Քաղաքական համակարգը ցանկացած երկրի համար որոշիչ գործոն է: Եթե կուզեք ավելի խիստ՝ կուսակցությունները ցանկացած երկրի ճակատագիրն են: Քաղաքական համակարգի տակ պետք է հասկանալ այն կուսակցությունները, որոնք գրանցված են եւ ընտրություններին մասնակցելու միջոցով հավակնում են երկրի կառավարման ղեկին, այսինքն՝ որոշել են տնօրինել երկրի ճակատագիրը: Անկախ նրանից՝ իշխանակա՞ն են տվյալ պահին այդ կուսակցությունները, թե՝ ընդդիմադիր, նրանք միասին ձեւավորում են երկրի քաղաքական խճանկարը:
Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ կուսակցությունները, որքանո՞վ են հանրակարգայնացված, մտավոր, կազմակերպչական, կադրային ու կառուցվածքային ի՞նչ ռեսուրս ունեն նման հավակնությունների համար: Սրանք, թերեւս, ՀՀ-ում ամենացավոտ հարցերից են, որոնց շուրջ արժե առանձին ու ավելի համապարփակ խոսակցություն ծավալել: Բայց սկզբի համար կանդրադառնանք նշված բոլոր շերտերն իր մեջ ինչ որ չափով բյուրեղացնող՝ կուսակցությունների հանդեպ հանրային վերաբերմունքի թեմային:
Այժմ Հայաստանում համընդհանուր անվստահություն կա բոլոր կուսակցությունների հանդեպ եւ դրա վառ վկայությունը վերջին շրջանում անցկացվող սոցհարցումների տվյալներն են: Դրանց արդյունքների վերլուծությունը հանգեցնում է նրան, որ հանրային անվստահությունը միայն իշխող կուսակցության հանդեպ չէ, այլ նաեւ՝ դրան այլընտրանք հանդիսացող մյուս քաղաքական միավորների՝ լինեն խորհրդարանական, թե արտախորհրդարանական: Պարզ ասած՝ անվստահությունը համատարած է, եւ ոչ միայն «այսօրվա» իշխանությանն է վերաբերում, այլեւ «վաղվա» հնարավոր իշխանությանը, որն առայժմ ընդդիմության դաշտում է:
Թե ինչու կուսակցությունները չեն վայելում հանրության վստահությունը՝ բավական ծեծված թեմա է՝ չնայած ավելորդություն չէր լինի եւս մեկ անգամ վերանայել այն, ծանրութեթեւ անել, քննարկել, մտածել, գտնել ավելի խորքային պատճառները, հետեւություններ անել: Շատ ենք խոսել հիմնական խոչընդոտներից մեկի՝ երկրի կառավարման համար պահանջվող՝ կուսակցությունների անբավարար ներուժի մասին: Սա անվստահության ռազմավարական պատճառը կամ պատճառներից մեկը կարելի է համարել:
Բայց կա նաեւ հանրային անվստահության մարտավարական պատճառը, այլ կերպ ասած՝ անպատասխան մնացած այն հարցերը, որոնք ածանցվել ու ածանցվում են 2018-ի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» ոգուց: Ո՞վ չգիտի, որ մեր երկրի ողբերգությունների շարանը սկիզբ առավ այդ «հեղափոխությունից», որին հաջորդեցին Արցախի պատերազմն ու պարտությունը, Հայաստանի հայաթափումը, գործող իշխանության անհամարժեք եւ կասկածելի քայլերն ու հռետորաբանությունը: Սա հանրության մեջ ներքին ու արտաքին դավադրության կասկածներ է ծնում՝ իրո՞ք 2018-ին տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե պայմանավորված թատերական ներկայացում:
Եվ այդ կասկածներն օրեօր ավելի են խորանում: Հետո դրան գումարվում է նախկին իշխանությունների նկատմամբ գեներացված ատելությունը, ինչ հասարակության մեջ անառողջ մթնոլորտ ու անորոշ, անհույս ապագայի գգացողություն է ստեղծում: Եվ եթե կուսակցությունների հանդեպ անվստահության «ռազմավարական» պատճառը շտկելու համար ժամանակ, կարողություն ու ստեղծագործական ջանքեր են անհրաժեշտ, ապա հանրային անվստահության «մարտավարական» պատճառը, որն ուղղակիորեն 2018-ի «հեղափոխությանն» է առնչվում, պետք է չեզոքացվի այդ իսկ «հեղափոխությանը» հանրային եւ քաղաքական անաչառ գնահատական տալու միջոցով:
Պետք է պատռվեն բոլոր դիմակները, զուլալվեն՝ ջրերը, եւ հանրության համար հասկանալի լինի, թե ով ով է, ում դերակատարումը որն է եղել ու կա դավադրությունների, ամենաթողությունների եւ արկածախնդրությունների այս անզուսպ շքահանդեսում: