Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները գնալով լարվում են, եւ արդեն տարածում է գտնում այն գնահատականը, որ նրանց միջեւ նախապատերազմական իրավիճակ է հասունանում։ Թե որքանով է այդ գնահատականն իրատեսական, առայժմ դժվար է ասել, սակայն բանականությունը, այդուամենայնիվ, հրաժարվում է ընդունել մեծ պատերազմի հավանականությունը` հաշի առնելով, որ Ռուսաստանը միջուկային երկիր է, իսկ Թուրքիան` դեռեւս ՆԱՏՕ-ի անդամ, եւ նման առճակատումը գլոբալ հետեւանքներ կարող է ունենալ:
Բայց անկախ նման հոռետեսական դիպաշարի՝ այդ երկրների հարաբերությունների խիստ լարումը, որը փաստ է, չի կարող ազդեցություն չունենալ մեր տարածաշրջանի վրա։ Չմոռանանք, որ Հարավային Կովկասը, ըստ էության, այդ երկու երկրների ազդեցության միասնական գոտի է. Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանը՝ Ռուսաստանի: Չպետք է հաշվից դուրս թողնել նաեւ այն հանգամանքը, որ Վրաստանը ոչ բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, իսկ Թուրքիայի ազդեցությունը այնտեղ բավական մեծ է։
Ստեղծված իրավիճակը թույլ է տալիս զուգահեռներ անցկացնել 2016 թվականի հետ, երբ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները նույնպես լարված էին, եւ այդ հենքի վրա ապրիլին տեղի ունեցավ հայ-ադրբեջանական Քառօրյա պատերազմը։
Այս պահին Սիրիայում արդեն երկու երկրների ուղիղ բախման դեպքեր են արձանագրվել, իսկ նրանց «պրոքսիների» ազդեցության տակ եղած խմբավորումների միջեւ բախումներն արդեն սովորական երեւույթ են։ Դեպքերը սկսել են արագ թափով զարգանալ եւ, ինչպես ասացինք, կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, ուրեմն փորձենք այս ամենը դիտարկել Հայաստանի տեսանկյունից: Իսկ մինչ այդ, մի փոքր պատմական էքսկուրս կատարենք։
Մինչեւ հիմա եղած ռուս-թուրքական պատերազմները, որոնց թիվը հասնում է 12-ի, ունեն որոշակի օրինաչափություններ, եւ բացառված չէ, որ այժմ եւս դրանք կրկնվեն, եթե դեպքերն ընթանան ամենավատ դիպաշարով։ Գրեթե բոլոր պատերազմների ժամանակ թե´ ռուսները, թե´ թուրքերը փորձել են միմյանց թիկունքից հարվածել։ Թուրքերն օգտագործում էին Ռուսաստանի թյուրքալեզու ժողովուրդներին եւ, առհասարակ, մուսուլմաններին, որոնք Ռուսաստանի թիկունքում ապստամբություններ էին բարձրացնում։ Դա արդյունավետորեն խաղարկվեց հատկապես 19-րդ դարի կովկասյան պատերազմների ժամանակ, անգամ ռուս-չեչենական վերջին պատերազմում, երբ Թուրքիան անթաքույց աջակցում էր չեչեններին։ Նույնն անում էին ռուսները՝ աջակցելով օսմանյան Թուրքիայի քրիստոնյաներին եւ նրանց հրահրելով տեղի կառավարության դեմ։ Ասված խոսք կա՝ պատերազմի ժամանակ միջոցների մեջ խտրականություն չեն դնում։
Կարեւորը է նաեւ երկու ազգերի, այսպես ասած, «սակրալ» պահը՝ թուրքերի պատմական հայրենիքը՝ Ալթայը, Ռուսաստանի տարածքում է, իսկ ռուսների հոգեւոր հայրենիքը` Կոստանդնուպոլսում: Բայց սա արդեն զգայական տիրույթի գործոն է, ինչը եւս որոշակի հոգեբանական ազդեցություն ունի։
Անդրադառնանք մեր իրականությանը՝ արդյո՞ք ռուս-թուրքական ենթադրյալ պատերազմը կամ թեկուզ հարաբերությունների գերլարումը կարող են շրջանցել Հայաստանը, թե, այնուամենայնիվ, ոչ։ Ինչպես հուշում է պատմական փորձը ու նաեւ այսօրվա աշխարհաքաղաքական խճանկարը, մեծ է հավանականությունը, որ մեզ նույնպես կարող են ներքաշել այդ հակամարտության մեջ։ Պատահական չէ, որ ռուս-թուրքական հարաբերությունների լարման խորապատկերին օրերս՝ առաջին անգամ, Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգություն արձանագրվեց։
Սիրայում ստեղծված խրթին իրավիճակը Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին եւ մյուս դերակատարներին անլուծելի խնդրի առջեւ է կանգնեցրել։ Դա, ամենայն հավանականությամբ, ծուղակ է, որից ելքեր չկան։ Ըստ երեւույթին, Մեծ մերձավոր արեւելքը վերածվել է բազմաթիվ սառեցված ու թեժ հակամարտությունների մի ամբողջական կծիկի, որոնք ամուր փոխկապակցված են եւ միմյանց վրա շղթայական ազդեցություն ունենալու մեծ ներուժ ունեն։