Ինքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որ թույլ չտա իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն, այլընտրանքային պատմություն գրեն ու հրամցնեն նույն ժողովրդին։
Ցանկացած ազգ, որ կեղծ պատմություն է սովորում և առաջնորդվում դրանով, գործիք է դառնում արևմտյան երկրների ձեռքում և սպասարկում Արևմուտքի շահերը և հետո դեն շպրտվում․ այն, ինչ այսօր մենք տեսնում ենք Ուկրաինայում։
Ուկրաինայի համար ևս այլընտրանքային պատմություն է գրվել։ Նախ՝ ավստրիացիների կողմից, հետո՝ անգլոսաքսերի։ Ռուս ժողովրդի մասին կեղծ պատմություն են քարոզել, ներշնչել են, որ նրանք այլազգի են, որ ռուսներ չեն։ Ուկրաինական էլիտաները թույլ են տվել, որ և՛ ժողովրդին, և՛ իրենց մոլորեցնեն, խաբեն կեղծ պատմությամբ։ Արդյունքում իրենք էլ, հավատալով այն թեզին, որ այլազգի են, այլ քաղաքակրթություն ունեն, հայտնվել են գործիքի դերում և հիմա սեփական պետության և ժողովրդի կյանքերի գնով ծառայում են արևմտյան շահերին։
Առհասարակ, Արևմուտքը փայլուն տիրապետում է և իր ողջ պատմության ընթացքում առաջնորդվել է տարբեր ազգերին և ժողովուրդներին կեղծ պատմություններով տրոհելու, տարանջատելու և իրենց շահերի համար օգտագործելու գաղափարախոսությամբ։ Կա քաղաքական մի թեզ՝ պատմությունը գրում են հաղթողները։ Արևմուտքն այս թեզին լավ է տիրապետում։ Հաղթանակներից հետո պարտված ժողովուրդների համար նրանք գրում են պատմություն, որը ոչ թե իրականությունն է արտացոլում, այլ այդ ժողովուրդներին դարձնում է գործիք՝ արևմտյան երկրների շահերը սպասարկող։
Ցավոք սրտի, մեզ համար Արևմուտքը ևս գրել է այլընտրանքային պատմություն։ Եվ այդ պատմությանը հավատալու արդյունքում է, որ այսօր կանգնել ենք մի իրավիճակի առաջ, երբ մեր պետականությանն ու ժողովրդին ռեալ վտանգ է սպառնում։
Մեր էլիտաների թույլտվությամբ, հաճախ նաև ցանկությամբ Արևմուտքին հաջողվել է հայ ժողովրդին հրամցնել մի պատմություն, որտեղ մեր ազգի բոլոր պրոբլեմների և ձախողումների պատճառը ռուսներն են։ Ռուսներն են պատճառը, որ մենք կորցրել ենք մեր պատմական հողերը, որ հիմա էլ կորցրինք Արցախը, և այլն, և այլն, և այլն։ Ցավոք մենք չենք ունեցել այն էլիտաները, որոնք կկարողանային դեմ գնալ արևմտյան այդ՝ իրականում ողբերգական և ազգակործան ծրագրերին և թույլ չտային, որ նրանց գրած այլընտրանքային պատմությունը ներկայացվի մեր ժողովրդին՝ որպես ճշմարտություն։
Մեր էլիտաները ոչ միայն դրա դեմը չեն առել, այլ իրենք էլ են մասնակիցը դարձել այդ այլընտրանքային, կեղծ պատմությունը մեր ժողովրդին հրամցնելու, շատ հաճախ պատմության դասագրքերում ու դպրոցներում դասավանդելու գործընթացին։ Հավատալով այդ կեղծ թեզերին՝ հայտնվել ենք ողբերգական իրադարձությունների նախաշեմին։
Իրականում հայ-ռուսական հարաբերությունների խնդիրը ոչ թե քաղաքական է, այլ՝ պատմական։ Մեզ հրամցնում են, թե ռուսներն ամեն ինչում մեղավոր են, իսկ մենք՝ ամեն ինչում ճիշտ, և առանց ռուսների այս տարածաշրջանում հնարավոր է ունենալ պետականություն։ Այս թեզին հավատալու արդյունքում այսօր մենք մտածում ենք, թե առանց Ռուսաստանի աջակցության և անվտանգային ճարտարապետության հնարավոր է խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Սրանք ողբերգական իրադարձություններ են, և եթե մենք սրանց չդիմակայենք, հայտնվելու ենք շատ ծանր իրավիճակում։
Սա է պատճառը, որ Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Մեդվեդևը հայտարարում է՝ Հայաստանը կարող է դառնալ նոր Ուկրաինա։
Այս հայտարարությունը Հայաստանում լուրջ արձագանք չգտավ։ Այսօր էլ մեր էլիտաները չեն ուզում հասկանալ կամ չեն հասկանում, որ չի կարելի թույլ տալ սեփական պատմությունը խեղաթյուրել։ Չի կարելի թույլ տալ, որ քո պետության և ժողովրդի համար Արևմուտքը գրի այլընտրանքային պատմություն, և դու էլ բերես այդ պատմությունը հրամցնես քո ժողովրդին։
Եվ վերջում մի օրինակ բերեմ։ Ճապոնիային հաղթելուց և միջուկային զենքով խփելուց հետո Միացյալ Նահանգները Ճապոնիայի համար գրել է պատմություն, որտեղ այսօրվա ճապոնացիները գիտեն, որ իրենց միջուկային զենքով խփել են, բայց շատերը չգիտեն, թե ով է խփողը։ Ավելին, այսօր Ճապոնիայում տարվում է մի թեզ, որ Սովետական Միությունն է մեղավոր, որ Միացյալ Նահանգներն իրենց միջուկային զենքով խփել է։
Կարող եմ այլ օրինակներ ևս բերել, երբ Արևմուտքը մի ժողովրդի արհեստականորեն բաժանում է տարբեր պետությունների մեջ՝ մեկի անունը դնելով Հնդկաստան, մյուսինը՝ Պակիստան։ Մի հատ էլ դեռ ավելացնում է Բանգլադեշ։ Հետո այս պետությունները սկսում են մեկը մյուսի հետ կռվել՝ մոռանալով, որ իրենք դարերով ապրել են նույն տարածքում, կողք կողքի, և գլոբալ առումով միգուցե նրանք մեկ ազգ են, քան՝ այլ ազգեր։
Այս նույն տրամաբանությամբ արևմտյան երկրներին հաջողվել է դարերի ընթացքում բաժանել և տարբեր ազգերի ու պետությունների վերածել սլավոնական այլ ժողովուրդներին, այնպես, ինչպես դա արել են այսօր Ուկրաինայի պարագայում։ Օրինակ՝ խորվաթներին համոզել են, որ իրենք սերբեր չեն, այլ ազգ են, որ լեզուն, մշակույթը այլ է, և արդյունքում խորվաթները դարձել են սերբ ժողովրդի ցեղասպանության պատճառ։
Նման օրինակները բազմաթիվ են, թե ինչպես են արևմտյան երկրները հորինում նոր ազգեր, նոր պետություններ, ազգերին բաժանում, նույն ազգը բաժանում տարբեր ազգերի ու պետությունների, հետո կռվեցնում իրենց շահերի համար։
Ես միշտ մտածել էի, որ մեր պարագայում նման բան չի կարող լինել, բայց երբ ավելի խորը սկսեցի ուսումնասիրել քաղաքական մտքի պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը, մեր տարածաշրջանի պատմությունը, հասկացա, որ սխալվել եմ։ Ցավոք սրտի, մեր դեպքում ևս Արևմուտքին ոչ միայն հաջողվել է գրել մեր պետության ու ժողովրդի համար այլընտրանքային պատմություն, այլ 1991 թվականից հետո այդ պատմությունը պարտադրել։
Միգուցե նաև ուղղակի մեր էլիտաները սիրով ընդունել են այդ պատմությունը, որովհետև արևմտյան պատմությունները, որպես կանոն, ավելի հաճախ հաջող են, ավելի շատ մեծարում են և շոյում քո ինքնասիրությունը, և դու, հավատալով այդ գեղեցիկ խոսքերին, ուղղակի կորցնում ես քո պետությունն ու ժողովրդին։
Ինչո՞ւ եմ ես նման թեմաների անդրադառնում, որոնք առաջին հայացքից են թվում էմոցիոնալ։ Սրանք քաղաքական, աշխարհաքաղաքական, գեոպոլիտիկ թեզեր են։ Այն ժողովուրդներն ու պետությունները, որոնք դրանց լուրջ չեն վերաբերվում, խորությամբ չեն հասկանում, դատապարտված են անընդհատ կորցնելու իրենց պետականությունները և սեփական ժողովրդին անընդհատ դնելու տհաճ և երբեմն նաև ողբերգական իրավիճակների մեջ։
Ի դեպ, նաև սա է պատճառը, որ Ռուսաստանը նախագահ Պուտինի գլխավորությամբ թույլ չի տալիս իր պատմությունը, մասնավորապես՝ Երկրորդ համաշխարհային, Հայրենական պատերազմի պատմությունը Արևմուտքը փոխի։ Քանզի շատ լավ հասկանում է, որ նման պարագայում Ռուսաստանը ևս կկորցնի իր պատմական ընթացքի ճշմարտացիությունը և կվերածվի գործիքի։ Սա է պատճառը, որ Ռուսաստանն ամեն գնով պայքարում է, որպեսզի իր պատմությունն ուրիշները չկարողանան վերափոխել, չկարողանան ռուս ժողովրդին ներկայացնել կեղծ այլընտրանքային պատմություն։
Մհեր Ավետիսյան
«Հայացք Երևանից»




