Կիրակի, Մայիսի 18, 2025

Խմբագրական

Յոթ տարի՝ նույն «դասարանում»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Այսպես շարունակվելու դեպքում Կառավարության՝ շաբաթական պարբերականությամբ անցկացվող նիստերը շուտով կվերածվեն զավեշտախաղի կամ մեկ դերասանի թատրոնի, ընդ որում՝ կատակերգու դերասանի: Ակամա այս եզրակացությանն ես հանգում՝ դիտելով ՀՀ գործադիրի ապրիլի 3-ի եւ ապրիլի 10-ի նիստերի տեսագրությունները: Առաջինին մենք անդրադարձել էինք՝ լուսաբանելով ՔՊ-ական իշխանության վարած կադրային ապաշնորհ քաղաքականության տարբեր դիտանկյուններ: «Հայացքի» այսօրվա թողարկման խմբագրականն էլ Կառավարության վերջին՝ ապրիլի 10-ի նիստի ընթացքում ծավալված եւ նոր զավեշտի հասնող թեմայի շուրջ է՝ հնարավորինս ավելի լրջմիտ հայացքի ներքո:

Երբ ասում ենք «ավելի լրջմիտ հայացք»՝ նկատի ունենք, որ այս անգամ զավեշտախաղը, թող տարօրինակ չթվա, ճշմարտության բավական մեծ չափաբաժին է պարունակում, որի համար պարտական ենք նիստը նախագահողի անկեղծությանը, ինչու չէ, նաեւ մտքի սլացքին: Դատեք ինքներդ. «Գյուղացին գիտելիքի պակաս ունի, դա նրանից է, որ մենք տգետ ենք,- ասել է նա՝ շարունակելով. «Ես  յոթ տարի մնացել եմ նույն՝ առաջին դասարանում… Մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետեւ մե՛նք ունենք գիտելիքի պակաս: Մենք ենք էդ մարդկանց առաջնորդում դեպի աղքատություն եւ տգիտություն: Սա բոլորին ա վերաբերվում՝ ինձնից սկսած»:

Հատկանշական է, որ գյուղական թեման էր արծարծվում նաեւ Կառավարության ապրիլի 3-ի նիստում: Փաշինյանը փորձում էր համոզել, որ մեզանում կադրային ճգնաժամ է, կադրային սով է, քանի որ մեր գյուղերի 70 %-ը չունի մանկապարտեզներ: Պետք է շատ վառ երեւակայություն ունենալ նման հետեւության հանգելու համար: Անտեղյակներին կարող է թվալ, թե ՀՀ գյուղական մանկապարտեզներում կադրեր են պատրաստում: Ըստ փորձագետների՝ աշխարհի ոչ մի երկրում՝ առավել եւս Հայաստանում, կադրային սով չի կարող լինել, ավելի շուտ կա կադրերի ընտրության ու ճիշտ տեղաբաշխման խնդիր: Եվ, երկրորդ, կա Փաշինյանի՝ անլուրջ, անվստահելի գործատու լինելու մտավախություն:

Բայց գանք «տգետների կառավարության» թեմային: Եվ քանի որ Փաշինյանն ազնվորեն  խոստովանում է (հավանաբար՝ կյանքում առաջին անգամ), որ տգիտությամբ նաեւ ինքն է տառապում, հենց իր վերջին 7 տարվա կյանքի դառը դասով էլ կփորձենք հասկանալ, թե ինչպես է պատահել, որ 2018-ից ի վեր երկրում որեւէ դրական շարժ, առաջադիմություն չի արձանագրվել կամ ժողովրդի ասած՝ քարը քարին չի դրվել: Մի ողջ յոթնամյակ, որի ընթացքում կարելի էր բանակ հզորացնել, տնտեսություն վերականգնել, կրթական, դատաիրավական, գիտամշակութային եւ այլ ոլորտներում համակարգային բարեփոխումներ իրականացնել, հենց այնպես մսխվել է: Սա, ի դեպ, մենք չենք ասում, յոթ տարի «առաջին դասարանում» մնացած Նիկոլ Փաշինյանն է ասում:

Բանից պարզվում է՝ Կառավարությունը յոթ տարի ժամավաճառությամբ է զբաղվել, ոչ մի արժեք, հանրային ոչ մի բարիք չի ստեղծել, բայց Կառավարության անդամները տեղը տեղին իրենց բարձր աշխատավարձերն ու կայուն պագեւավճարները ստացել են՝ առանց խղճի խայթի: Անգամ բողոքներ են հնչել, որ իրենք շատ ավելի բարձր վարձատրության են արժանի: Օրեր առաջ ֆինանսների նախարարը դժգոհում էր ցածր աշխատավարձից. «Ես կարծում եմ՝ այն աշխատանքը, որ ես անում եմ եւ այն աշխատավարձը՝ 1 մլն դրամը, որ ստանում եմ, իրար հետ անհամարժեք են»,- ասել է նա՝ հարկ չհամարելով խոսել այդ ամսվա ստանալիք պարգեւավճարի մասին, որը 500 հազար դրամից պակաս չէ:

Երկրում առկա 25 տոկոս աղքատության խորապատկերին ՔՊ-ական պաշտոնյաների շռայլ պարգեւավճարները ժողովուրդն իրավացիորեն բնութագրում է որպես պետական մակարդակով կատարվող ռեկետ: «Տգետների կառավարության» իշխանավարման այս 7 տարվա մեջ Հայաստանն անչափելի հետընթաց է ապրել. պարտվել է Արցախյան 44-օրյա պատերազմում, տվել մեծաքանակ զոհեր ու վիրավորներ, կորցրել Արցախը, ՀՀ-ից՝ շուրջ 240 քառակուսի կմ տարածք, ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, ճանապարհներ, պատմամշակութային եւ հոգեւոր արժեքներ:

Այս ցանկում անտեսեցինք ներկայիս քաոսային իրավիճակը, ապագայի անորոշությունը, կրկնապատկված արտաքին պարտքը, ադրբեջանաթուրքական մամլիչը եւ էլի շատ ուրիշ «2»-ներ: Պարզ է, որ այսչափ բացասական գնահատականով ու վառ արտահայտված այսպիսի խայտառակ հետադիմությամբ անկարելի է երբեւէ «առաջին դասարանից» բարձրանալ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: