Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Խմբագրական

Եվրոպայի գութը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ապրիլի 8-ին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի՝ Երեւան այցի կապակցությամբ տիտղոսային ընդդիմությունը բողոքի ցույցեր էր կազմակերպել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների: Այն, որ ՀՀ-ում կան քաղաքական հայացքների համար բանտարկված մի քանի տասնյակ գործիչներ՝ փաստ է, եւ ոչ ոք չի կարող հերքել: Ավելին՝ նման մարդկանց թիվը երկրաչափական պրոգրեսիայով աճում է: Եվ պարզ է, որ գործող իշխանության վարկանիշի անկմանը համընթաց՝ քաղբանտարկյալների թվաքանակը մեծանալու է:

Տրամաբանությունը եւս պարզ է՝ միայն բռնաճնշումներով վարչախումբը կարող է պահպանել իր իշխանությունը, այլ ճանապարհ չկա: Իսկ իրենց իշխանավարման օրոք երկրին հասցրած կործանարար վնասների համար ներկայիս կառավարողները ստիպված են լինելու պատասխան տալ իշխանափոխությունից հետո: Մինչ այդ, նրանք ուղղակի դատապարտված են ցանկացած եղանակով պահել իրենց աթոռները, որովհետեւ այլընտրանքը կարող է շատ թանկ գին ունենալ:

Սա իրավիճակի կարճ նկարագրությունն էր, հիմա փորձենք հասկանալ նմանօրինակ ակցիաների կազմակերպման նպատահարմարությունը՝ որքանո՞վ են արդյոք դրանք արդյունավետ եւ, առհասարակ, որքանո՞վ են համատեղելի ինքնիշխանություն եզրի հետ: Դրա համար հարկ է մի փոքր հեռվից գալ: Միջազգային իրավունքն այսօրվա իր տեսքը ստացել է XX դարասկզբին: Այդ իրավունքի տեսակետից՝ ինքնիշխանությունը պետության բացարձակ իրավունքն է՝ լուծելու իր ներքին բոլոր խնդիրները՝ անկախ այլոց կամքից եւ ամեն տեսակի պայմանագրային հանձնառություններից։

Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծվեցին միջազգային կառույցներ՝ այդ թվում Եվրախորհուրդը, որին 2001-ին միացավ նաեւ Հայաստանը: ԵԽ-ն միջազգային կառույց է, որը խթանում է համագործակցությունն իր անդամ պետությունների ու եվրոպական երկրների միջեւ՝ իրավական չափորոշիչների, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների, ժողովրդավարական զարգացման, օրենքի գերակայության եւ մշակութային փոխգործակցության ոլորտներում:

Ինչպես տեսնում ենք, ԵԽ-ի հիմնական առաքելությունը իրավական չափորոշիչների ապահովումն է: Սակայն 2018-ից այս կողմ կառույցը որեւէ հստակ քայլ չարեց, երբ Հայաստանի վարչապետի կոչով շրջափակում էին դատարանները, նվաստացնում դատավորներին, կայացրած վճիռների պատճառով ձերբակալում նրանց, դատական գործեր բացում, ազատում աշխատանքից, անօրինական ու հակասահմանադրական եղանակով փոխում Սահմանադրական դատարանի կազմը, անհաճո անձանց պառկեցնում ասֆալտին եւ այլն:

Այս կարգի անօրինությունների վրա աչք փակել՝ նշանակում է անթաքույց ցույց տալ սեփական քաղաքական կողմնակալությունը: Եվ այդպես էլ կա. Եվրոպան, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպություն, ցանկացած պետություն իր շահերն է առաջ մղում: Կյանքն ամեն օր ի ցույց է դնում դրա վառ ապացույցները: Ամենաթարմ օրինակի ականատեսը եղանք ապրիլ 5-ին բրյուսելյան եռակողմ հանդիպումից առաջ, երբ ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենը հեռախոսազրույցներ ունեցան Ալիեւի հետ՝ հավաստիացնելով, որ հանդիպումն Ադրբեջանի դեմ չէ:

Նրանք Բաքվի սուլթանին չէին զանգել, երբ անցյալ տարի սեպտեմբերի 18-20-ը էթնիկ զտման ենթարկեց ու հայաթափեց երեքհազարամյա Արցախը, իսկ դրանից առաջ 9-ամսյա շրջափակման մեջ սովահարության էր մատնում չճանաչված պետության 120 հազար հայ բնակչությանը: Դե, ի՞նչն է այստեղ անհասկանալի՝ Ալիեւից Եվրոպան էներգակիրներ է ստանում, շահ ունի, ուրեմն ամեն ինչ՝ անգամ ցեղասպանություն, թույլատրվում է նրան:

Իսկ մերոնք ցույցեր են անում՝ ի պաշտպանություն Երեւանում եւ Բաքվում պահվող քաղբանտարկյալների, նամակներ են գրում ԵԽ գլխավոր քարտուղարին: Ուզում են շարժել Եվրոպայի գութը: Անիմաստ զբաղմունք է, տիկնայք եւ պարոնայք:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: