Երկուշաբթի, Հոկտեմբերի 07, 2024

Խմբագրական

Մասնավոր անվտանգությո՞ւն

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Օրեր առաջ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը ԱԺ-ում հայտարարեց, որ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից դիտարկվում է Հայաստանով անցնող ճանապարհների անվտանգությունը մասնավոր կամ պահնորդական ծառայություն իրականացնող ընկերությունների վերահսկողությանը հանձնելու հնարավորությունը: Դրանով, կարծես թե, լուծվում է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» գլխացավանքը, որի շուրջ տեւական ժամանակ է, ինչ բախվում են Հավաքական Արեւմուտքի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ այլ երկրների աշխարհաքաղաքական շահերը:

Խնդիրն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը ջանում է հաստատել «միջանցքի» նկատմամբ իր գերիշխանությունը՝ ի հաշիվ Հայաստանի ինքնիշխան տարածքի մասնակի կորստի: Վերը նշված հավակնորդների առաջին քառյակից ում էլ վիճակվի ձեռք բերել «միջանցքի» վերահսկողության իրավունքը, Հայաստանի համար կլինի չարիքի փոքրագույնը: Այլ բան, եթե, Աստված մի արասցե, բախտը ժպտա Թուրքիային: Դա Հայաստանի վերջաբանը կլինի, որովհետեւ Թուրքիան մեծ հնարավորություն կստանա վերամիավորելու թյուրքական աշխարհը եւ իրականացնելու Մեծ Թուրանի հարյուրամյա երազանքը՝ «Հայաստանն առանց հայերի»:

Ճանապարհների անվտանգության ապահովումը մասնավոր կամ պահնորդական ընկերությունների պատվիրակելու դեպքում Հայաստանը, ըստ էության, ոչինչ չի շահի: Ընդհակառակը՝ կստացվի, որ պաշտոնապես ճանաչում է սեփական տարածքում սեփական անվտանգությունն ապահովելու անկարողությունը եւ նախընտրում է կարեւոր այդ հանձնառությունը փոխանցել մասնավոր ընկերության, որն ավելի վստահելի ու մասնագիտորեն ավելի պատրաստված է, քան պետական անվտանգության մարմինները: Փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում այս ամենը եւ ինչպիսի հետեւանքների կարող է հանգեցնել:

Ամեն դեպքում այն, ինչ մտադիր է իրականացնել ՀՀ իշխանությունը՝ ի դեմս ԱԳ նախարարության, իրականում Հայաստանի ինքնիշխանության նշաձողի իջեցում է: Եթե երկիրն անկարող է սեփական տարածքում ապահովել անվտանգություն եւ պատրաստ է կամ ստիպված է իր սուվերեն իրավունքը զիջել ուրիշների, ապա մեծ է հավանակությունը, որ հաջորդիվ այդ տարածքի նկատմամբ կարող են վերահսկողություն սահմանելու հայտ ներկայացնել այլ պետություններ՝ որպես հիմք ունենալով տվյալ երկրի անկարողության պաշտոնական ճանաչումը:

Օրինակ՝ չի բացառվում, որ ճիշտ դիվանագիտություն վարելով՝ մեր ոխերիմ հարեւանը կամ որեւէ այլ երկիր հարց կբարձրացնի, որ եթե Հայաստանն ի վիճակի չէ իր տարածքի մի հատվածում անվտանգություն ապահովել եւ պաշտոնապես ճանաչում է այդ փաստը, ապա ի՞նչ երաշխիք կա, որ մյուս հատվածներում ի վիճակի կլինի նման գործառույթ իրականացնել, հետեւաբար մյուս հատվածների նկատմամբ եւս պետք է իրականացվի միջազգային վերահսկողություն՝ այլ պետությունների կամ մասնավոր ուժերի ներգրավմամբ: Սկզբունքը հետեւյալն է. կա՛մ զորեղ ես՝ ընդհանրապես, կա՛մ անզոր ես՝ առհասարակ:

Եվ այդպիսի անխոհեմ քայլ անում է մի կառավարություն, որի համար, իբր, պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը անանց արժեք են: Բայց տեղի ունեցողը դեռ սկիզբն է, մեծ պայքար է սպասվում արտաքին խաղացողների միջեւ, թե ում կազմակերպությունը Հայաստանում պետք է անվտանգություն ապահովի: Ժամանակին Պանաման, Եգիպտոսը նմանապես իրենց տարածքներով անցնող հաղորդակցությունները զիջել էին մասնավոր ընկերությունների, հետո այդ սխալը շտկելու համար շատ արյուն հեղվեց ու մեծ ջանքեր պահանջվեցին:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: