Կիրակի, Օգոստոսի 07, 2022

Խմբագրական

Կայուն հանրության երաշխիքը միավորող գաղափարն է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սոցցանցերի հայկական հարթակում, ինչպես ափիդ մեջ, երեւում է փոխադարձ ատելության այն խղճուկ վիճակը, որն այսօր տիրում է Հայաստանում: Փլուզման եզրին են հասել վերջին արժեքները, որոնք դեռ կարող են ինչ-որ կերպ խթանել հասարակության հոգեւոր գոյատեւումը, միջանձնային փոքրիշատե տանելի հարաբերությունների պահպանումը։ Իսկ ինչպե՞ս են ստեղծվում այդ արժեքները, համակեցության կանոնները, նորմերը, որոնց շնորհիվ կազմավորվում են ազգեր, հանրություններ եւ, ի վերջո, պետություններ։

Չի կարող լինել կայուն հասարակություն՝ առանց պետական քարոզչության՝ պրոպագանդայի, առանց միավորող գաղափարի: Խորհրդային քարոզչությունը սեփական մաշկի վրա զգացած սերնդի համար «պրոպագանդա» եզրը բացասական զգացողություններ է արթնացնում՝ դա նեգատիվ պրոպագանդայի օրինակ է, որտեղ չէր գործում խոսքի ու մտքի ազատությունը: Ներկա սերնդի համար՝ դարձյալ նեգատիվ առումով, մեկ այլ օրինակ է այժմյան իրողությունը՝ դա ամենաթողությունն է, արժեքների խեղումը, որն արդեն պետական քարոզչության բացակայության արդյունք է։ Այսինքն՝ ցանկացած երեւույթի ծայրահեղությունը հղի է բացասական հետեւանքներով, ինչը, սակայն, չի նշանակում, որ երեւույթն է սխալ։

Քարոզչությունը՝ պրոպագանդան, առաջացել է լատիներեն «propaganda» բառից, որը նշանակում է «տարածման ենթակա», «propago»՝ «տարածել»։ Ստացվում է, որ քարոզչությունը հասարակության մեջ արժեքների, գաղափարների, պահելաձեւի եւ նորմերի նպատակաուղղված տարածումն է։ Ինչպես տեսնում ենք, առանց քարոզչության, այսինքն՝ որոշակի նորմերի, պահելաձեւի, կանոնների, արժեքների տարածման չի կարող լինել կայուն հանրույթ, այդ թվում՝ կենսունակ պետություն։

Եթե 1988-ից սկսած մեր հասարակությունը միասնական էր Արցախի գաղափարի շնորհիվ եւ պատրաստ էր գնալ ինքնազոհողության ու հաղթել, ապա 2000-ականներից ի վեր մենք շարժվում ենք դեպի գաղափարների ու այլ արժեքների աղճատում, եւ պետությունը չունի քարոզչական քաղաքականություն, անգամ որեւէ ընդհանուր նպատակ կամ գաղափար, որի շուրջ հնարավոր լիներ համախմբել հանրությունը։ Քարոզչությունն ունի որոշակի կանոններ։ Այն ենթադրում է ունենալ առանցքային թեզ եւ հանրության համար լինի դյուրընկալելի ու, ամենակարեւորը, հնարավորինս անխոցելի:

Օրինակ՝ Միացյալ Նահանգներում դա ազատության գաղափարն է, Խորհրդային Միությունում հավասարությունն ու արդարությունն էր, մեր հարեւան Իրանում՝ իսլամը, Ֆրանսիայում՝ ազատության, հավասարության ու եղբայրության կարգախոսը, թշնամիներով շրջապատված Իսրայելում՝ ինքնափրկության գաղափարը եւ այլն։ Դրանք կարող են ժամանակի ընթացքում փոխվել կամ փոխարինվել այլ թեզերով, կարող են զարգանալ ու վերափոխվել, սակայն առանց հասարակությանը միավորող գաղափարի, ունենում ենք այն, ինչ այսօր տեսնում ենք Հայաստանում։ Կարելի է տարբեր կերպ մոտենալ այս կամ այն գաղափարին, քննադատել, մեկնաբանել, առարկել եւ այլն, սակայն դրանց վրա կառուցվում են արժեքային համակարգեր, որոնք թույլ են տալիս միաբանել հասարակություններին, եղբայրության, հարազատության զգացմունքներ սերմանել եւ կառուցել կայուն պետություններ։

Այն վիճակը, որն այժմ կա մեզանում, մեծապես պայմանավորված է միավորող գաղափարի բացակայությամբ եւ արժեքային համակարգի խորացող քայքայմամբ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: