Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Խմբագրական

Անդրանիկի հանձնաժողովը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սեպտեմբերի 6-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Հ1»-ի եթերից հայտարարեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքը, եւ եզրակացությունը պատրաստ է, որը եկող հոկտեմբերին կներկայացվի խորհրդարանի փակ նիստում: Քոչարյանի խոսքով՝ հանրությունը կարող է ծանոթանալ զեկույցի միայն առանձին հատվածներին, բայց ոչ ամբողջական տեքստին, քանի որ այն գաղտնի տեղեկատվություն է պարունակում։

Մի փոքր նախապատմություն. ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022թ. փետրվարին՝ իշխող քաղաքական մեծամասնության պատգամավորների նախաձեռնությամբ եւ համալրվել հիմնականում իշխանական թեւի երեսփոխաններով ու արտախորհրդարական համակիրներով: ԱԺ ընդդիմության ներկայությունը հանձնաժողովում աննշան էր, ինչի պատճառով էլ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները որոշում էին կայացրել չմասնակցել իշխանության ձեւավորած հանձնաժողովի աշխատանքին եւ չմասնակցեցին: Հստակ էր, որ հանձնաժողովը կոչված է լինելու իշխանությունների անմեղության «բեմականացմանը»։

Առհասարակ՝ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ԱԺ-ում քննիչ հանձնաժողովների ստեղծումն ընդդիմադիր ուժերի գործիքակազմերից է։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ իշխանությունները չեն կարող անաչառորեն քննել իրենք իրենց գործողությունները։ Մանավանդ որ, իշխանությունը հրապարակավ ընդունել էր, որ ինքն է 44-օրյա պատերազմի աղետալի հետեւանքների «թիվ մեկ» մեղավորը եւ «թիվ մեկ» պատասխանատուն: Եթե այս ամենին հավելենք ցանկացած հարցում հանձնաժողովի նախագահի աչառու մոտեցումները,- դրանք լավ հայտնի են հանրությանը,- կստացվի, որ ընդդիմությունն իսկապես անելիք չուներ Անդրանիկի հանձնաժողովում:

Հիմա որքան էլ «Հ1»-ի եթերից այդ մարդը փորձի հանրությանը համոզել, թե՝ բա չեք ասի, պատերազմի պատճառների մասին լուրջ քննություն է տարվել, տասնյակ հազարավոր փաստաթղթեր են ուսումնասիրվել, հարցազրույցներ եւ այլն, հավատացող չկա, բացի յուրայիններից, որոնք իրականում նույնպես չեն հավատում, ուղղակի հանուն թիմային համերաշխության՝ ձեւացնում են, թե իբր հավատացին:

Քննիչ հանձնաժողովի՝ երկուսուկես տարի ձգձգված այս աշխատանքի ընթացքում մենք ականատեսն էինք, որ նիստերին հրավիրվում են ՀՀ-ի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներ, զորահրամանատարներ, իշխանության ներկայացուցիչներ, որոնց տալիս էին հարցեր եւ լսում պատասխաններ: «Քննվելու» պատրաստակամություն էր հայտնել անգամ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, որի համար այս հարթակը, թերեւս, հարմարավետ էր՝ մտնելու 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ անմիջական կապ չունեցող 90-ականների ու այս դարասկզբի «խորխորատները», եւս մեկ անգամ ներկայացնելու հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի գրեթե երեսնամյա շրջանի վերաբերյալ իր խճողված տեսլականը, որը տարբեր առիթներով բազմիցս լսել ենք:

Այժմ՝ թեմայի ամենագլխավոր հարցը. հնարավո՞ր էր խուսափել 44-օրյա պատերազմից՝ առանց այնչափ ողբերգական հետեւանքների, որ եղան: Պատերազմները, գլխավորապես, քաղաքական ու դիվանագիտական ձախողումների արդյունք են: Մեր դեպքում անզեն աչքով էլ տեսանելի էր պատերազմի անխուսափելիությունը, քանի որ բոլոր բաց ու փակ եղանակներով մեզ զգուշացնում էին այդ մասին: Հիշենք ԵԱՏՄ 2019 թվականի երեւանյան գագաթաժողովը, որտեղ երկրների ղեկավարների փակ հանդիպմանը Փաշինյանին բացատրում էին Հայաստանի գլխին գալիքը, հիշենք ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված՝ մոտալուտ պատերազմի մանրամասն նկարագրությունը: Նույնիսկ Լեդի Գագայի տեսահոլովակում զգուշացում կար:

Ոչ մի հետեւություն չարվեց, եւ հանցավոր անպատասխանատվության արդյունքը եղավ այն, որ ճակատային գծերի զորանոցներից զինծառայողներին չտարհանելու պատճառով պատերազմի առաջին իսկ րոպեներին հարյուրավոր զոհեր ունեցանք, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարն արտերկրում ինչ-որ մերձավորի ծննդյան տարեդարձի պատվավոր հյուրերից էր: Հետաքրքիր է՝ Անդրանիկի հանձնաժողովի զեկույցում արձանագրվա՞ծ է ողբերգական այս դրվագը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: