Կիրակի, Օգոստոսի 07, 2022

Խմբագրական

Քաղաքականություն՝ առանց պատասխանատվության

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մշակութաբանների ու տնտեսության տեսաբանների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջընթաց ու բարգավաճում արձանագրում են այն երկրները, որտեղ կան որոշակի ավանդույթներ ու չգրված օրենքներ: Պարզ է, որ գրված օրենքները բավարար չեն օրինապահ ու զարգացող հասարակություն կառուցելու համար:

Ըստ այդ տեսությունների, հասարակության համար կարեւոր բնութագրիչներից են փոխադարձ վստահության բարձր աստիճանն ու պատասխանատվության ինստիտուտի կայացումը: Շատ երկրներում բիզնես համաձայնությունների ու տարբեր գործարքների հաջողության համար բավարար է ընդամենը բանավոր պայմանավորվածությունը, եթե նույնիսկ ձեռք է բերվել առանց վկաների:

Փոխվստահությունն ու պատասխանատվության հանրային ինստիտուտների առկայությունը երաշխավորում են նման հասարակությունների կայացվածությունը, իսկ քաղաքական ու հանրային կյանքում սուտ խոսելը, մարդկանց թյուրիմացության մեջ գցելն ու ճշմարտությունը թաքցնելը պատժվում են դաժանագույն եղանակներով՝ մինչեւ անգամ առանց իրավական մեխանիզմների կիրառման: Նման մարդիկ շատ արագ մղվում են հետնախորշ՝ կորցնելով հարգանքը եւ հանրային ու քաղաքական կյանքում որեւէ դերակատարություն վերաստանձնելու վստահությունը: Մեկ անգամ սայթաքելը նրանց համար դառնում է ճակատագրական:

Հիմա վերադառնանք մեր իրականություն: Հայաստանում փոխադարձ վստահության մակարդակի մասին որեւէ սոցիոլոգիական հետազոտություն չի արվել, սակայն եթե արվեր, համոզված ենք, որ փոխվստահության ցուցանիշը ծայրաստիճան ցածր էր լինելու: Մենք իրար չենք վստահում՝ խաբելը, սուտ խոսելը, մարդկանց թյուրիմացության մեջ գցելը սովորական երեւույթ են։ Նույնը համարյա ամեն օր տեսնում ենք մեր առօրյայում: Օրինակներն այնքան շատ են, որ իմաստ չունի դրանց անդրադառնալը: Գործող իշխանության անդամները՝ սկսած ղեկավարներից, այս երեք տարվա ընթացքում այնքան ստեր են հերյուրել, այնքան շատ են հասարակությանն ապակողմնորոշել ու մանիպուլացրել, որ ընդամենը պետք է յուրաքանչյուր օրվա մամուլը կարդալ եւ համոզվել դրանում: Անձամբ Կառավարության ղեկավարի ստերն ու մանիպուլյատիվ վարքագիծն առանձին լուսաբանման նյութ են: Մարդ, ով իրեն հարմար ձեւով խեղաթյուրում է նույնիսկ պաշտոնական վիճակագրության թվերը:

Խորհրդանշական է, որ 2018-ի «հեղափոխության» հրապարակային առիթը Սերժ Սարգսյանի ստախոսությունն էր. նա խոստացել էր Սահմանադրության փոփոխությունից հետո այլեւս չլինել երկրի ղեկավար, սակայն հետագայում խաբեց հանրությանը, առաջադրվեց վարչապետի պաշտոնում եւ ընտրվեց։ Կամ՝ խորհրդարանական Երկրորդ նախագահը, ով մարդկանց զուր հույսեր ներշնչելով՝ դուրս բերեց փողոց, այնուհետեւ խոստացավ ԱԺ արտահերթ ընտրություններում «կրել», սակայն բավարարվեց 21 տոկոս քվեներով։ Փաստորեն՝ խոսքը սուտ դուրս եկավ, եւ երկրորդ անգամ դժվար թե արժանանա հանրության վստահությանը։

Խոսքը դատարկ կրակոց չէ՝ այն պատասխանատվություն է ամենից առաջ: Պատասխանատվության ինստիտուտի բացակայությունն է այսօրվա Հայաստանի հիմնական խնդիրը, առանց որի շտկման հաջողություններ չենք կարող ունենալ։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: