Այս հարցը միանշանակ պատասխան չունի: Հանրային խոսույթում եւ փորձագիտական քննարկումներում շրջանառվող երկու հնարավոր տարբերակներից ոչ մեկի գոյության իրավունքը չի կարելի բացառել: Այսպես՝ բոլոր նրանք, ում ընկալումները բացասական են, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը բացառողները, հղում են անում վերջինիս ստախոսությանը, անլրջությանը, հայրենադավությանն ու առաջնորդին ոչ վայել էլի շատ հատկանիշների, որոնց հանրագումարում էլ ձեւավորվել է այդ գործչի ու նրա ղեկավարած «Քաղպայմանագիր» կուսակցության աննախադեպ ցածր վարկանիշը: Կառավարող ուժի նկատմամբ հանրային վստահությունը հասել է իր պատմական նվազագույնին:
Հակադիր տարբերակին հակվածների խումբը, ընդհակառակն, վստահ է, որ Փաշինյանը կհաջողի՝ ապավինելով վարչական ու ֆինանսական պաշարամիջոցների տիրապետելու իր առավելությանը եւ կիրառելով ընտրակեղծիքներ ու բռնություններ: Բացի դրանից, նա աջակցություն է ստանում եւ, ըստ երկրորդ խմբի, շարունակելու է ստանալ միջազգային ուժի կենտրոններից, որոնց ուշիմ կամակատարն է ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքական շատ հարցերում: Այս տարբերակի կողմնակիցները՝ որպես Փաշինյանի օգտին աշխատող հաղթաթուղթ են դիտարկում նաեւ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաեւ զինծառայության ժամկետը 18 ամիս դարձնելու մասին ամբոխահաճո օրենքի ընդունումը:
Անշուշտ՝ Փաշինյանը ձեռքերը ծալած նստած չէ: 2026թ. հունիսի 7-ին նախատեսված ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական արշավը նա փաստացի սկսել է առնվազն մեկ տարի առաջ, երբ այս ամռանը Թուրքիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Էրդողանին հրավիրեց՝ մասնակցելու 2026թ. մայիսին Երեւանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին: Չպետք է բացառել, որ այդ միջոցառումը հատուկ հարմարեցված է Փաշինյանի նախընտրական քարոզարշավի օրերին՝ որպես եվրոհամայնքի կողմից յուրովի աջակցության տարր: Իսկ Էրդողանի եւ Ալիեւի (որը եւս հրավիրված է) ներկայությունը նրա համար ցանկալի է՝ կարեւորելու իր միջազգային իմիջն ու նշանակալիությունը:
Ի դեպ՝ ընտրություններից մոտավորապես ութ ամիս առաջ արդեն հայտնի է, թե ովքեր են լինելու «Քաղպայմանագիր» կուսակցության հիմնական մրցակիցները. դրանք են՝ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի նորաստեղծ «Միասնության թեւեր» նախաձեռնությունը, ինչպես նաեւ «Մեր ձեւով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը հունիսի 18–ից ապօրինաբար կալանավորված գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանն է։ Ակնհայտ է՝ առջեւում խիստ լարված մրցապայքար է սպասվում, եւ իշխող ՔՊ-ն, մասնավորապես՝ Փաշինյանը, ջանքեր չի խնայում իր վերարտադրման համար նպաստավոր նախադրյալներ ստեղծելու առումով:
Նա հասկանում է, որ պարտությունն ընտրություններում՝ իր վերջն է լինելու, ուստիեւ չի թուլացնում պայքարի ուժգնությունն ամենատարբեր ուղղություններով՝ առանց բաց թողնելու հաջողություն խոստացող ամենաչնչին սողանցքն անգամ: Միայն մեկ օրինակ. այս տարվա հունիսի 6-ին ՀԷՑ-ի սեփականատերը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ առ այն, որ առաջին կիսամյակի կտրվածքով կա հնարավորություն մինչեւ 10 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, ինչը մերժվել էր: Օրեր առաջ հայտը կրկնվեց «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի կողմից, եւ դարձյալ մերժում ստացավ: Ասում են՝ իշխանությունը չի ուզում, որ հանրությունը շնորհակալ լինի Սամվել Կարապետյանից:
Դե, իհարկե, բարերարը շատերի խանդն է շարժում. չէ՞ որ նրա վարկանիշը, առանց այդ էլ, ամենաբարձրն է: Խանդը՝ խանդ, բայց իշխանությունների մտադրությունները, կարծես թե, ավելի հեռուն են գնում: Նրանք համարում են, որ շատ ավելի լավ է՝ Կարապետյանին անօրինաբար պահել ԱԱԾ նկուղում, իսկ ՀԷՑ-ի՝ 2025թ. ընթացքում տնտեսած ավելի քան 6 մլրդ. դրամ գումարի հաշվին հոսանքի սակագնի իջեցման հարցը վերանայել անմիջապես ընտրություններից առաջ, որպեսզի այն վերագրվի Նիկոլ Փաշինյանի բարեհաճությանը:
«Հայացք Երեւանից»

