հանդիսանում։ Պարզ է, որ կառավարող ընտրախավ չի կարող ձեւավորվել, եթե նման հարց դրված չէ։ Միայն «ի՞նչ անել» հարցի պատասխանի փնտրտուքի հիման վրա կարող է ձեւավորվել քաղաքական ու մշակութային ընտրախավ, հետեւապես եթե քաղաքական ու հանրային կյանքի առանցքում այդ օրակարգը չկա, տեղի կունենա ընտրախավի դեգրադացում, այսինքն՝ այն, ինչի ականատեսն ենք այսօր։

Բայց եկեք նախ պայմանավորվենք, թե ինչ ասել է՝ ընտրախավ կամ էլիտա: Ոմանք էլիտա ասելով՝ հասկանում են բարոյական ու մտավոր տեսակետից ինչ-որ առանձնահատուկ որակներով աչքի ընկած մարդկանց, որոնց հասարակությունը վստահում է երկրի կառավարումը: Այս բնորոշումը մի փոքր թերի է. էլիտա ասելով՝ պետք է հասկանալ այն անձանց, ովքեր այս կամ այն հանգամանքների դասավորման ու ինքնաբերական (մեքենայական) գործընթացների արդյունքում հայտնվել են կառավարական լծակների մոտ եւ երկրի համար բախտորոշ որոշումներ են ընդունում։

Երբ տվյալ միջավայրում բացակայում է «ի՞նչ անել» հարցադրումը, բնականաբար, կառավարող էլիտայի մեջ չի կարող լինել ստեղծագործական բազմակարծություն, այսինքն՝ քաղաքական կյանք ու ապագայի հեռանկար։ Հայաստանում՝ սկսած 1988-ից, ընտրախավերի բազմակարծությունը՝ որպես քաղաքական մրցակցության մեխանիզմ, պարբերաբար ոչնչացվել է։

Անկախության շրջանի սկզբնական փուլում ՀՀՇ-ն ոչնչացրեց կոմունիստական էլիտան, որն ուներ կառավարման փորձ, սակայն բարոյապես պարտվել էր։ Հաջորդ փուլում պարտվեց ՀՀՇ-ի քաղաքական թեւը, եւ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ իշխանության եկավ պատերազմով անցած ուժային թեւը։ Պատահական չէր, որ Վազգեն Սարգսյանն իր թիմում ներգրավեց նախկին կոմունիստական ընտրախավի մնացուկներին, իսկ Քոչարյանը՝ ՀՀՇ-ից հալածված Դաշնակցությանը, ԱԺՄ-ին եւ մյուսներին։ Դրանով փորձ էր արվում կառավարման համակարգի հետ միասնացնել խաղից դուրս մնացած քաղաքական ընտրախավերին։ Դա լավ հնարավորություն էր, որպեսզի ձեւավորվեին երկու էլիտաների բուրգեր, որոնք միմյանց հետ կմրցակցեին: Սակայն դա, ավաղ, տեղի չունեցավ 1999-ի «Հոկտեմբերի 27»-ի պատճառով։

Վերջին երեսուն տարիների ընթացքում մի շարք փոփոխություններ են եղել, որոնցից յուրաքանչյուրը ցանկացած երկրի համար խորքային ցնցումների պատճառ կդառնար, եթե դա նույնիսկ հարյուր տարին մեկ պատահեր։ Մեզանում այդ ցնցումները տեղի են ունենում ընդամենը մեկ սերնդի կյանքի ընթացքում, երբ առնվազն երկու անգամ հիմնավորապես փոփոխվել է կառավարող էլիտայի կազմը, սակայն ամեն նոր փուլում գլուխ է բարձրացրել հին «հիվանդությունը»՝ շարունակվել է մեղավորների փնտրտուքը։

Հիմա նույնպես մենք այդ շրջապտույտի մեջ ենք ու հերթական անգամ կառավարող «էլիտան» ընդամենը իշխող մարդկանց խումբ է, այլ ոչ թե որակապես իրական ընտրախավ։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: