Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Հին ու նոր «դեւերի» արանքում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ոմանց համար պարզ էր, որ նման կազմով խորհրդարան Հայաստանի հանրությունը չի ընդունելու: Սակայն այլ հարց էր, թե ինչպիսի ընթացք կարող են ունենալ հետագա զարգացումները: Կար երկու հնարավոր սպասելիք. կամ որեւէ «ֆորս-մաժոր» է լինելու, կամ հանրությունն օտարվելու է քաղաքական գործընթացներից:

Կյանքը ցույց տվեց, որ եղավ «ֆորս-մաժոր»: 2018 թվականի ընտրությունների  ժամանակ հարյուր հազարավոր քաղաքացիներ չմասնակցեցին ընտրություններին՝ ըստ երեւույթին համարելով, որ չունեն ընտրելու արժանի թեկնածուներ: Սակայն ընտրություններին մասնակցածների ճնշող մեծամասնությունը՝ տրվելով ամբոխավարության հովերին ու մանիպուլյացիաներին, ընտրեց միաբեւեռ խորհրդարան:

Ինչպես ասված է չինական հայտնի առասպելում, «դեւին» հաղթողը ստանում է ամեն ինչ, մինչեւ որ հաջորդ փուլում ինքը կդառնա նոր «դեւ»։ Ըստ չինական առասպելի, «դեւը» անսահմանափակ լիազորություններով օժտված եւ վերահսկողությունից դուրս գտնվող իշխանությունն է։ 2018-ին «դեւին» հաղթողը ստացավ ամեն ինչ եւ, առաջին հերթին, անսահմանափակ իշխանություն, որի հետ չգիտեր՝ ինչպես վարվել: Հիմա մենք չինական ասացվածքի հաջորդ, բայց բովանդակությամբ կրկնվող դիպաշարի առջեւ ենք կանգնած՝ կամ կունենանք հին «դեւին» հաղթող նոր «դեւ», որը կստանա ամեն ինչ, կամ հինը կկարողանա վերարտադրվել, սակայն, մնալով որպես վիրավոր եւ ոչ կենսունակ՝ քաղաքական կյանքը տանելով նոր ցնցումների։

Թվում է՝ բոլոր տարբերակների դեպքում թունելի վերջում լույս չի երեւում։ Առհասարակ, կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրները կայունությամբ աչքի չեն ընկնում: Դրա ամենավառ դրսեւորումներն են Իտալիան եւ Իսրայելը, որոնց ժողովուրդները տաքարյունությամբ նման են հայերին։

Եթե ընդունենք, որ մեր մտքերի ընթացքը ճիշտ է, ապա գալիս ենք տխուր եզրահանգման։ Այն է՝ հունիսյան ընտրություններից հետո մենք դարձյալ ունենալու ենք ժամանակավոր խորհրդարան, որին ցանկացած պարագայում հասարակությունը չի համարելու իրենը, եւ ընտրությունների հաջորդ իսկ օրը սկսելու ենք պատրաստվել հաջորդ խորհրդարանական ընտրություններին։ Եվ դեռ պարզ չէ, թե մշտատեւ (պերմանենտ) արտահերթ ընտրությունների թափանիվն ինչ արագությամբ է պտտվելու։

«Դեւին սպանողն» իր առաքելությունը կատարելուց հետո, ըստ երեւույթին, նշմարելի այլ առաքելության հայտ դեռ չի ներկայացրել, իսկ եթե դա չստացվի, ապա «հերոսը» կտապալվի՝ վրիպողը չի կարող մնալ հերոսի պատվանդանին: Սակայն այդ դեպքում գործող «դեւը» անկարող կլինի վերականգնել իր բարի համբավը՝ ռեաբիլիտացվել, քանի որ կասկածանքներն ու պարտության դառնությունը կրծելու են հասարակության անդամների հոգիները։

Կարծես թե՝ սա է մեզ սպասվող ապագա քաղաքական զարգացումների հավանական դիպաշարը, եթե, իհարկե, որեւէ արտառոց բան տեղի չունենա:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: