Ուրբաթ, Հունվարի 24, 2025

Խմբագրական

«ՀայաՔվեն» հնարավորությունների պատուհան է բացում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«ՀայաՔվե» նորաբանությունը բառացի նշանակում է «հայության ձայն»: Դա, ըստ էության, Արցախի ինքնորոշման մերժումը եւ Հայոց ցեղասպանության նշանակության նսեմացումը քրեականացնող օրենքի նախագիծ է, որը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների ստորագրահավաքի, այսինքն՝ վերջիններիս ազատ կամարտահայտության միջոցով: Զուտ քաղաքացիական նախաձեռնությամբ մարմնավորվող սույն իրավակարգավորումը մեզանում կիրառվում է առաջին անգամ: Թերեւս՝ դրանով կարելի է բացատրել «ՀայաՔվե»-ի նկատմամբ ինչպես իշխանական, այնպես էլ հանրային որոշակի շրջանակներում առկա անհամարժեք վերաբերմունքը:

Այսպես՝ իշխանության պարագայում ավելի շուտ նկատելի է խանդի ու զգուշավոր վախի, իսկ հանրության պարագայում՝ թերահավատության զգացումը: Սակայն «ՀայաՔվե»-ի մեկնարկից հետո անցած առաջին մի քանի շաբաթվա ընթացքում հանրային ընկալման մեջ զգալի դրական փոխակերպում տեղի ունեցավ՝ ամրապնդելով նախաձեռնության հանդեպ վստահությունը: Ստորագրահավաքի համար սահմանված 60-օրյա ժամկետի 21-րդ օրը «ՀայաՔվե»-ին միացել էր արդեն մոտ 40.000 քաղաքացի: Եվս 10.000 քվե, եւ առաջին փուլով պահանջվող ստորագրությունների քանակը կապահովվի, ինչը թույլ կտա այն դնել ԱԺ-ի քննարկմանը: Խորհրդարանի կողմից մերժվելու դեպքում, որն ամենահավանական տարբերակն է, խնդիրը կբարդանա՝ հարկ կլինի հավաքել 300.000 ստորագրություն:

Ինչ արած, պետք է տքնել՝ փշոտ է ժողովրդավարության ճանապարհը: Ավելի խորագիտակ գործիչները ժամանակին ուշագրավ բնորոշում են տվել՝ ժողովրդավարական համակարգն էլ մի բան չէ, բայց ավելի լավը չունենք: «ՀայաՔվե»-ի նախաձեռնողները շատ ծանր գործի «տակ են մտել», ինչպես կասեր ժողովուրդը: Ծանր, բայց՝ հույժ անհրաժեշտ, հայության պատշաճ աջակցությունը պահանջող: Իշխանությունների հակազդեցությունը մեծ է, նրանք ամեն քայլի դիմում են նախաձեռնությունը խափանելու համար: Եվ դա հասկանալի է՝ օրինագծով խստագույն պատիժ՝ 10-15 տարվա ազատազրկում է նախատեսվում բոլոր նրանց համար, ովքեր Արցախը կճանաչեն որեւէ այլ պետության կազմում:

Այսօրվա դրությամբ ՀՀ բարձրագույն իշխանությունը ներկայացնող պաշտոնյաներից առնվազն երկուսը՝ վարչապետը եւ ԱԳ նախարարը, հրապարակավ հայտարարել են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ իրենց պատրաստակամության մասին: Եթե խնդրո առարկա օրենքն ընդունվեր ավելի վաղ, Փաշինյանն ու Միրզոյանը առաջինը կհայտնվեին մեղադրյալի աթոռին: Նրանցից առաջ ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա երբեք Արցախն Ադրբեջանի մաս չէր ճանաչել: Ի դեպ, իրենց «հետթավշյա» գործունեության արշալույսին թե՛ Փաշինյանը, թե՛ Միրզոյանը մեղադրվում էին համապատասխանաբար Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մեջ, ինչը ցայսօր չի հերքվել:

Ակնհայտ է, որ երկու ցեղասպան երկրների հետ «քիրվայություն» հաստատելու եւ ՀՀ-ի ազգային շահերը նրանց «ոտքերի տակ» փռելու՝ ՔՊ-ական խաժամուժի քաղաքական-գաղափարական ուղենիշները գծվել են դեռեւս 2018-ից շատ առաջ: Երբ ասում ենք ազգային շահեր, նկատի ունենք նախեւառաջ Արցախը, որի հանձնումը, ըստ երեւույթին, կանխորոշված էր: Եվ կանխորոշված էր ոչ առանց մեծ տերությունների կամոք: Արցախում այսօր հումանիտար ճգնաժամն այնքան է սրվել, որ ամեն պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ վերաճել մեծ ողբերգության: Այս կացության խորապատկերին «ՀայաՔվե»-ի հիմնական ուղերձը եւ առաքելությունը դառնում են խիստ արդիական:

Մարդիկ հասկանում են, որ ստեղծված իրավիճակը հետեւանք է գործող իշխանության կողմից թույլ տրված բազում սխալների, ձախողումների եւ կամայականությունների, որոնք անհետաձգելի կարգավորում են պահանջում՝ տնտեսական, սոցիալական եւ իրավական: «ՀայաՔվե»-ն կարեւորագույն այս խնդիրների արդարացի լուծման հնարավորությունների պատուհան է բացում: Պետության կառավարման գործընթացին քաղաքացիների լայն մասնակցության պատուհան: Իրական ժողովրդավարության աննախադեպ դրսեւորման պատուհան:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: