2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման խորհրդարանական քննիչ հանձնաժողովը սկսեց իր աշխատանքները: Եվ միանգամից էլ ի հայտ եկան հարցեր առ այն, թե պատերազմի ո՞ր դիտանկյունները կգերակայեն քննիչ հանձնաժողովի համար: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ, ի թիվս այլ հարցերի, Ղարաբաղում ապրիլյան պատերազմի գծով հանձնաժողովը կուսումնասիրի տարածքային կորուստները եւ այն ժամանակ արձակված հրամանների բնույթը, կլինեն հաշվետվություններ: Ինչպիսի՞ ընթացք կտրվի այդ հաշվետվություններին: Հնարավոր է, որ դրանք քրեական հետապնդման առիթ հանդիսանան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվում է մեկ նպատակով՝ պարզելու համար, թե արդյոք մեր զինված ուժերը պատշաճ ձեւով պատրաստ են եղել այդ զարգացումներին։ Նրա խոսքով. «…բայց այդ ամենը կարվի ոչ թե ինչ-որ մեկին պատժելու համար: Մեր ամենամեծ խնդիրն է` երաշխավորել, որ նմանօրինակ իրավիճակ չի կարող լինել»։
Արդեն այս առաջին հայտարարությունները վկայում են, որ ապրիլյան պատերազմի հանգամանքները շատ նեղ տեսածիրում են դիտարկվում: Այս պատերազմում կորուստները բացառապես բանակի մարտական պատրաստության համատեքստում արծարծելու փորձերը կարող են հանգեցնել կեղծ եզրակացությունների եւ ոչ մի կերպ չեն կարող երաշխավորել, որ ապագայում այդ իրավիճակը չի կրկնվի:
Բոլոր այս տարիներին հանրությանը ուրիշ շատ հարցեր եւս մտահոգել են: Առաջին հերթին՝ մարդկանց հետաքրքրում են հետեւյալ հարցերը.
- ինչո՞ւ ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց հայտարարությունները չէին համապատասխանում մարտադաշտի իրական վիճակին,
- ինչո՞ւ այդքան շատ են վկայություններն առ այն, որ առաջնագծի դիրքերը հիմնական ստորաբաժանումներից օգնություն չեն ստացել,
- ինչո՞ւ բանակը հրաման չստացավ ազատագրելու պատերազմի առաջին իսկ օրը կորցրած դիրքերը,
- ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չդիմեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ու չառաջարկեցին դատապարտել Ադրբեջանի ագրեսիան` դրանով իսկ Ադրբեջանին չտալով հնարավորություն, որ ինքը դիմի այդ ատյանին՝ Հայաստանի հասցեին մեղադրանքով:
Եվ բազմաթիվ այլ «ինչուներ» եւս, որոնք վերաբերում են նախեւառաջ քաղաքական ղեկավարության, այլ ոչ թե բանակի հրամանատարության անձեռնհասությանը: Այն ժամանակաշրջանում գործող իշխանության առանցքային դեմքերի համառորեն հնչեցրած հայտարարությունները, թե կորցրած դիրքերը չունեն ռազմավարական ոչ մի նշանակություն, սրբապղծություն են թվում այն իրողության համապատկերին, որ Արցախը կորցրեց այդ դիրքերի հարեւանությամբ գտնվող Թալիշ գյուղը բնակեցնելու հնարավորությունը: Նույնիսկ հիմա բնակչությունը չի կարող վերադառնալ գյուղ, չնայած այն վերականգնվել է: Գյուղի անվտանգությունը չի ապահովվում ադրբեջանական բանակի գրաված մոտակա դիրքերի պատճառով:
Չափազանց շատ հարցեր են սպասում Հայաստանի նախկին քաղաքական ղեկավարության պարզաբանմանը, որն այդ ժամանակ բացահայտորեն գործում էր ի նպաստ Ադրբեջանի: Եվ եթե նոր իշխանությունների ստեղծած խորհրդարանական հանձնաժողովը շրջանցի այդ հարցերը, կարող են կասկածներ առաջանալ նրա իրավասության եւ բարեխղճության վերաբերյալ:
Հուսանք, որ այդպիսի բան չի լինի: