Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

…Իսկ «Սերգո ջանը» շարունակում է վատ ապրել

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Իննսունական թվականներին Հայաստանի որոշ շրջանակներում առկա էր այն համոզմունքը, որ պետք է Արցախը զիջելու գնով գնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, հակառակ դեպքում Հայաստանը զարգացման հնարավորություն չի ունենա: Նման գաղափարի կրողները շատ էին այն ժամանակվա իշխող ՀՀՇ կուսակցությունում: «Լավ չես ապրելու, Սերգո ջան» արտահայտությունը՝ որպես թեւավոր խոսք, հենց հհշական տարիների մտածողություն է:

Նման տեսակետ եղել է նաեւ հեռավոր 1920 թվականի Հայաստանում: Պատահական չէ, որ երկու պարագայում էլ Թուրքիայի միջոցով փորձ էր արվում մտնել Արեւմուտքի քաղաքական արեալ, ինչը ինքնին արտաքին քաղաքական կողմնորոշման բնույթ ուներ։ Երկու դեպքում էլ արդյունքները ողբերգական էին։

Դա խորքային համոզմունք էր այդ մարդկանց մեջ, բայց քանի որ 1988-ից սկսած Արցախի հարցը դարձել էր ազգային ծրագիր, առավել եւս՝ 90-ական թվականների հաղթանակներից հետո, նմանօրինակ մտայնությունները մարգինալացվեցին, սակայն բուն համոզմունքն ու դրա գաղափարակիրները՝ մնացին: Գործող վարչապետը հենց այդ շրջանակի միջոցով էր մտել լրագրություն, իսկ հետո՝ քաղաքականություն:

Համարվում էր, որ արցախցիների ու արցախյան ծագում ունեցողների համար զիջողական դիրքորոշումը հասկանալի պատճառով ընդունելի չէր կարող լինել, հետեւաբար հենց այդ շրջանակների կողմից էր առաջ տարվում հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը: Նման քարոզչություն էր իրականացնում նաեւ գործող վարչապետը: Դրանում համոզվելու համար բավական է ընդամենը աչքի անցկացնել նրա այդ տարիների հոդվածները։

Ինչպես 1920-ին, այնպես էլ հիմա, պարզ դարձավ, որ Թուրքիային ու Ադրբեջանին ոչ թե Արցախն է հետաքրքրում, այլ՝ Հայաստանը, որը խանգարում է նրանց ֆիզիկական միավորմանը: Պատահական չէր, որ հենց Աթաթուրքի պահանջով Նախիջեւանն անցավ Ադրբեջանին, իսկ 30-ական թվականներին Իրանի հետ տարածքների փոխանակման միջոցով Նախիջեւանն ու Թուրքիան ձեռք բերեցին ցամաքային սահման: Դա թուրքերի ու ադրբեջանցիների համար վաղուց գծագրված ազգային ծրագիր է, իսկ Արցախը խոչընդոտում էր այդ նախագծի իրականացմանը:

Եթե ուշադիր քննենք 2018-ից հետո ձեւավորված ԱԺ-ի քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների կենսագրությունները, կտեսնենք, որ նրանց մի զգալի հատվածը հենց խնդրո առարկա տեսակետի կրողներ են, որոնց խնամքով ընտրել ու պատրաստել են տարիների ընթացքում։

Արցախյան երկրորդ պատերազմի սկիզբը պետք է համարել 2018-ի խորհրդարանական ընտրությունները, որոնք այդ քաղաքական հոսանքի համար «հաջող» էին, եւ պատերազմն արդեն երաշխավորված էր: Այդ պատերազմի ժամանակ եւ դրանից առաջ տեղի ունեցած «տարօրինակ» իրադարձությունները, կարծես թե, ստանում են կոնկրետ տեսք ու տրամաբանություն։

Ծրագիրը դեռ չի ավարտվել, եւ գործող խորհրդարանի անդամները՝ իշխանություն, թե ընդդիմություն, գիտակիցներ, թե անգիտակիցներ, խոսողներ, թե լռողներ, կրում են այս ամենի պատասխանատվությունը՝ անհատապես ու անժամկետ։

Իսկ «Սերգո ջան»-ին մնում է միայն կարեկցել, որովհետեւ «գինը վճարելուց» հետո էլ շարունակում է վատ ապրել:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: