Այս խառնակ ժամանակների հենքին Հայաստանում իշխանական շրջանակներից դուրս քննարկվող ամենակենսահույզ թեման հայաթափված Արցախն է՝ արդյո՞ք հարցն այլեւս փակված է, եւ մենք մեկընդմիշտ կորցրինք մեր հայրենիքի մի մասը, թե՞ հիմնախնդրի ոչ հայանպաստ զարգացումների հունը ետ շրջելու որոշակի հույսեր, այնուամենայնիվ, դեռ պահպանվում են: Միանգամից արձանագրենք, որ վերջինիս օգտին վկայող ակամա ազդակներ մենք հաճախ ենք ստանում եւ, որքան էլ դա տարօրինակ հնչի, ստանում ենք Ադրբեջանից՝ անձամբ նախագահ Իլհամ Ալիեւից:
Այս մարդը պարբերաբար ջղաձգությունների մեջ է ընկնում՝ մերթ պահանջելով փոխել ՀՀ Սահմանադրությունը, մերթ տեղում կարգադրելով ավերել արցախյան քաղաքներն ու գյուղերը, պատմամշակութային կոթողները, մինչեւ անգամ հայկական գերազմանոցները, որպեսզի հայերը չվերադառնան: Երեւում է՝ Արցախի իրական տերերի վերադարձի տեսլականը նրան խիստ մտատանջում է, խաթարում հանգիստը, մատնում ներքին վախերը: Կարճ ասած՝ «գող՝ սիրտը դող»: Սակայն վախենալու լուրջ պատճառ, կարծես թե, ինքը չունի, քանի որ իր երկիրն ապահովագրված է բոլոր առումներով՝ պայմանագրային, էներգահումքային, դաշնակցային եւ այլն:
Չմոռանանք, որ 2021թ. հունիսի 15-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները հայոց Շուշիում ստորագրեցին երկու երկրների գործակցության պայմանագիր, որը կոչվում է «Շուշիի հռչակագիր»: Այն ենթադրում է «փոխադարձ ռազմական օգնություն եւ սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում»: Իսկ ավելի վաղ՝ 2020-ի փետրվարի 22-ին՝ Ռուս-ուկրաինական պատերազմից բառացիորեն երկու օր առաջ, Ալիեւը Մոսկվայում ՌԴ նախագահի հետ ստորագրել էր ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների հաստատման համաձայնագիր: Բաքուն համագործակցության փաստաթղթեր է ստորագրել նաեւ Իրանի, Մերձկասպյան տարածագոտու երկրների հետ:
Բացի դրանից՝ մոտակա ժամանակներում Հայաստանն Ադրբեջանի համար որեւէ վտանգ չի կարող ներկայացնել ո՛չ ռազմական, ո՛չ տնտեսական, ո՛չ ժողովրդագրական իմաստով, առավել եւս՝ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման օրոք: Եվ ամեն ինչից զատ՝ այդ երկրի դերն առաջիկայում մեծանալու է՝ պայմանավորված Եվրոպա մատակարարվող ադրբեջանական գազի ծավալների աճով: Բանն այն է, որ եկող հունվարից Ռուսաստանը դուրս է գալու «կապույտ վառելիքի» եվրոպական շուկայից: Ուրեմն՝ ինչո՞վ բացատրել Ադրբեջանի ղեկավարի անհասկանալի պահվածքը՝ ժամանակ առ ժամանակ նրա մոտ ի հայտ եկող հիստերիկ բռնկումները:
Հարցին պատասխանելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ կատարվեց 2020-ի սեպտեմբերին՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս սկսվեց 44-օրյան եւ ինչո՞ւ մենք պարտվեցինք: Ընդ որում՝ պարտվեցինք ոչ թե Ադրբեջանից, այլ Իսրայելից, որի մատակարարած զենքերը վճռորոշ եղան: Պարտվեցինք Բրիտանիայից, որը դիվանագիտական տանիքն էր ապահովում, ինչպես նաեւ հետախուզական տվյալներ էր տրամադրում Ադրբեջանին: Պարտվեցինք Թուրքիայից, որի դերն ու շարժառիթներն ինքնին պարզ են, պարտվեցինք Պակիստանից, այն ահաբեկիչներից, որ բերվել էին Սիրիայից եւ, վերջապես, պարտվեցինք ԱՄՆ-ից, որը ձեռքերը լվաց, մի կողմ քաշվեց. «Հայերը խելացի ժողովուրդ են, լավ ժողովուրդ են, մի բան կանեն»,- անելիքն այսքանով ավարտել էր Թրամփը:
Պատերազմը, ըստ էության, համաձայնեցված էր, եւ այդ գաղտնիքը ժամանակին բացել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ կանխավ նշելով պատերազմի գլխավոր ուղղությունը, օրը եւ ժամը: Ահաեւ հասանք այն հարցին, թե որն է Ալիեւի դյուրագրգիռ ու անհավասարակշիռ հոգեվիճակի պատճառը: Նա լավ է հասկանում, որ պատերազմում ինքը չի հաղթել, որ հաղթանակն իրեն մատուցվել է, եւ նման երջանիկ պատեհություն, հնարավոր է, այլեւս չլինի: Հասկանում է, որ շատ հեռուն է գնացել՝ էթնիկ զտումներ իրականացնելով հազարամյա Արցախում եւ յուրացնելով դրացի պետության տարածքները: Հասկանում է նաեւ, որ կատարած չարագործությունների համար պատասխան տալու ժամը չի ուշանա:
Հեյդարօղլին վախենում է, որ միջազգային հարաբերություններում կարող է իրավիճակ փոխվել, վախենում է ՀՀ-ում ակնկալվող իշխանափոխությունից, հայկական ռեւանշիզմից, Արցախի վերադարձից, արդար հատուցումից, անգամ՝ սեփական ստվերից: