Այս հարցի արդիականությունը Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտավ նույնքան հախուռն ու անսպասելի, որքան փետրվարի 17-ի ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահի այն բացահայտումը, թե «Հայաստան» դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու առաջիկա քաղաքական գործընթացներին՝ լինեն դրանք խորհրդարանական հերթական կամ արտահերթ ընտրություններ, թե փողոցային պայքարի մարտավարություն: Հենց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո էր, որ, չգիտես ինչու, հրատապ դարձավ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերողի փնտրտուքի թեման: Ավելին՝ այն դրվեց ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների աջակիցների միջեւ ծագած որոշակի լարվածության առանցքում:
Թե աշխարհաքաղաքական ու ներհայաստանյան այս խառնակ ժամանակներում ինչ «սեւ կատու» էր անցել ԱԺ «Հայաստան» դաշինքի եւ «Պատիվ ունեմ» խմբակցության միջեւ՝ կողմերն այնքան էլ հաճույքով չեն պարզաբանումներ տալիս «կրակին յուղ լցնելու» նախասիրություն ունեցող լրատվամիջոցներին, որոնք փորձում էին երկու ընդդիմադիր ուժերի լարվածությունը արտապատկերել Քոչարյան-Սարգսյան աշխարհայացքային տարաձայնությունների վրա: Ընդունված է համարել, որ Ռոբերտ Սեդրակիչը ավանդական պահպանողական գաղափարախոսության կրող է, իսկ Սերժ Ազատիչն ավելի հարում է ազատական-ժողովրդավարական թեւին՝ չնայած ժողովրդի զգալի մասի համար երկուսն էլ «մի սանրի կտավ» են:
Փոխադարձ մեղադրանքները, ըստ էության, այն խնդրի շուրջ են, թե ով, ի վերջո, 2018-ին բերեց ու ժողովրդի գլխին կապեց Նիկոլ Փաշինյան անհավասարակշիռ անձին, որից ազատվելն այսօր «Գորդյան հանգույց» է դարձել: Քոչարյանի աջակիցների թիրախում ՀՀ երրորդ նախագահն է, եւ ոչ անհիմն: Սերժ Սարգսյանը կարող էր օրինական միջոցներով զսպել Փաշինյանի սանձարձակությունները, բայց չարեց, երբ վերջինս փողոցներ ու արագաչափեր էր փակում: Անգամ՝ այն ժամանակ, երբ ջարդեց Հանրային ռադիոյի շենքի դուռը եւ «ուսապարկերի» խմբով ներխուժեց հատուկ պահպանվող ռազմավարական տարածք: Էլ չասած՝ ՀՀԿ-ից ստացած այն քվեների մասին, որ վարչապետ դառնալու համար նրան չէին հերիքում:
«Ո՞վ բերեց Նիկոլին» հարցը առաջին հայացքից հռետորական է, քանի որ պատասխանն ակնհայտ է՝ 2018-ի գարնանը նրան բերեցին «Սերժին մերժողների» ամենատարբեր խմբեր, որոնցից յուրաքանչյուրն իր հետաքրքրությունն էր հետամտում: Արտաքին խաղացողներն ունեին իրենց աշխարհաքաղաքական ծրագրերը, ՀՀ քաղաքացիների մի շարք խավեր էլ՝ իրենց դրդապատճառները: Վերջիններս բավական խայտաբղետ խմբեր էին, որոնցում ընդգրկված էին նույնիսկ ՀՀԿ-ի կոալիցիոն դաշնակիցներ, կուսակցության շարքային եւ ոչ շարքային անդամներ, գործարարներ, արտաքին ազդեցության գործակալներ, ազգային ու սոցիալական քաղքենիներ, փոփոխություններ տենչող քաղաքացիներ, գործազուրկներ, մոլորյալներ, մի խոսքով՝ «խելագարված ամբոխներ»:
Սերժին մերժում էր՝ ով ասես, նա հոգնեցրել էր բոլորին, երկիրը մտցրել փակուղի: Սերժը եւ արդարությունը անհամատեղելի էին, նա չուներ Արցախի խնդրի լուծման քաղաքական ձեւակերպումը եւ կանխատեսում էր, որ «Ստեփանակերտը» մի օր երգ է դառնալու մեր շուրթերին, ինչպես Կարսն ու Ադանան։ Սերժը դիտավորյալ, թե չգիտակցված՝ կյանքի ուղեգիր տվեց «Ելք» դաշինքին, որի ամենաբարոյազուրկ, հակապետական, բայց եւ մարտունակ դեմքը Նիկոլն էր՝ արհեստավարժորեն ամեն ինչ մերժողը՝ այդ թվում Արցախը, մեր 30-ամյա պատմությունը, ազգային-պետական խորհրդանիշները:
Այս ամենով հանդերձ՝ «ո՞վ բերեց Նիկոլին» հարցը սկզբունքորեն շատ ավելի խորն է, քան կարող է թվալ, որովհետեւ նիկոլը սոսկ անձ չէ, այլ «հիվանդության» իր օջախն ունեցող ախտանիշ: Դա մեր միջավայրն ու մթնոլորտն է, որոնք հնարավոր են դարձնում պայմանականորեն նիկոլների առաջացումը: Միջավայր, որի ձեւավորման մասնակցները բոլորս ենք՝ հետանկախական շրջանի բոլոր երեք ղեկավարների առաջնորդությամբ: Այդ միջավայրն է, որ ապաքինման հույժ կարիք ունի: