Թշնամին արդեն մտել է մեր պետական տարածք՝ վաղուց եւ դարձյալ այսօր:
Ամբողջական չենք՝ ոչ տարածքով, ոչ ժողովրդով, ոչ էլ հոգով:
Թշնամին մտել է նաեւ մեր նիստ ու կաց, դարձել ներքին՝ թափանցելով հանրային կյանքի ամեն մի շերտ ու ծալք: Մեզ դարձրել է սեւ ու սպիտակ, ներկա ու նախկին, այսինչ-ցի եւ այնինչ-ցի, ողջ ու մեռյալ:
Կասեք՝ ժամանակը չէ: Առաջինը ես՝ միասնության պահն է:
Այո՛, բայց չկա միասնություն այս մեկով՝ նա ոչ առաջնորդ է, ոչ գերագույն հրամանատար, ոչ միավորող է, ոչ էլ իրավունքի սպասավոր:
Նա է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության բազմակի խախտման-զիջման, ինքնիշխանության նվազեցման, Արցախի մեծ մասի եւ, ըստ էության, Հայաստանի հետ սահմանակցության կորստի, մեր ոսկեսերնդի նահատակների՝ ներառյալ այսօրվա կյանք-տղաներից յուրաքանչյուրի զոհաբերության, հիմնական եւ անվանական պատասխանատուն, հանցավորը, մեղավորը:
Մինչ Իլհամ Ալիեւը կկանգնի միջազգային դատարանի առջեւ՝ որպես ռազմական հանցագործ, հարկավոր է, որ նախ Նիկոլ Փաշինյանը, հետո մնացածը պատասխան տան արդարադատության ազգային ատյանում:
Նոր Սարդարապատ՝ Հայկյան իր անհավանականությամբ, կարող է կայանալ միմիայն ի հեճուկս նրա, ոչ երբեք՝ նրա առկայությամբ:
Սգում եմ ու ընդվզում, որ այս արձանագրումը ստիպված կատարում եմ հենց այսօր, բայց միասնության, հույսի, արժանապատվության եւ համապետական պատմական փրկության միակ ուղին սա՛ է:
Վասն հավատո եւ հայրենյաց՝ որոշենք, պաշտպանենք եւ՝ ապրենք:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
13 սեպտեմբեր 2022
Երեւան