Այն մասին, որ Հայաստանը պատրաստ չէ հունիսի 20-ին տեղի ունենալիք ընտրություններին, շատ է խոսվել: Բերվել են մի շարք հիմնավորումներ: Դրանցից կարեւորները հիշեցնենք.
- Հայաստանի քաղաքական համակարգը փլուզված է, իսկ կուսակցությունները չունեն հանրային վստահություն:
- Պատերազմում կրած պարտությունից հետո հանրությունը դեռեւս գտնվում է շոկային վիճակում եւ պատրաստ չէ քաղաքական ընտրություն կատարելու:
- Հասարակությունը բաժանված է թշնամական հատվածների, ինչի լավագույն ցուցիչը սոցիալական ցանցերի բովանդակությունն է, որը լի է փոխադարձ մեղադրանքներով, ամենավերջին հայհոյանքներով ու նման պարագայում գնալ ընտրությունների՝ նշանակում է ավելի խորացնել փոխադարձ ատելությունն ու թշնամանքը:
- Մենք շարունակում ենք գտնվել պատերազմական վիճակում, մեր սահմանները հատել է թշնամին, իսկ պատերազմական իրադրությունում առհասարակ ընտրություններ չեն անցկացնում:
Շատ է խոսվել նաեւ այն մասին, որ լավագույն լուծումը կլիներ ժամանակավոր կառավարություն կազմելը եւ ընտրություններն առնվազն մեկ տարով հետաձգելը:
Սակայն ունենք այն, ինչ ունենք, եւ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են, եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, օրինակ՝ ռազմական դրության հաստատում եւ այլն:
Հիմա փորձենք հասկանալ, թե ընտրություններին ինչ կարգախոսներով ու թեզերով են մասնակցում հիմնական «ոխերիմ» ախոյանները՝ Հայաստանի ներքաղաքական այն ուժերը, որոնք հավակնում են տեղ զբաղեցնել նոր խորհրդարանում: Թեզերը, կարծես թե, հայտնի են եւ այնքան պարզունակ, որ դժվար է դրանք քաղաքական գաղափարախոսություն անվանել.
- Այսպես կոչված՝ «նորերի» կամ գործող իշխանության թեզն է «Ո՛չ նախկին թալանչիներին»:
- Այսպես կոչված՝ «նախկինների» (որոնց տակ կարելի է հասկանալ ցանկացած ուժի, որը նախկինում եղել է խորհրդարանում կամ Կառավարության կազմում) հիմնական թեզը պարզունակությամբ չի զիջում առաջինների հայեցակետին. «Ո՛չ դավաճաններին ու կապիտուլյանտներին»:
- Այսպես կոչված՝ «երրորդ» ուժերի թեզը, ովքեր ոչ նախկինում, ոչ ներկայում իշխանության մաս չեն կազմել, նույնպես ոչինչ չասող արտահայտություն է՝ «Ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին»։ Ըստ ճաշակի, այդ հայեցակետին կարելի է ավելացնել երրորդ ձեւակերպումը. «Ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին. ազգային ապագա» կամ «Ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին. քաղաքացու որոշում», կամ էլ «Ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին. դեպի լուսավոր Արեւմուտք» եւ այլն։ Կարելի է շարունակել ըստ ճաշակի եւ ըստ ընկալման պարզունակության։
Ինչպես տեսնում ենք, Հայաստանի քաղաքական միտքը գնալով ավելի պարզունակ ու ավելի պոպուլիստական է դառնում։ Սակայն հանրության սպասելիքներն այլ են, որոնք վերաբերում են՝
- Արցախի ապագային,
- Հայաստանի սահմանների անվտանգությանը,
- տնտեսության սպասվելիք կոլապսից խուսափելուն,
- ահագնացող արտագաղթի տեմպերին,
- հանրության բարոյահոգեբանական վիճակի փոփոխությանն ու հանրության պառակտման հաղթահարմանը։
Ցուցակը կարելի է շարունակել, սակայն դա չէ խնդիրը, այլ գոնե այդ հինգ հարցերի պատասխանները տալը, այսինքն՝ այդ հարցերը, թեկուզ թեզիսների մակարդակում, հանրությանն առաջարկելը։ Կա՞ արդյոք որեւէ նման առաջարկ, թե՝ չկա։
Սա է խնդիրը ու, կարծես թե, այդ հարցերը մնալու են օդում կախված, առանց պատասխանների։ Բնականաբար, դա քաղաքական մտքի ու կուսակցությունների սնանկացման հետեւանք է եւ մեր ներկայի հիմնական նկարագիրը: