Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի հետ
– Պարոն Սարգսյան, ի՞նչ սպասել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցից։
– Նրա այցը տարածաշրջանային է՝ Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան, և, կարծում եմ, հիմնականում անվտանգության խնդիրներ են օրակարգում՝ Իրանի, Սիրիայի հետ կապված։ Հստակ հայտարարություններ չկան, և կարելի է միայն ենթադրություններ անել։
– ՀՀ նոր իշխանությունների օրոք նման բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյա առաջին անգամ է գալու մեր երկիր, հայ-ամերիկյան համագործակցության նոր ոլորտների ի՞նչ հնարավորություն կա։
– Եթե հիշում եք՝ ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահ Թրամփից և Պետդեպարտամենտից մենք ստացանք բավականին ծավալուն և յուրահատուկ շնորհավորական տեքստ, որտեղ մտադրություն էր արտահայտվում Հայաստանի հետ կապերը բարձր մակարդակի բարձացնելու, այսինքն՝ այդ տեսակետից էլ կարելի է դիտարկել, գուցե և՝ երկկողմ հարաբերությունների խնդիրներն էլ քննարկվեն։
Համագործակցության առումով ԱՄՆ հայտարարություններում ընդգծվում էր Հայաստանի դերը ժողովրդավարության զարգացման գործում, տարածաշրջանի անվտանգության և կայունության պահպանման գործում, որ բազմաթիվ անգամ է նշվել իրենց մոտ, և ճիշտ կլիներ՝ այս անգամ էլ նման գնահատականներ լինեին, դրանք շատ էական գնահատականներ են, որովհետև շատ յուրահատուկ իրավիճակում է Հայաստանը, օրինակ՝ Իրանի հետ բարեկամական հարաբերություններ ունենք, որ չենք կարող խզել, և ընդհանրապես տարածաշրջանում ուժի բալանսի տեսակետից, որ այստեղ գոյություն ունի ռուսական բազա, սակայն թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ՆԱՏՕ-ն երբևէ դա խնդիր չեն դիտարկել և գտնում են, որ դա Հայաստանի գործն է։ Անգամ, երբ խոսվեց, որ ՀՀ-ն կմասնակցի Սիրիայում, ԱՄՆ դեսպանությունից հայտարարություն եղավ, որ հասկանում են և խնդիր չեն տեսնում, այսինքն՝ յուրահատուկ վերաբերմունք կա Հայաստանի նկատմամբ, կտրուկ դրված հարցեր չկան՝ Ռուսաստանի կամ Իրանի հետ չաշխատել, նման պայմաններ երբեք չեն դրել, և, հուսով եմ, չեն դնի։
– Ռուսաստանի հետ Հայաստանի այսօրվա հարաբերություններն ինչպիսի՞ն են, Մոսկվայի կասկածները փարատվե՞լ են Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ։
– Գիտեք, որ ի սկզբանե մեր երկրում հեղափոխությունից հետո՝ Ռուսաստանում անորոշություններ կային, չէին թաքցնում, փորձում էին հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Տարբեր ասպեկտներով իրենց մոտ վախեր էին առաջացել, որ Հայաստանը կարող է կտրուկ պրոամերիկյան կամ պրոեվրոպական ուղղություն վերցնել, դա էլ իրենց պատմական փորձից էր գալիս՝ Ուկրաինայի, Վրաստանի հետ կապված։ Բայց տեսնելով, որ նման խնդիրներ չկան, ներքին կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված պրոցեսներին ուշադրություն դարձրեցին, որ իրենց համար ոչ հաճելի պրոցեսներ են, և դրա մասին տարբեր մակարդակներով շատ էին խոսում, անգամ՝ պաշտոնական։ Այսինքն՝ այս խնդիրները գոյություն ունեն, բայց ես չեմ տեսնում մեծ խնդիրներ, որովհետև Ռուսաստանն այդքան էլ ազատություն չունի, և Հայաստանի դերն իրենց համար շատ մեծ է՝ տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու առումով, առավել ևս՝ հիմա տեսնում ենք, որ Ռուսաստանը Հյուսիսային Կովկասում նոր խնդիրներ է ունենում, և դա նույնպես պիտի ազդի ՌԴ քաղաքականության վրա։ Ես կարծում եմ, որ Հայաստանի հետ չեն կարող կապերը թուլացնել։
Ուրիշ խնդիր է, որ այն բոլոր պայմանագրերը, որ կան, որ նախկին իշխանությունները լրիվ վասալային ուղղությամբ են տարել, այստեղ, իհարկե, Հայաստանը պետք է փորձի խնդիրներ դնել և կարևոր հարցերում փոփոխություններ մտցնել, հարաբերություններն ավելի լուրջ դարձնել։
Ես չգիտեմ՝ այդ խնդիրն այստեղ ինչքանով է ընկալվում, բայց մեկ է, դա շատ էական է։ Նման որոշումները, որ եղել են, դրանցով նորմալ հարաբերություններ շարունակել չի ստացվելու, անընդհատ խնդիրներ են ծագելու։
– Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄՆ այցից հետո մեկնեց Փարիզ, ապա օպերատիվ այց է կատարել Մոսկվա, հանդիպել ՌԴ ԱԳ նախարարի և փոխնախարարի հետ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում։
– Լավրովը, նաև Մոսկվա Փաշինյանի վերջին այցից առաջ, անընդհատ ասում էր, թե բացատրություններ են ուզում, ուզում են պարզել, թե դեպի ուր է գնում Հայաստանը, ինչ է անում։ Կարծում եմ՝ այդ շղթայի մեջ է, պետք է գնա, բացատրի՝ ինչ են անում։ Այդ մարդկանց դա է հետաքրքրում, իրենք ասում են՝ մենք ռազմավարական գործընկերներ ենք, հարցեր ունենք շատ, որոնք մեր համար պարզ չեն։ Ի՞նչ վատ բան է, որ Հայաստանին հարցեր են տալիս։ Տասնամյակներ շարունակ Հայաստանին հարցեր ոչ ոք չէր տալիս, ասում էին՝ այսպես է, ու վերջ։
– Արտաքին կենտրոններն ի՞նչ դերակատարում կունենան առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում։
– Առանձնապես՝ ոչ մի։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ չպետք է միջամտեք ներքին գործերին, և ես չեմ տեսնում որևէ միջամտություն, իրենք էլ են հայտարարում, որ իրենց չի հետաքրքրում այդ ամենը։ Եվ քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին այս պահին Հայաստանում ընտրությունների տրամաբանությունը, ու մոտավորապես նման բան պետք է կրկնվի դեկտեմբերին։
– Ասվում է, որ ռուսական կողմն այժմ փորձում է իր շահերն առաջ տանել «Բարգավաճ Հայաստանի» միջոցով։ Դուք նկատե՞լ եք դա։
– «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերջացած է, այնտեղ եղել է փող և փողի միջոցով՝ ինչ-որ կողմնակիցներ։ Հիմա փողը չի աշխատում, կողմնակիցներին էլ տեսել ենք, այս ընտրություններին էլ կտեսնենք։ Եթե չկան կողմնակիցներ, դա ի՞նչ կուսակցություն։
– Այսինքն՝ արտաքին որևէ ազդեցություն ընտրություններին բացառո՞ւմ եք։
– Իհարկե բացառում եմ։