Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Իրավական աններդաշնակություն Հայաստանում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման, ապաեւ երկրորդ անգամ ազատ արձակման հետ կապված իրադարձությունները քաղաքական ուժգին արձագանք առաջ բերեցին, որը համեմատելի է յոթբալանոց երկրաշարժի հետ: Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վճիռ կայացրած դատավորը ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի քաղաքական ուժերին ստիպեց բաց խաղալ՝ սեղանի վրա դնելով բոլոր խաղաթղթերը: Ամբողջությամբ վերցված հասարակության համար դա դրական երեւույթ է, քանի որ թույլ էր տալիս անցկացնել բոլոր քաղաքական ուժերի յուրօրինակ լյուստրացիա, ցույց տալ ժողովրդին, թե ով՝ ով է եւ ում շահերն է պաշտպանում:

Ինչ վերաբերում է ամբողջ դատական համակարգին, որի արմատական բարեփոխման մասին խոսում էին դեռեւս մեկ տարի առաջ, դատարանի այդ որոշումը ժողովրդի դժգոհության վերջին կաթիլն էր Սահմանադրական դատարանից սկսած՝ հին, վերից վար կոռումպացված դատական համակարգի քանդման եւ նորի կառուցման առումով: Պետք է նշել, որ կառավարության այդ որոշման համար Հայաստանը դրական արձագանքներ է ստացել Եվրոպայից եւ Միացյալ Նահանգներից: Այսպես՝ Հայաստանի մշտադիտարկման գծով ԵԽԽՎ համազեկուցողներ Յուլիա Լեւոչկինան եւ Անդրեյ Շիրչելը հայտարարել են, որ դատական իշխանության անկախությունը օրենքի գերակայության անհրաժեշտ պայմանն է եւ լավագույնս ապահովվում է քաղաքական սուբյեկտների կողմից որեւէ միջամտության բացակայությամբ: ԱՄՆ դեսպանատունն էլ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր եւ իրավունքի գերակայության հաստատությունների ձեւավորում»: Հայաստան է եկել Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կարանզան:

Սակայն արեւմտյան շրջանակներից հնչող բոլոր հայտարարություններում ընդգծվում է, որ դատական համակարգի բարեփոխումները եւ «վեթինգը» պետք է անցկացվեն խստորեն օրենքի սահմաններում: Ոմանք Փաշինյանին ընդհանրապես չէին պաշտպանում: Օրինակ՝ Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Մարեք Նովակովսկին հայտարարել է, որ «զարմացած է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է արգելափակել դատարանների շենքերը»: Դեսպանն անհանգստացած է, որ Փաշինյանին տրված հանրային վստահության պաշարը կարող է արագ սպառվել:

Ոչ միայն դատական համակարգի բարեփոխումների, այլ նաեւ սեփականության մասին, կուսակցությունների մասին, ընտրությունների մասին օրենքների անհապաղ ընդունման կարեւորության մասին փորձագետները խոսում էին դեռեւս մեկ տարի առաջ: Սակայն կարո՞ղ էին արդյոք մշակվել եւ ընդունվել այսօրվա իրողություններն արտացոլող այդ օրենքները, եթե Հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, որը գրվել էր օրինականացնելու համար մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը, ցայժմ մնում է անփոփոխ: Իհարկե՝ ոչ: Այս ընթացքում կարելի էր գրել ժամանակի ոգուն հարիր նոր Սահմանադրություն, քննարկել եւ ընդունել: Այժմ եթե մենք ուզում ենք նոր օրենք ընդունել կամ բարեփոխել դատական համակարգը, միշտ եղել են ու կգտնվեն մարդիկ եւ կազմակերպություններ, որոնք կհայտարարեն, թե օրենքը կամ տվյալ բարեփոխումը չի համապատասխանում Սահմանադրությանը, եւ որ իրավապահների բոլոր գործողությունները նոր իշխանության կողմից հաշիվներ մաքրելու համար են: Որպես հետեւանք՝ բոլոր կասկածյալները փախչում են Ռուսաստան, որը «յուրայիններին» չի մատնում՝ դարձնելով նրանց քաղաքական հալածյալներ: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանում նրանք հետապնդվում են ոչ թե քաղաքական համոզմունքների համար, այլ զուտ քրեական գործերով: Սա, իհարկե, Ռուսաստանի գործն է, բայց հարկ է նկատել, որ նման մոտեցումը ակնհայտորեն չի ավելացնում Հայաստանի ռուսամետ բնակչության թիվը:

Ահա այսպիսի ցայտնոտում ենք հայտնվել: Սեփականության մասին օրենքի բացակայությունը մշտական վիճաբանություններ է ծնում հասարակության մեջ՝ ինչո՞ւ այս կամ այն կաշառակերին, որը կողոպտել է երկիրը, չեն նստեցրել, եւ ազատ ման է գալիս: Մինչդեռ համապատասխան օրենքը կարող էր հստակ սահմանազատել տարբերությունը գողացածի եւ օրինականորեն վաստակածի միջեւ: Ընդ որում՝ ե՛ւ դատավորները կկարողանային ճիշտ որոշումներ կայացնել, ե՛ւ ժողովուրդը գոհ կլիներ, քանի որ գողացվածը կգնար պետական գանձարան: Իսկ հիմա բոլոր կոռուպցիոներները հանգիստ զբոսնում են Հայաստանում, վտանգ զգալու դեպքում էլ՝ միանգամից փախչում Մոսկվա: Իսկ մեր իրավապաշտպանները նախանձելի անդրդվելիությամբ նրանց հնարավորություն են տալիս ճողոպրել երկրից, հետո արդարանալ, թե չեն կարողանում նրանց բռնել: Միայն պարզ չէ, թե ով է ում խաբում:

Անշուշտ, «վեթինգը», որի մասին այնքան խոսում են, անհրաժեշտ է: Սակայն դա չի կարող լուծել վերոթվարկյալ խնդիրները՝ առանց Սահմանադրության:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: