Ընթացիկ համար#43/2026

Մանվել Սարգսյան. «Մենք 20 տարի մուկ ենք տշում, դրա համար էլ մեր տունը քանդվում է»

Մանվել Սարգսյան. «Մենք 20 տարի մուկ ենք տշում, դրա համար էլ մեր տունը քանդվում է»

Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ

- Ձեր կարծիքով` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որպես վարչապետ ընտրեց Հովիկ Աբրահամյանին: Արդյոք կարո՞ղ ենք այդ որոշումը համարել ինչ-որ կոմպրոմիս օլիգարխիայի և նաև ընդդիմության համար:

- Իսկ ի՞նչ է, ուրի՞շ բան պետք է լիներ, կա՞ն այդպիսի տեղեկություններ, որ Սերժ Սարգսյանի մոտեցումները լրիվ ուրիշ էին, բայց նա այս քայլին գնաց:

- Ամեն դեպքում, ուրիշ թեկնածուներ էլ կային, միգուցե մեկ ուրիշի՞ն ընտրեր:

- Բայց ինչո՞ւ ուրիշին ընտրեր, չեմ կարծում: Եթե ուրիշին ընտրեր, այդ ժամանակ կփորձեինք քաղաքագիտական վերլուծություն անել, պարզել, թե ինչպես եղավ: Բայց այս երկրում ոչինչ չի կատարվել: Այդ բոլոր կուսակցական հեքիաթները, որ հորինում են, ինչ-որ տեղ շփոթության մեջ է գցում հանրությանը, թե այսպիսի բաներ են կատարվում, այնպիսի բաներ են կատարվում: Իրականում քրեաօլիգարխիկ գործընթացները զարգանում են իրենց տրամաբանության մեջ, և շատ ճիշտ ժամանակին ընտրվում են մարդիկ, ովքեր պետք է ընտրվեն: Բացարձակապես որևէ անակնկալ չկա, ամեն ինչ տրամաբանության մեջ է:

- Ո՞ր տրամաբանության:

- Իշխանությունը պահելու, շահարկելու և քրեաօլիգարխիայի շահերը պաշտպանելու տրամաբանության մեջ: Երկրորդ ժամկետն է, պիտի կողմնորոշվի նա, ով նախագահի պաշտոնում է, հստակ հայտարարի իշխող խավին և անի քայլեր, որոնք համապատասխանում են իր ընդունած դիրքորոշմանը:

- Իշխանության ներսում կա՞ր որոշակի թևերի միջև պայքար, նկատի ունեմ Տիգրան Սարգսյանին ու Հանրապետականի երիտասարդ հատվածին և Հովիկ Աբրահամյանին ու, այսպես ասած, «հին գվարդիային»:

- Կարող է մի քիչ կոպիտ հնչել, բայց սա էլ մամուլային հեքիաթներից է: Միակ հեքիաթը չէ, ամենահզոր հեքիաթը Ծառուկյան Գագոյի` ընդդիմություն լինելու մասին հեքիաթն էր, որը վեց տարի մատուցում են հասարակությանը, գլուխն արդուկում: Նման բան չի եղել և չկա:

- Այն, որ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջին հայտարարություններից մեկում սլաքներ է ուղղում նախկին վարչապետի վրա, չի՞ խոսում այդ հակասության մասին:

- Իսկ ի՞նչ է նշանակում` հակասություն: Քրեաօլիգարխիկ համակարգը տարբեր կլանների պայմանի հիման վրա ստեղծված անօրինական, ուզուրպատորական համակարգ է, որը տիրապետում է պետական լծակներին: Այդ համակարգի մեջ իր տրամաբանությամբ զարգանում են գործընթացներ:

- Հենց կլանային պայքարը նկատի ունեի:

- Այո՛, կլանային պայքարը հենց դա է: Ժամանակը մոտենում է, լինելու են ընտրություններ, և գործող համակարգն ուզում է հասկանալ` ինչպե՞ս է ապագան զարգանալու: Գործող նախագահն արդեն իսկ ասում է` այսպես է լինելու, որ այսօրվանից Հովիկ Աբրահամյանն է, խոսացած է, ասված է, նա ոնց պետք է` իրեն կպահիգ

- «Մեր ախպերն է»:

- Ոնց թե, եթե Հովիկ Աբրահամյանը չի «ախպերը», բա ո՞վ է:

- Դիմելով այս քայլին` Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր հետապնդել նաև ոչ իշխանական ուժերի, հատկապես «Բարգավաճ Հայաստանի» կողմից կառավարության հասցեին քննադատությունը մեղմելու նպատակը:

- Գիտեք, երբ մարդիկ դժգոհ են, շատ էական է, որ ասեն, թե ինչի՞ց են դժգոհ: Հնարավոր է` Տիգրան Սարգսյանը վնաս էր տալիս ինչ-որ մեկի մենաշնորհին, կարող է` ինչ-որ մեկը մի բան է ուզել, չի տվել, մյուսին է տվել: Հանրային դժգոհությունը մի բան է, բայց օլիգարխիկ համակարգի դժգոհությունը լրիվ ուրիշ է: Նրանք դժգոհ են ոչ թե համակարգից, այլ նրանից, թե ինչպես են լուծվում իրենց խնդիրները:

Վեց տարի ժողովրդի գլուխն են արդուկում, թե` Ծառուկյանն ընդդիմություն է, ես էլ բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել, նաև Ձեզ, որ Ծառուկյանն այս ռեժիմի հիմնաքարն է, և նա պաշտպանում է ռեժիմի շահերը` ընդդիմադիր դաշտում, որպեսզի թույլ չտա` ընդդիմադիր դաշտում որևէ ուժ ստեղծվի, որևէ գործընթաց սկսվի: Ծածկում է, ընտրություններ է առնում, քաղաքական ուժերի է իր հովանու տակ պահում: Բոլորս տեսնում էինք այդ գործընթացը, բայց ասում էինք` այդպես չէ, ուրիշ ձև է: Եկավ ժամանակը, առաջադրեցին խորհրդարանի նախագահ, և նրանք բոլորը գնացին, հանգիստ ձայնը տվեցին Հանրապետականի թեկնածուին: Ի՞նչ կա, որ տրամաբանությունից դուրս է:

- Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց չորս ուժերի ճնշման արդյունքում, համաձայն չե՞ք սրա հետ:

- Չգիտեմ, ես ի՞նչ իմանամ` ինչ պատճառներով են Տիգրան Սարգսյանին հանել: Մինչև չորս ուժերի կողմից այդ հարցը բարձրացնելը, նոյեմբեր ամսից անընդհատ խոսում էին, որ Տիգրան Սարգսյանը գարնանը հեռանալու է, որովհետև Սերժ Սարգսյանը ժամանակին ասել է` եթե կառավարությունը չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, հեռացվելու է: Հիմա եկել է ժամանակը, հրաժարական է տվել: Չորս ուժերն ի՞նչ կապ ունեն:

- Չորս ուժերից երկուսը` «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, կողմ են ավելի արմատական մոտեցմանը` ամբողջական իշխանափոխությանը, իսկ մյուս ուժերը, կարծես թե, չեն դնում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Այս պայմաններում ի՞նչ պետք է անի քառյակը:

- Քառյակը ո՞րն է, էդ մարդիկ ի՞նչ խնդրի շուրջ են հավաքվել: Եթե խորհրդարանում ռեժիմի բոլոր պահանջները կատարելուց հետո Ծառուկյանին նորից ընդունեն քառյակում, ես հարց կդնեմ` ընդհանրապես ինչո՞վ են զբաղված այդ մարդիկ:

- Բայց նրան, կարծես թե, չեն էլ հեռացրել քառյակից:

- Մարդիկ ասում են, որ դա անօրինական է, իսկ ԲՀԿ-ն գնացել և քվեարկել է Գալուստ Սահակյանի օգտին: Եթե նման ֆունդամենտալ հարցի շուրջ միասնություն չկա, ապա ինչի՞ շուրջ կարող է լինել միասնությունը: Սա շատ էական հարց է, և, ընդհանրապես, որո՞նք են քառյակի բուն նպատակները: Ես կարծում էի, որ քառյակ գոյություն չուներ:

Գոյություն ուներ Ծառուկյան Գագիկ, ով իր կուսակցության միջոցով ապահովում էր բոլոր քաղաքական ուժերի վրա վերահսկողությունը: Եղել են քաղաքական ուժեր, որոնք գիտակցաբար գնացել են դրան` հույս ունենալով օգուտ քաղել այս գործընթացների մեջ, և եղել են ուժեր, որոնք, հավանաբար, մինչև վերջ չեն էլ մտածել: Իրականությունը բոլորին ցույց է տվել` ինչով է զբաղված Ծառուկյանը, ինչով է զբաղված Աբրահամյանը, սա իրականությունն է: Եթե մյուս` «ոչ իշխանականները» կրկին ուզում են դառնալ «իշխանական», կարող են շարունակել, գուցե մի բան էլ իրենց ընկնի:

- Իսկ մյուս ուժերի լավատեսությունն ինչո՞վ է պայմանավորված:

- Լավատեսությունը պայմանավորված է նրանով, որ իրենք դուրս են այս պրոցեսներից և ամեն կերպ փորձում են առնչվել այն ամենի հետ, ինչ կատարվում է, և դրա հետ մեկտեղ` հորինում են իրենց հայեցակարգերը, որ հասարակությանը ցույց տան իրենց գործունեության ինչ-որ իմաստ: Ես Հայաստանում շատ քիչ եմ տարբերում ոչ իշխանական ուժն իշխանական ուժից, ի՞նչ է նշանակում այդ տերմինը: Մենք կարող ենք խոսել քաղաքական կուսակցությունների մասին, որոնք գործում են օրենքով, հասարակության հետ են աշխատում, մասնակցում են ընտրություններին, ստանում են քվե և ծառայում են հասարակությանը: Մեզ մոտ գոյություն չունի ընտրական մեխանիզմ, ինչի մասին գիտեն բոլոր այդ խմբավորումները:

- Բայց այդ ուժերը, կարծես, լավ են համագործակցում խորհրդարանում:

- Ինչի՞ շուրջ:

- Օրենսդրական հարցերի:

- Դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք. կարող է` շարունակեն գործել ինչ-որ օրենսդրական, ոչ սկզբունքային հարցերում: Բայց նրանք ազդելու որևէ ձև չունեն: Ստացա՞վ այդ մարդը 101 ձայն: Նրանք չեն կարող զսպել կատարյալ անօրինականությունը: Կատարյալ անօրինականություն է. հավաքվել է մեծամասնությունը, փոխում է օրենքը` ոնց ուզում է, որ ընտրի իր ուզած մարդուն: Որևէ ազդեցություն եղա՞վ դրա վրա: Եթե չեղավ այդ փոքրիկ խնդրում, ինչպե՞ս են պատրաստվում օրենքներ փոխել:

- Այսինքն, ըստ Ձեզ, պետք է դո՞ւրս գալ խորհրդարանից:

- Թող իրենք մտածեն` ինչ անեն:

- Դուք խորհուրդ տվեք:

- Խորհուրդը ո՞րն է: Մարդիկ խոստացել են, որ գիշեր-ցերեկ ցույցեր են անելու: Թող հավաքեն, տեսնենք` կարո՞ղ են մարդ հավաքել:

- Իշխանությունն առաջարկում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ, որի նպատակը, ըստ մասնագիտական հանձնաժողովի, սահմանադրական հիմնախնդիրները լուծելը, քաղաքական մշակույթի, իրավունքի գերակայության հաստատումը և իշխանությունների տարանջատման սկզբունքի իրացումն է, և այլն: Ինչպե՞ս եք սա գնահատում:

- Նախ` դա իշխանության գործը չէ: Սահմանադրության փոփոխություններն ամբողջ աշխարհում անում են շատ ավելի լայն մարմինները, ստեղծում են սահմանադրական ժողով: Երբ Հայաստանում նման բան չի արվում, այլ ինչ-որ չինովնիկներ իրար տակ նստած օրենքներ են ստեղծում, դա արդեն պետական կարգը խախտել է: Որևէ մեկն իրավունք չունի Սահմանադրությունը նման ձևով փոխել: Բնական է` այդ մարդիկ, շփվելով աշխարհի հետ, եկել են այդ խնդրին:

Միգուցե պահանջն էլ կա, բայց չեն խոսում, հասարակությանը չեն բացատրում` ինչո՞ւ որոշեցին այդպես անել: Սահմանադրությունը քաղաքացիների համընդհանուր պայմանագիրն է, և որևէ մեկն իրավունք չունի անօրինական ձևով քիթը խոթել դրա մեջ, բայց այդ մարդիկ գործում են, ինչպես հասարակ մի օրենքի հետ` «մեզ պետք է, սենց ենք անում»: Բայց թե ինչու է պետք, չգիտեմ: Այսինքն` ինչպե՞ս կարող է` երկրում լինի բացարձակապես անօրինական համակարգ, որը բռնազավթել է պետական իշխանությունը, և այդ պայմաններում ընդունել օրենք, որը կտանի իշխանության տարանջատմանը, և այլն: Տարանջատում չկա, սա իշխանական մոնոպոլիա է, մոնոլիտ է:

Հիմա շատ են խոսում, որ հանրությունը պիտի ձևավորի հանրային օրակարգ` այս վիճակում, և ճիշտ են խոսում: Եթե հանրությունը համաձայն չէ, որ երկրում շարունակվի անօրինական համակարգը, նա ձևավորում է իր օրակարգը: Ի՞նչ է նա պահանջում, հակամենաշնորհային օրենք, Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ, քաղաքացիական շարժում կամ վերջնագիր` գործող անօրինական իշխանությանը, ազատ ընտրությունների մեխանիզմի կիրառում, հաստատում: Դրանք այն երևույթներն են, որոնք բխում են հանրային շահից և արդիական են Հայաստանի համար:

Եթե նման երևույթների մասին խոսենք, այդ ժամանակ կխոսենք այն ճանապարհի սկզբի մասին, որը կոչվում է պետական շինարարություն: Բնական է, որ նման երևույթները չեն կարող լինել քրեաօլիգարխիկ համակարգում, որովհետև այն հենց հանրային պահանջի բացակայության արդյունքն է:

- Ինչո՞ւ Ձեր նշած հանրությունը չի ձևավորում իր քաղաքական օրակարգը, այլ սպասում է քաղաքական ուժերի գործողություններին:

- Երևի թե դա ամենաէական հարցն է: Կարծում եմ, որ, առաջինը, 20 տարվա փորձը ցույց է տվել, որ Հայաստանի հանրությունն այդպես էլ չի կարողացել ստեղծել քաղաքական պատասխանատվության ինստիտուտ: Դրա իմաստն այն է, որ ազատ ընտրություններով ձևավորվում է օրինական և պատասխանատու իշխանություն: Չի՛ կարողացել, դա փաստ է: Ինչո՞ւ, դա կարելի է քննարկել: Քանի որ դա եղել է, մենք ստացել ենք այն, ինչ ունենք. պետական իշխանությունը մնացել է բռնազավթված:

Պարզ է, անօրինական հարստություն ձեռք բերած խմբերը, մարդիկ իրենք են ձևավորում պետական իշխանությունը: Եղել են երկրներ, որտեղ հանրությունն ընդհանրապես չի կարողացել այդ խնդիրը լուծել, թեև հայտարարված էր սահմանադրական պետություն, իրավական և այլն: Հիմա Հայաստանում խնդիրը դա է: Հանրությունը ցանկություն, գիտակցություն ունի՞ դիմելու այդ խնդրի լուծմանը, թե՞ ոչ:

Կարծում եմ` ցանկություն ունի, բայց չի կարողանում: Ինչո՞ւ, որովհետև ապակողմնորոշված է: Երբ խոսում ենք գործող քաղաքական համակարգի մասին, մենք անընդհատ նշում ենք իշխող ուժին: Բայց միայն իշխող ուժ չէ, գոնե վերջին տարիների քաղաքական գործընթացները մարդկանց պիտի համոզեին, որ ողջ քաղաքական համակարգն է միասնական իշխող ուժը:

Մենք եկել ենք, չէ՞, «իշխանական» և «ոչ իշխանական» եզրույթներին: Տեսնո՞ւմ եք, այսինքն` այդ խմբավորումները, որոնք գրանցվել են` որպես կուսակցություններ, իրենք էլ արդեն պարզ ասացին` մենք այդ մարդկանցից տարբերվում ենք մի բանով, որ չունենք իշխանություն: Բայց չէ՞ որ ոչ իշխանականները հաճախ խոսում են հասարակության անունից և ներկայացնում են իրենց ծրագրերն այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Խոսում են, չէ՞, որ մենք սկզբունք չունենք, մենք ունենք շահ: Եթե նորմալ երկրում կուսակցությունն ասում է` ես ունեմ շահ, արդեն կանգնում է դատարանի առաջ:

Կուսակցությունը շահ չունի, դա կազմակերպություն է, որը պետք է գործի` ըստ օրենքի, նա ծառայություն է մատուցում հասարակությանը: Հետևաբար` նման ոչ իշխանական ուժերի միջոցով հանրությունը շատ ավելի ինտենսիվորեն է ապակողմնորոշվում, որովհետև թվում է, թե «սրանք մերոնք են»: Բոլոր այն երկրներում, որտեղ հասկացել են, թե ինչ է կատարվում, գծել են հասարակություն-քաղաքական համակարգ գիծը, և ժողովուրդները, որպես կազմակերպված քաղաքացիական շարժում, առաջին թիրախ են ներկայացրել կուսակցություններին:

Նրանց են վերջնագիր դնում` հրաժարվե՛լ իշխանականից և անցնել ժողովրդի կողմը, որից լուծվում է երկրորդ կարևոր խնդիրը` Ոստիկանությունն անցնում է ժողովրդի կողմը և ապահովում է այդ փոփոխությունը:

Կա արևելյան մի հին ճշմարտություն, որը շատ խորքային է և, կարծես, վերաբերում է պետական-հասարակական կյանքին. «Եթե նկատել ես, որ տունդ մուկ է մտել, մի՛ զբաղվիր նրան բռնելով, տշելով, քանդվելու է տունդ: Տո՛ւնդ կարգավորիր, որ մուկ չմտնի»: Հիմա մենք շուրջ 20 տարի` էսի՛նչ, հեռացիր, էնի՛նչ, հեռացիր, Լևո՛ն, հեռացիր, Ռո՛բ, հեռացիր, Սերժի՛կ, հեռացիր, վաղն էլ` Մո՛ւկ, հեռացիր: Մենք 20 տարի մուկ ենք տշում, դրա համար էլ մեր տունը քանդվում է: Ուրեմն տունը պետք է կարգավորել: Շատ խորհրդանշական իմաստնություն է, այդպես չէ՞: