Արցախում 2016-ի ապրիլյան պատերազմի երրորդ տարեդարձը Հայաստանում քննարկումների աննախադեպ ալիք էր բարձրացրել: Իշխանափոխությունից հետո երկրում կարելի էր սպասել նման իրարանցում, քանի որ մինչեւ հիմա չկան այդ օրերի ռազմաքաղաքական եւ դիվանագիտական իրադարձությունների վերաբերյալ շատ հարցերի պատասխանները: Վարչապետի խորհրդականի պաշտոնում բանակի հետախուզության նախկին ղեկավարի նշանակումն ավելի էր խորացրել նախորդ իշխանությունների բարեխղճության հանդեպ եղած կասկածները: Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չկան որեւէ հիմքեր՝ պնդելու, թե ռազմական գործողությունների նախօրյակին թերացումներ են եղել հետախուզական տվյալների բացակայության հարցում: Չի մոռացվել, որ պատերազմից հետո բարձրաստիճան պաշտոնյաները ինտենսիվ կերպով համոզում էին հանրությանը, թե ադրբեջանական բանակի հարձակումն անակնկալ էր Արցախի պաշտպանության բանակի ղեկավարության համար: Թեպետ արդեն այդ ժամանակ շատ արագ ի հայտ եկան փաստեր, որոնք հաստատում էին նախկին իշխանությունների նման պնդումների չհիմնավորվածությունը:
ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում դարձյալ հայտնվեցին այն կասկածները, որ ապրիլյան պատերազմն արկածախնդրություն էր, եւ դրանից անմասն չէին նաեւ այն ժամանակվա բարձրաստիճան պաշտոնյաները: Նմանատիպ կասկածները գլխավորապես պայմանավորված են նրանով, որ նախկին իշխանությունների այս կամ այն որոշմանը ցայսօր որեւէ հասկանալի պարզաբանում չի տրվել: Մասնավորապես՝ անպատասխան է մնացել հետեւյալ հարցը. ինչո՞ւ քաղաքական ղեկավարությունն արգելեց շփման գծում կորցրած դիրքերը վերադարձնելու ուղղությամբ բանակի գործողությունները: Հայաստանի նոր կառավարության՝ գործի հետաքննություն անցկացնելու խոստումները շատերին չեն գոհացնում. ապրիլյան պատերազմի թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու պահանջներ են ի հայտ եկել: Այսպես թե այնպես՝ երկրի նոր իշխանությունները ստիպված են լինելու մանրակրկիտ զբաղվել այս խնդրով:
Բուն ապրիլյան պատերազմը՝ անկախ նրա հակասական գնահատականներից, օբյեկտիվորեն հանգեցրեց հասարակության բոլոր շերտերի եւ, առաջին հերթին, իշխող վերնախավի քաղաքական մտածողության արմատական փոփոխությանը: Գործածության մեջ են դրվում գաղափարներ, որոնց էությունը շատերի համար անհասկանալի է: Նկատելի է, որ բանակի ղեկավարությունը պաշտպանության նոր հայեցակարգ է մշակում, որի հիմքում դրված է նոր պատերազմ սանձազերծելու դեպքում հակառակորդին պատժելու թեզը: Պատժողական մարտավարությունը վերջին տասնամյակում ցույց է տալիս իր արդյունավետությունը ողջ աշխարհում: Պաշտպանության նախարարի՝ «տարածքներ նոր պատերազմի դիմաց» թեզը, որը գործնականում նշանակում է մարտական գործողությունների տեղափոխում թշնամու տարածք, վկայում է ռազմական դոկտրինի արմատական վերանայման մասին: Անկասկած՝ հայոց բանակի համար հեռահար գերճշգրիտ զենքի առկայության դեպքում նոր դոկտրինը կարելի է ընկալել որպես թշնամուն արդյունավետորեն զսպելու միջոց: Բացի դրանից, այն կարող է զրոյացնել երկար տարիներ Ադրբեջանի կողմից կիրառվող «ռազմական դիվանագիտությունը», որը նպատակ ունի ճնշում գործադրել բանակցային գործընթացի վրա: Շփման գծում նպատակամիտված սադրանքների համար թշնամին ստիպված կլինի անհամաչափ գին վճարել:
Լիովին փոխվում են արցախյան հիմնախնդրի կարգավորման դիվանագիտության պայմանները եւ Հայաստանի վարչապետի նոր մոտեցումները: Բանակցությունները հակամարտության կողմերի իրավունքներին եւ պատասխանատվությանը համապատասխան վարելու առաջարկությունը նեղացրել է Ադրբեջանի՝ կարգավորման իմաստը Հայաստանի կողմից տարածքային զիջումների հանգեցնելու հնարավորությունները: Ըստ էության, Հայաստանը դադարում է քննարկել կարգավորման նախագծի այն տարրերը, որոնց համար պատասխանատվություն չի կրում: Ադրբեջանին առաջարկվում է Արցախի ղեկավարության հետ քննարկել այդ տարրերը: Ադրբեջանը չի կարող սրա հետ համաձայնվել, բայց չի կարող նաեւ բացատրել իր մերժումը: Նրա ամբողջ հույսը կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման հետ, որոնք իներցիայով ցանկանում են բանակցային գործընթացում պահպանել առաջվա մթնոլորտը:
Բայց որքա՞ն երկար դա կարող է շարունակվել: Ժամանակները սրընթաց փոխվում են... 90-ականների մոտեցումները կորցնում են իրենց արդյունավետությունը: Բոլորը ստիպված են փոխվել: