Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Խմբագրական

Ազատականություն եւ պահպանողականություն

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Արեւմտյան աշխարհը խորքային ցնցումների մեջ է: Նոյեմբերին ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրություններն այդ երկրի համար ճակատագրական է լինելու: ԱՄՆ-ը մշակութաբանական առումով այլեւս կարելի է համարել «ճեղքված» երկիր, եւ պայքարը ոչ թե հարկային քաղաքականության կամ նման բաների մասին է, ինչը նախկինում տեղի էր ունենում, այլ արժեքային համակարգի՝ ավանդական ամերիկյան պահպանողականության եւ նեոազատականության շուրջ:

Քաղաքակրթական առումով «ճեղքված» երկրներում ընտրություններ անցկացնելը խիստ վտանգավոր է, որովհետեւ ընտրությունների ցանկացած պարագայում մյուս կողմը կարող է չճանաչել դրանց արդյունքները: Պատահական չէ, որ օրվա խոսույթի ու կինոնկարների մակարդակում արդեն լրջորեն քննարկվում է քաղաքացիական պատերազմի թեման: Գոնե մարդկանց ուղեղներում այժմ այդ «տաբուն» ջարդվում է, եւ հոգեբանական իմաստով քաղաքացիական պատերազմն արդեն ընկալելի է:

Նմանատիպ գործընթացներ են ծավալվել Եվրոպայում, որտեղ հունիսին անցկացվելիք՝ Եվրապառլամենտի ընտրություններում աջերը կարող են աննախադեպ հաջողություն արձանագրել՝ վերցնելով տեղերի մեկ երրորդը, ինչը կփոխի Եվրոպայի քաղաքական դեմքը, իսկ առանձին երկրներում, Հունագրիայից ու Սլովակիայից հետո, հերթական՝ աջերի կառավարության հաստատում է սպասվում:

Մի խոսքով՝ աշխարհը սկսում է փոխվել, ինչը մեծ հետեւանքներով է հղի: Բանն այն է, որ ներքաղաքական զարգացումներում աջերը ներգաղթյալների հարցում ավելի կոշտ քաղաքականություն են վարում, ինչպես նաեւ հակված են ավանդական արժեքներին, իսկ արտաքին քաղաքականության առումով առաջնային են համարում իրենց ազգային շահերը, այլ ոչ թե ազատական ինտերնացիոնալի գաղափարախոսական դրույթները:

Բնականաբար՝ այս ամենն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի ու մեր տարածաշրջանի վրա: Գործող կառավարությունը ձախողել է ամեն ինչ եւ այժմ պատերազմում է ազգային ինքնության բոլոր բաղադրիչների՝ այդ թվում հոգեւոր ոլորտի դեմ: Սա չէր կարող անհետեւանք մնալ, եւ պատասխանը եկավ այնտեղից, որտեղից եւ պետք էր սպասել՝ եկեղեցուց: Քաղաքական ընդդիմության պայքարի զինանոցը սպառվելուց եւ որեւէ ցանկալի արդյունք չտալուց հետո նոր շարժումը գլխավորելու հանձնառությունն իր ձեռքը վերցրեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչն օրինաչափ երեւույթ է:

2018-ի դավադրությունը, որքան էլ անունը դնես «թավշյա», «ոչ բռնի», «ժողովրդական» եւ այլն, իրականում ժամանակավրեպ իշխանազավթում էր, որը բերեց միայն մահ ու ավեր, եւ հանրությունը հակված էր պահպանողական, ինքնությունից չհրաժարվելու դրոշի բարձրացմանը: Այդ դրոշն այլեւս բարձրացված է, եւ եկեղեցու ժամանակավոր մուտքը քաղաքականություն ընդամենը խորհրդանշական գործողություն է, որն ավետում է ՀՀ-ում ազատականության ժամանակաշրջանի ավարտը եւ պրոգրեսիվ պահպանողականության վերածննդի սկիզբը: Մի ժամանակաշրջան, որը համահունչ է քաղաքակրթության ներկայիս փուլին։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: