Երկուշաբթի, Ապրիլի 28, 2025

Խմբագրական

Սողացող կապիտուլյացիա

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի խնդիրը, որով Նիկոլ Փաշինյանն արդեն չորս տարի երկրում ու երկրից դուրս բոլորին մի լավ ձանձրացրել է, կարծես թե, հասավ լուծման բարձրակետին: Մարտի 13-ին կողմերը պաշտոնապես հայտարարեցին, որ փաստաթղթի 17 կետերն այլեւս երկուստեք համաձայնեցված են, եւ այն ամբողջությամբ պատրաստ է ստորագրման: Փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտը ողջունեցին աշխարհի մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններ, միջազգային կառույցներ եւ այլք: Սակայն բանակցությունների ավարտմամբ՝ ՀՀ- ում անվտանգության առումով հոգեմաշ սպասումների ու հուսաբեկությունների պարբերաշրջանը չավարտվեց:

Եվ, չնայած իշխանությունների հավաստիացումներին, թե հանրությունն, իբր, քաջածանոթ է պայմանագրի տեքստին, իրականում ՀՀ հասարակության լայն շերտերն անտեղյակ են փաստաթղթի բովանդակությունից, քանի որ բանակցային գործընթացները, ինչպես միշտ, իրականացվել են ժողովրդի թիկունքում: Չարաբաստիկ 17 կետերին անհաղորդ են անգամ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, որոնց հասանելիությունը գաղտնի տեղեկությանը շատ հաճախ ապօրինաբար սահմանափակվում է անձամբ իշխանության բարձրագույն կրողի կողմից: Այն անձի, ով ժամանակին լրագրողների հարցերի առնչությամբ, թե ինչ եք բանակցում Ադրբեջանի հետ, հոխորտում էր. «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»:

Հայաստանին վերաբերող ամենակարեւոր տեղեկությունների, հայտարարությունների եւ այլ նյութերի մասին մենք իմանում ենք ադրբեջանական աղբյուրներից կամ ուղղակի այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարների հայտարարություններից: Իսկ մերոնք՝ «ինչ պետք է, այն էլ բանակցելով», հանձնեցին ինքնորոշման եւ ինքնիշխանության ուղին բռնած Արցախը՝ երկրորդ հայկական օրինակարգ հանրապետությունը, այժմ էլ ստուգապես հող են նախապատրաստում Մայր Հայաստանը առնվազն մասնատելու համար, ինչի առհավատչյան, թերեւս, խաղաղության պայմանագրի անվան տակ «ծպտված» 17 կետերն են՝ որպես 17 յաթաղանակիր ենիչերիներ:

Ամենայն հավանականությամբ՝ տեւական ժամանակ դեռ չհամաձայնեցված երկու կետը ավելի քան 10 անգամ Երեւանից Բաքու ուղարկվելուց եւ անփոփոխ վերադարձվելուց հետո հայկական կողմը ստիպված է եղել հանել իր առաջարկները եւ համաձայնվել մյուս կողմի ձեւակերպումների հետ, միայն թե պայմանագրի շուտափույթ ստորագրմանը խոչընդոտող հանգամանքը վերանա, որովհետեւ այդ «թղթի կտորը» Փաշինյանի համար հիվանդագին մտասեւեռում է՝ իդեա-ֆիքս: Դա հետպատերազմյան վերջին 4 տարվա՝ նրա միակ երեւացող «վաստակն» է, որին կարողացավ հասնել ձվածեղներ պատրաստելուց, հեծանիվ վարելուց եւ մյուս մանր-մունր նախասիրություններից ազատ ժամանակ:

Փաստաթղթի վերջին երկու կետերից մեկը, որի շուրջ համաձայնությունը գրեթե 4-5 ամիս չէր կայանում, սահմանից երրորդ ուժերի՝ եվրադիտորդների դուրսբերմանն է առնչվում, իսկ մյուսը՝ փոխադարձության սկզբունքով միջազգային դատական հայցերի հետկանչին։ Հայկական կողմն առժամանակ համառում էր կամ ձեւացնում էր, թե համառում է, քանի որ երկու կետն էլ ակնհայտորեն Ադրբեջանի օգտին են. դիտորդներին սահմանից հանելը նշանակում է ազատություն տալ Ալիեւի ձեռքերին, ինչը հղի է տխուր հետեւանքներով, իսկ դատական հայցերի փոխադարձ չեղարկումները բնավ համարժեք զիջումներ չեն: Ադրբեջանի երկու թույլ, չանցողիկ հայցերի դիմաց ՀՀ-ն զիջում է 5 ծանրակշիռ հայցեր, որոնցից Ալիեւը սարսափում է:

Առանց սխալվելու մտավախության կարելի է պնդել՝ Ադրբեջանի օգտին են նաեւ մյուս 15 կետերը, որոնք զուտ ադրբեջանական «ծագում» ունեն, եւ որոնք ՀՀ իշխանությունները խուսափում են հրապարակել: Երեւանի որդեգրած զիջողական քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան պետականակործանման տանող ճանապարհ, որին բնորոշ է թշնամու կողմից պատերազմի ուրվականով պարբերաբար հակառակորդին ահաբեկելու միջոցով առավելագույնը ստանալու մարտավարությունը: Սա սողացող կապիտուլյացիա է, որը, դատելով Ադրբեջանի ղեկավարության առավելապաշտական նկրտումներից, ավարտ չի ունենալու՝ ինչքան էլ «թղթեր» ստորագրվեն: Եվ դեռ հարց է՝ կստորագրի՞ Ալիեւը խնդրո առարկա համաձայնագիրը, թե՝ ոչ:

Նա արդեն իսկ նոր գին է նշանակել իր ստորագրության համար՝ ՀՀ Սահմանադրության փոփոխում, «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ» կատարած նշանավոր գործիչների արտահանձնում, ԶՈՒ անձնակազմի կրճատում, բանակի զինաթափում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում եւ այդպես շարունակ: Միայն այս նախապայմանների փաստացի կատարման դեպքում նա կստորագրի խաղաղության պայմանագիրը, ինչպես հայտարարել է: Բաքվի բռնապետը հաստատ խաղաղությունը ստրկության հետ է շփոթել:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: