Հինգշաբթի, Մայիսի 06, 2021

Խմբագրական

Պարբերական ցնցումները քաղաքական մտքի սնանկության հետեւանք են

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հետաքրքիր մի զուգադիպությամբ՝ «8»-ով ավարտվող տարեթվերը վերջին երեք տասնամյակի ընթացքում ճակատագրական նշանակություն են ունեցել Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքում:

1988-ին սկսվեց Արցախյան շարժումը, 1998-ին Հայաստանում ճակատագրական իշխանափոխություն եղավ, 2008-ին տեղի ունեցան «Մարտի 1»-ի դեպքերը, որ մինչեւ հիմա հանրային քաղաքական դիսկուրսի առանցքներից են համարվում եւ, ի վերջո, 2018-ին Հայաստանում փոխվեց իշխանությունը, որից հետո Փաշինյանը «իր կետից» սկսեց ներբեռնել Հայաստանի քաղաքական ճակատագիրը՝ հայտնի ողբերգական արդյունքներով։

Կարող ենք ավելի հեռուն գնալ եւ հիշել 1918-ի ծանրագույն պայմաններում Հայաստանի անկախացումը, ինչպես նաեւ 1908-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած երիտթուրքերի հեղափոխությունը, որին ջանասիրաբար մասնակցում էին հայկական կուսակցությունները, եւ որը հայերի ողբերգության պատճառ դարձավ։ Կարող ենք է՛լ ավելի հեռու գնալ, բայց դա չէ մեր խնդիրը, հետեւաբար այսքանով բավարվենք։

Մեր խնդիրը չէ պարզել, թե ինչու «8» թիվը նման բախտորոշ նշանակություն ունի Հայաստանի համար: Մեր թեման այլ է՝ ի՞նչն է ընդհանուրը այդ թվականներին, ի՞նչ օրինաչափություն կա նշված դեպքերի միջեւ։

Եթե վերջին երեսուն տարվա դեպքերը դիտարկենք, ապա առաջին եզրակացությունը, որ գալիս է մեր մտքին, հետեւյալն է. Հայաստանի քաղաքական կյանքը պարբերաբար ենթարկվում է ցնցումների եւ որեւէ շրջադարձային փուլում հայտնվելով՝ ի վիճակի չենք լինում կարեւորագույն ազգային խնդիրների շուրջ ձեռք բերել ազգային համաձայնություն։ Այսինքն՝ պետականության առանցքային խնդիրների վերաբերյալ չենք կարողանում ձեւակերպել համազգային կամ համապետական վերաբերմունք եւ իրավիճակը սրվելիս՝ քաղաքական համակարգը տարանջատվում է բաժանարար գծերով, առաջացնելով ցնցումներ։

Վերը բերված բոլոր թվականները ցնցումների տարիներ են, եւ ամեն անգամ մենք չենք կարողանում գալ ընդհանուր հայտարարի, ավելին՝ նույնիսկ քաղաքական քննարկումներն են, ըստ էության, դառնում անհնարին։ Սա քաղաքական մտքի սնանկության արտահայտություն է։

Արձանագրենք, որ այսօր եւս հասարակական-քաղաքական դաշտում տոքսիկ միջավայր է ձեւավորվել, որը գնալով ավելի է խորանում, եւ մեկ արտահերթ ընտրությամբ այս աղտոտված մթնոլորտը չի առողջանա, ինչպես չառողջացավ 1998-ին, 2008-ին ու 2018-ին։

Հայկական պետականության քայքայումը, առաջին հերթին, արժեքային դաշտի ոչնչացման հետեւանք է, վերականգնումը նույնպես այդ հարթությունում կարող է լինել՝ հետեւյալ երեք հիմնական քայլերի միջոցով․

- իրավիճակի ճիշտ գնահատում,

- խնդիրների հստակ ձեւակերպում,

- ճգնաժամային կառավարման առաջնահերթությունների հստակեցում։

Հայաստանի քաղաքական դաշտը կույրերի ու համրերի պայքար է հիշեցնում, որտեղ պայքարը գնում է պետական կյանքում դիրքավորումների համար, մնացածը կարծես թե քչերին է հետաքրքրում եւ այդ քչերը չեն ցանկանում քաղաքականությամբ զբաղվել, որովհետեւ ստեղծված թունահարույց մթնոլորտում չունեն անհրաժեշտ հակաթույնը։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: