Հայաստանին հասցված մեծագույն վնասներից մեկը հասարակության արհեստական բաժանումն է հակադիր խմբերի: Էլ ավելի մեծ անհեթեթություն է, երբ բաժանումը տեղի է ունենում ըստ հասարակության ռուսամետ եւ արեւմտամետ սեգմենտների: Մի խմբի կարծիքով՝ հայոց փրկությունը գալու է Ռուսաստանից, բայց պարզ չէ, թե հանուն ինչի, իսկ մյուսի համոզմամբ՝ մեր փրկության բանալին Արեւմուտքի ձեռքին է՝ դարձյալ առանց հոդաբաշխ հիմնավորման, թե ինչի համար եւ, ամենակարեւորը, ինչ ձեւով է այդ բանալին գործադրվելու Արեւմուտքի կողմից: Ոչ ոք բացատրել չի պատրաստվում:
Մինչդեռ ակնհայտ է, որ աշխարհում գործում են միայն շահերը, եւ ոչ ոք ոչ մեկին փրկելու պարտավորվածություն չունի: Կան սառը հաշվարկներ, գործնական շահագրգռություններ, իսկ երկրների ու ազգերի ճակատագրերի արժեքը զրոյական է: Մեր օրինակն ուղղակի պետք է հիշեցնի, թե «ազատ ու մարդասեր» միջազգային հանրությունն ինչպես իրեն պահեց, երբ Բաքվի բռնապետը երկար ամիսներ հումանիտար աղետի էր մատնել Արցախի ժողովրդին կամ երբ էթնիկ զտում իրականացրեց նրա հանդեպ՝ երկու օրում ԼՂՀ ավելի քան 120 հազար ազգաբնակչությանը բռնատեղահանելով երեքհազարամյա իր բնօրրանից:
Ի դեպ՝ պապանձված աշխարհի հայացքի ներքո ոչ պակաս ահասարսուռ վիճակում են հայտնվել Գազայի պաղեստինցիները: Փոքրիշատե մտածելու ընդունակ մարդու համար դա պետք է բավական լիներ՝ հասկանալու համար, որ միջազգային հարաբերություններում չկա բարոյականություն, չկան արժեքներ, դրանք լոկ խոսքեր են, որոնց տակ իրականում դատարկություն է: Սակայն, ինչպես տեսնում ենք, ՀՀ-ում գործող տեղեկատվական մի մեծ ինդուստրիա մարդկանց զոմբիացնում է, զրկում սթափ մտածելու ունակությունից, ձեւավորում առասպելներ ու համոզմունքներ, որ մենք ունենք թշնամիներ, բայցեւ ունենք աջակից եւ նվիրյալ բարեկամներ:
Հանուն արդարության պետք է նշել, որ մենք միակ ժողովուրդը չենք, որին կարողացել են զոմբիացնել, զրկել առողջ դատողությունից: 2008-ին համոզում էին վրացիներին, որ բարի Արեւմուտքն իրենց օգնության կհասնի, եթե Ռուսաստանի դեմ պատերազմ սկսվի: Հետո ուկրաինացիներին էին համոզել, որ իրենք Ռուսաստանի դեմ պատերազմում են հանուն Ազատության, եւ ամենազավեշտալին այն է, որ ոչ միայն Ուկրաինայի համար են զոհվում, այլեւ հանուն աշխարհի Ազատության:
Ուկրաինացիների մեծ մասը կարծում էր՝ իրենք ինչ-որ վսեմ առաքելություն են իրականացնում ընդդեմ չար ուժերի, սակայն զոհվում են միայն իրենք, իսկ հիմա եկել է իրենց երկրի մի հատվածը զոհաբերելու գնով պատերազմը դադարեցնելու ժամանակը: Եվրոպան հոգնել է պատերազմից, իսկ հարցը, թե ինչու միայն ուկրաինացիները պետք է հարյուր հազարավոր զոհեր տան հանուն ուրիշների «ազատության», մնում է անպատասխան:
Արեւմտամետությունն ու ռուսամետությունը հաճախ ոչ միայն արտաքին ուժերի պատրաստած ծուղակն է, որով կառավարում են չկայացած հանրություններին, այլեւ՝ ներքաղաքական շահերի սպասարկման գործիք: Որպես օրինակ՝ հատկանշական են ՀՀ նախկին իշխանության հնարքները: Տեխնոլոգիան բավական պարզունակ էր. քանի որ Հայաստանը ռուսական ազդեցության գոտի է, ուրեմն ընդդիմությունը պետք է արեւմտամետ կողմնորոշում ունենա, որպեսզի ՌԴ-ն ստիպված լինի ընտրել «չարյաց փոքրագույնը»։ Դա, միաժամանակ, ավելի լայն դաշտ էր բացում խուսանավումների համար։
Նմանատիպ փորձ 1996-ին ՀՀՇ-ն ցանկանում էր անել՝ ջանալով նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի գլխավոր հակառակորդ դարձնել կոմունիստների թեկնածու Բադալյանին եւ դրանով ստանալ թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի հակակոմունիստական իշխանության աջակցությունը։ 1996-ին դա չստացվեց, փոխարենը ստացվեց 2018-ին. արհեստական դրածոն հաղթեց՝ ողբերգական հայտնի հետեւանքներով։ Քաղաքական «պոկերի» պարտիայում Հայաստանը պարտվեց: Ըստ էության՝ պարտվեցինք բոլորս։ Եվ այդ պարտության բեռը ցայսօր չի հաջողվում թոթափել: