Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Չգիտես՝ ով ում բարեկամն է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մեծ քաղաքականության մեջ չկան բարեկամներ ու դաշնակիցներ, կան շահեր, եւ բոլորը բոլորին օգտագործում են: Չնայած ողբերգական ճակատագրին՝ հայերն այդպես էլ չհասկացան, որ հովանավորներ որոնելը ոչ միայն անիմաստ է, այլեւ չափազանց վտանգավոր: Ցանկացած ներունակ հովանավոր սեփական շահն է առաջ մղելու, եւ գլխավորապես՝ ի հաշիվ հովանավորյալի:

Այս ճշմարտությունն իր ահավոր դեմքը բացում է պատմական այն հանգրվաններում, երբ միջազգային կարգ է փլուզվում, ինչպես հիմա է, կամ ինչպես եղավ Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ սկսեց գործել ջունգլիների օրենքը: Առավել եւս՝ երբ աշխարհի հզորներն իրենք են ներքաշվում գոյաբանական պայքարի մեջ: Ռուսաստանը կարող է փլուզվել, եթե ցույց տա իր թուլությունը: Նույնը կարող է տեղի ունենալ Իրանի եւ Թուրքիայի հետ:

Նմանօրինակ խնդրի առջեւ է կանգնած համաշխարհային առաջնորդը՝ Միացյալ նահանգները, որն իր գերիշխող դիրքը (հեգեմոնիան) կորցնելու պարագայում՝ նախ տնտեսապես, ապաեւ ֆիզիկապես, կարող է կործանվել: Խնդիրը գոյութենական է, այսպիսի դեպքերում ոչ մի երկիր մեկ այլ երկրի փրկելու համար ինքնազոհողության չի գնա: Սա է հովանավոր չփնտրելու հիմնական խորհուրդը:

Քաղաքականությունը ռազմավարություն է, որը ենթադրում է հարեւանների եւ հզոր տերությունների շահերի գիտակցման ու դրանց համադրման վերլուծության միջոցով սեփական ռազմարվեստի կառուցում: Կարճ ասած՝ միջազգային քաղաքականությունը փոխադարձ շահերի վրա հիմնված գործարք է: Այս պարզ ճշմարտությունը մենք չսովորեցինք եւ մի հովանավորից հիասթափվելով ու նրան նզովելով՝ փորձում ենք մյուսի գիրկը վազել եւ միանգամից պաշտպանվածություն պարտադրել:

Սա է այն ամենը, ինչն այժմ կատարվում է մեզ հետ եւ ինչը, ցավոք, հանգեցրեց Արցախի կորստին: Սակայն դրանով մեր կորուստները չեն սահմանափակվելու, եթե գոնե հիմա պատշաճ հետեւություններ չանենք: Մենք Ռուսաստանում էինք հովանավորություն փնտրում՝ վարելով հանդերձ հակառուսական քաղաքականություն: Իրանն է այսօր դեռեւս ապահովում Սյունիքի անվտանգությունը, բայց մենք տարածաշրջան ենք բերում Իրանի երդվյալ թշնամիներին, Արեւմուտքից ենք հովանավորություն ակնկալում՝ առանց ձեւակերպելու նրա շահը եւ հստակեցնելու այդ Արեւմուտքին մեր պիտանելիության համատեքստը:

Դաշնակից ու բարեկամ երկրների հետ հարաբերություններում ՀՀ գործող իշխանությունն այնպիսի մի թնջուկ է սարքել, որ չգիտես՝ ով ում բարեկամն է: Մերթ հայտարարում է, թե Ռուսաստանը մեր անվտանգության համար լուրջ սպառնալիք է՝ թշնամանալով երբեմնի ռազմավարական դաշնակցի հետ, մերթ հարվածում է Իրանի շահերին՝ ծառայություններ մատուցելով Արեւմուտքին, ընդ որում՝ սեփական երկրի զոհողությունների գնով:

Իսկ այդ գինը մեր ծվատված ու դեռ ծվատվելիք զույգ պետություններն են, մեր կրած տարածքային ու մարդկային ցավալի կորուստները եւ, ի վերջո, մեր համազգային նվաստացումը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: