Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները ոչնչով չզարմացրին: Ուժերի դասավորությունն այնպիսին էր, ինչպես բոլորը սպասում էին: Երկրում հետհեղափոխական մթնոլորտը թելադրեց իր պայմանները: Ավելի ձանձրալի ընտրություններ, շատ դիտորդների կարծիքով, Հայաստանում չէին եղել: Պահի միակ ինտրիգը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրկնակի կալանավորումն էր: Ավելի ճիշտ` ոչ թե կալանավորումը, այլ դրան հաջորդած` նրա կողմնակիցների բողոքի գործողությունը: Դատելով ակցիայի տեսագրությունների դիտումների քանակից` դրա հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ էր (թեեւ բուն ակցիան սակավամարդ էր): Արձագանքները հիմնականում բացասական էին:
Սակայն, եթե ավելի խորը նայենք «Քոչարյանի գործին», ապա նրա շուրջ ծավալվող գործընթացներում շատ խորքային իմաստ կարող ենք տեսնել: Այստեղ գործ ունենք հանրության հասարակական-քաղաքական կյանքի միանգամից մի քանի կարեւոր դիտանկյունների հետ: Առաջին` ի վիճակի՞ են լինելու «նախկինները» պայքարել իրենց իրավունքների համար: Եվ երկրորդ` ունա՞կ է արդյոք մեր հասարակությունը երկրում արմատավորել արդարադատության համակարգ: Ինչպես թվում է, ամեն ինչ բավական բարդ է:
Անդրադառնանք բուն ակցիային: Միակ հռետորը, նույն ինքը՝ հանրահավաքի կազմակերպիչը, հավաքվածներին համոզում էր, որ Քոչարյանի դեմ հարուցված քրգործը եւ նրա կալանավորումը վկայությունն են այն բանի, որ Հայաստանի նոր իշխանությունները իրենց հակառակորդներին հետապնդում են` ելնելով վրեժի զգացումից: Ավելին` նա ուշադրությունը սրում էր խնդրի բացառապես մեկ կողմի վրա` շեշտելով, թե տեղի է ունենում նպատակաուղղված հալածանք «պատերազմի հերոսների» նկատմամբ: Անցկացվեցին նույնիսկ հարյուրամյա վաղեմության պատմական զուգահեռներ: Հռետորը ներկաներին հավաստիացնում էր, որ Քոչարյանի ճակատագիրը համեմատելի է բոլշեւիկների կողմից ոչնչացված` առաջին հայկական Հանրապետության առաջնորդների ճակատագրի հետ: Այսինքն` փորձում էր բոլորին համոզել, որ Հայաստանի նոր իշխանությունների գործողություններում դրսեւորվում են հակազգային եւ հակապետական մտադրություններ:
Քոչարյանի պաշտպանների` «իրավական կամայականության» մասին, «նախկին քաղաքական գործիչների նկատմամբ ընտրողաբար մոտեցման» մասին, արդարադատության հանդեպ գործադիր իշխանության դիկտատի մասին մինչ օրս գոյություն ունեցող փաստարկները մի տեսակ ստվերվել էին ակցիայի մասնակիցների բերած փաստարկներից: Տիրապետում էր «պետական անվտանգության հիմքերի նպատամիտված ոչնչացման» հայեցակարգը: Այսինքն` խնդիր էր դրված թույլ չտալու Հայաստանի երկրորդ նախագահի դեմ դատական գործընթացի բուն փաստը: Թե ինչում էին նրանք տեսնում նման հայեցակարգի արդյունավետությունը, դժվար է ասել:
Սակայն բողոքավորների միջավայրում հայտնված եւ նրանց հետ բանավեճի մեջ մտած` ներկայիս իշխանությունների կողմնակիցները շատ արագ ցույց տվեցին առաջինների փաստարկների սնանկությունը: Նրանք պարզապես համոզում էին բոլորին, որ որեւէ ծառայություններ` նույնիսկ հերոսականը, չեն կարող լուրջ հանցագործությունների արդարացում լինել: Իսկ քանի որ Քոչարյանը մեղադրվում է «2008 թվականի մարտի 1-ի գործով», ոչ ոք իրավունք չունի դեմ դուրս գալու արդարադատությանը:
Պետք է ընդունել, որ իրավիճակը միանշանակ չէ. ցանկացած փաստարկ կախված է մնում է օդում: Նմանատիպ վեճեր վերջերս եղան «Սասնա Ծռերի» գործով: Դարձյալ վերջիններիս պաշտպանները հանդես էին եկել ընդդեմ նրանց դատի` վկայաբերելով խմբի անդամների հերոսության փաստարկը, որոնք զենքը ձեռքներին պայքարի էին ելել վարչակարգի դեմ: Այդպիսի խնդիր Հայաստանում ծագել էր նաեւ 2000 թվականին: Այն ժամանակ կալանավորվել էր արցախյան բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Եվ նրա կողմնակիցները նույնպես գործը ներկայացնում էին որպես «հերոսի հալածանք»: Երկրի քաղաքական կյանքում այդ հայեցակարգի պարբերաբար հայտնվելը պայմանավորված է շատ կարեւոր մի հանգամանքով. հասարակությունը չի վստահում արդարադատության համակարգին: Հետեւաբար, դատարանի ոչ մի որոշում արդարացի չի համարվում: Եվ հաճախ դա վարկաբեկված գործիչներին թույլ է տալիս իրենց նկատմամբ դատական գործեր հարուցելու դեմ բողոքի զգալի ալիքներ «հավաքագրել»: Իրավական փաստարկները փոխարինվում են առասպելաբանությամբ: Այդպիսով՝ արդարադատության համակարգը մտնում է փակուղի:
Արդարադատություն չի կարող լինել, եթե դրա նկատմամբ չկա հասարակության լայն վստահությունը: