Ուրբաթ, Ապրիլի 17, 2026

Խմբագրական

Փաշինյանի հարցազրույցի վտանգավոր ուղերձները

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ «Հ1»-ին տված հարցազրույցն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան տվեց պարզաբանումներ: Հարցազրույցն ըստ էության գնահատելու համար պետք է նախ հասկանալ ժամանակային առումով դրա անցկացմանը զուգադիպած քաղաքական գործընթացի համատեքստը, ապաեւ զրույցի բովանդակության առանցքային միտքը՝ այն գաղափարը, որի շուրջ ծավալվում է խոսույթը:

Եվ այսպես՝ դիտարկենք մեր ժամանակի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումները, որոնց համատեքստում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը որոշեց հարցազրույց տալ եւ ասելիքը հասցնել հանրային լսարանին: Ո՞րն է այդ ասելիքը, որի կարեւորեւորությունը հատկապես այժմ դարձավ հրատապ: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս օրերին ընթանում է փակ երկխոսություն՝ փաստաթղթերի փոխանակում, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» կամ, ավելի ստույգ, դրա սկզբունքների հստակեցման շուրջ:

Մյուս գործոնը աշխարհաքաղաքականն է: Ինչպես հայտնի է, աշխարհում երկու կարեւոր գործընթաց է տեղի ունենում՝ ազդեցության գոտիների վերաբաժանում, եւ բանավեճ ապագա աշխարհակարգի սկզբունքների թեմայով: Այդ գործընթացներն առաջ են գնում շատ կոշտ մրցակցության պայմաններում՝ որոշ տարածաշրջաններում պատերազմների ու ռազմական բախումների տեսքով: 2020թ. 44-օրյա պատերազմն ու դրանից հետո կատարվածը, որը հանգեցրեց Արցախի հայաթափմանը, պետք է դիտարկել հենց այդ գործընթացի տրամաբանության մեջ:

«Խաղաղության պայմանագրի» քննարկման վայրի եւ բովանդակության հետ կապված՝ թեժ պայքար է գնում է Մոսկվայի, Բրյուսելի եւ Վաշինգտոնի միջեւ, անմիջականորեն դրանում շահագրգռված են Թեհրանն ու Անկարան: Հասկանալի է, որ յուրաքանչյուր կողմ ունի իր շահերը եւ, որոնք նախեւառաջ առնչվում են ապագա հնարավոր հաղորդակցություններին, ինչն աշխարհաքաղաքական վերադասավորության հանգուցային գործոնն է: Չի կարելի բացառել, որ հարցազրույցը նաեւ «Խաղաղության պայմանագրի» կարեւոր կետերից մեկի՝ հաղորդակցության ուղիների մասին հրապարակային հայտարարություն հնչեցնելու նպատակ ուներ:

Եթե մի կողմ դնենք արցախյան բանակցությունների պատմության, դրանց սկզբունքների մասին իրարամերժ ու վիճահարույց, երկար ու մշուշապատ դատողությունները, ապա ողջ հարցազրույցից կարելի է քամել մեկ որոշակի միտք. ՀՀ կառավարությունը հրաժարվում է Արցախի հարցից եւ, վերջնականապես, միջպետական պայմանագրի տեսքով ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց Արցախի հայերի իրավունքների վերաբերյալ որեւէ արձանագրության: Սրանում է «Հ1»-ի զրուցակիցը տեսնում հայոց պետականության փրկության միակ ելքը, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխանությունը ՌԴ-ից պաշտպանելու երաշխիքը: Դրանից ենթադրելի է, որ հետագայում հնարավոր է՝ արտաքին վեկտորի կտրուկ փոփոխություն, այսինքն՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց եւ Արեւմուտքի հետ ռազմաքաղաքական պաշտոնական համագործակցության մեկնարկ:

Ահավասիկ՝ խնդրո առարկա հարցազրույցի հիմնական եւ բավականաչափ վտանգավոր ուղերձները: Եթե այս ամենին ընդդիմադիր քաղաքական ուժերը չդիմադարձեն պատշաճ այլընտրանքով եւ, հատկապես, արցախյան խնդրի լրջմիտ վերաիմաստավորմամբ ու ԼՂՀ ժողովրդի իրավունքների եւ ազատությունների գործնական պաշտպանությամբ, մեզ դժվար ժամանակներ են բաժին հասնելու: Ընդդիմությունը պետք է միավորվի եւ ասի իր վճռական խոսքը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: