Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Հունվարի 14-ին մեկնարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, որը նախագահում էր խորհրդարանի տարիքով ամենաավագ պատգամավորը՝ «Իմ Քայլը» դաշինքը ներկայացնող Կնյազ Հասանովը: Նիստի օրակարգում էին ԱԺ նախագահի, նրա երեք տեղակալների ընտրության, մշտական հանձնաժողովների ձեւավորման ու դրանց նախագահների ընտրության հարցերը: Նույն օրը Արարատ Միրզոյանը միաձայն` 131 կողմ ձայներով, ընտրվեց Ազգային ժողովի նախագահ, իսկ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց վարչապետի պաշտոնում: Հաջորդ օրը նիստն անդրադարձավ ԱԺ նախագահի 3 տեղակալների ընտրությանը, ինչպես նաեւ 11 մշտական հանձնաժողովների (նախորդ խորհրդարանի 9-ի փոխարեն) ձեւավորմանն ու դրանց նախագահների ընտրությանը: «Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը եւ ընդդիմադիր ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը ընտրվեցին 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխխոսնակներ։ Մշտական 8 հանձնաժողով բաժին հասավ «Իմ քայլը» դաշինքին, նոր ստեղծվող 2 հանձնաժողովը՝ ԲՀԿ-ին եւ 1 հանձնաժողով՝ ԼՀԿ-ին: Հանձնաժողովների ղեկավարների թեկնածունների քննարկումները շարունակվեցին եւս երկու օր:
7-րդ գումարման խորհրդարանի բացմանը մասնակցում էին եւ բարեմաղթանքի խոսքերով հանդես եկան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
…Եվ այսպես` նոր Ազգային ժողովի եւ նոր կառավարության կազմավորմամբ ստեղծվում է նպաստավոր ենթահող իշխանության երկու ճյուղերի` օրենսդրի ու գործադրի լիարժեք կենսագործունեության համար: «Թավշյա» հեղափոխության գաղափարների եւ դրանց հետ կապված` ժողովրդի ակնկալիքների իրականացման անհրաժեշտությունն այժմ պահանջում է բարեփոխումների հաջորդ ալիքը ուղղորդել դեպի դատաիրավական համակարգի ոլորտ` այդպիսով ավարտին հասցնելով իշխանության ամբողջական նորացման եւ առողջացման գործընթացը: Թե այդ ամենից հետո ինչպիսի արդյունավետությամբ կաշխատի նոր իշխանական թիմը` ցույց կտա ժամանակը: Սակայն արձանագրենք, որ կոնկրետ նոր խորհրդարանի պարագայում առաջին նախանշանները, ցավոք, այնքան էլ հուսադրող չեն: Մասնավորապես՝ լավատեսություն չի ներշնչում փաստը, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանի օգտին մեկ մարդու պես քվեարկեց պատգամավորական ողջ անձնակազմը` չհաշված անվավեր ճանաչված մեկ քվեաթերթիկը: Գրեթե նույն պատկերն ամրագրեցին նաեւ մյուս քվեարկությունները: Համերաշխ քվեարկության այսպիսի ցայտուն նմուշների միայն խորհրդային շրջանում կարելի էր հանդիպել բոլոր մակարդակների ընտրությունների ժամանակ:
Ակնհայտ է, որ նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել առնվազն համատեղ հուշագիր ստորագրած «Իմ քայլը» դաշինքի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջեւ: Ինչ վերաբերում է խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժին` «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, տեղին է հիշեցնել քվեարկությունից առաջ այդ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, թե իրենք կողմ են քվեարկելու Միրզոյանի թեկնածությանը. «Սա, ըստ էության, կրեդիտ է, պարոն Միրզոյան, որը դեռեւս պետք է որպես ԱԺ նախագահ վաստակել»,- ասել է Մարուքյանը։ Իսկ միգուցե «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը ցուցադրաբար է այսպիսի հայտարարություն հնչեցրել, որպեսզի իրենցից հեռացնի ստվերային պայմանավորվածության կասկածները: Միանշանակ պնդել չենք կարող: Փոխարենը չսխալվելու մեծ հավանականությամբ նշենք, որ նոր ԱԺ-ն ապաքաղաքական կառույց է` մեծիմասամբ գորշ ու անատամ: Այդ առումով հետաքրքրական էր ԱԺ նախագահի տեղակալի ընդդիմադիր թեկնածուի համար ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի միջեւ ծավալված վեճը: Խորհրդարանական մեծամասնությունն անթաքույց նախապատվությունը տալիս էր «Բարգավաճ»-ի թեկնածու Վահե Էնֆիաջյանին` սկզբունք ընդունելով այն իրողությունը , որ ԲՀԿ-ն դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների արդյունքով 2-րդ քաղաքական ուժն է: Մի խոսքով` հօգուտ «Բարգավաճի» քաղաքական որոշումն արդեն ընդունված էր: Չհամոզեց անգամ ԼՀԿ-ի բավական ծանրակշիռ փաստարկն առ այն, որ դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններում իրենց թեկնածուի` Մանե Թանդիլյանի ստացած քվեները շուրջ երեք անգամ ավելի էին նույն տեղամասում ռեյտինգային ընտրակարգով քվեարկված Էնֆիաջյանի օգտին տրված ձայներից: Փաստորեն նույն ընտրատեղամասում քվեարկության դրված երկու ընդդիմադիր պատգամավորներից ընտրողները մեծ առավելությամբ վստահության քվե էին տվել Թանդիլյանին: Ի տարբերություն մեր ժողովարդավար խորհրդարանի, որը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ, այսինքն` 108:19 հարաբերակցությամբ, այնուամենայնիվ, ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ ընտրեց Էնֆիաջյանին:
«Իմ քայլը» հավատարիմ մնաց իր քաղաքական ուժի կայացրած որոշմանը: Թերեւս՝ Գագիկ Ծառուկյանի հետ ավելի հեշտ կլինի պայմանավորվել:
Յոթերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքի երրորդ օրը՝ հունվարի 16-ին, մշտական հանձնաժողովների նախագահների՝ առաջադրված թեկնածուների քննարկումը թեժ վիճաբանություն հարուցեց «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների միջեւ: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածության քննարկման ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը կոշտ քննադատության ենթարկեց նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, դեսպանների ընտրությունը եւ այլն: Նա, մասնավորապես, հիշատակել է Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին՝ պնդելով, թե վերջինս սպասարկել է տեղի հայ կրիմինալի եւ Ռուսաստանի շահերը: «Տարիներ ի վեր Մանուկյանը զբաղված է եղել Հայաստանի դեսպանատան անվամբ դիվանագիտական պետհամարանիշեր ստանալով եւ տեղի հայ քրեականներին վաճառելով կամ նվիրաբերելով»,- նշել է Բաբաջանյանը:
…Ըստ երեւույթին՝ ԼՀԿ-ական պատգամավորը խփել է ուղիղ նշանակետին: Մի քանի տարի առաջ տեղեկություններ էին շրջանառվում, որ Անդրանիկ Մանուկյանը Ուկրաինայում ՀՀ դեսպանատունն ու դիվանագիտական ներկայուցուցչությունը ծառայեցնում է՝ առաջ մղելու ավելի շատ Ռուսաստանի շահերը, քան Հայաստանի: Մանուկյանը պատահական մեկը չէ, նա Գագիկ Ծառուկյանի խնամին է, որդին՝ Դավիթ Մանուկյանը, Ծառուկյանի փեսան է եւ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր: Նոր խորհրդարանում նույն խմբակցության պատգամավոր է նաեւ Արման Աբովյանը, որը երեք տարի եղել է դեսպան Մանուկյանի խորհրդականը Ուկրաինայում: Հենց վերջինս էլ առաջինն արձագանքեց ԼՀԿ-ական պատգամավորի մեղադրանքներին՝ հայտարարելով, թե Բաբաջանյանը խորհրդարանի ամբիոնից ներկայացնում է ադրբեջանական քարոզչության թեզերը, զրպարտում է եւ այլն: Նիստերի դահլիճում կրքերը թեժացան, եւ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները սկսեցին փոխադարձ «ցեխարձակումներն» ու վիրավորանքները՝ ուշադրություն չդարձնելով ԱԺ նախագահի հորդորներին: Հավանաբար բանը կհասներ ձեռնամարտի, եթե չմիջամտեին ու իրենց «տաքգլուխներին» սթափության չկոչեին ԲԿՀ-ի եւ ԼՀԿ-ի կին պատգամավորները. մի կողմից՝ Նաիրա Զոհրաբյանը, մյուս կողմից՝ Մանե Թանդիլյանը: Ի նշան բողոքի՝ նիստերի դահլիճը ցուցադրաբար լքեցին Դավիթ Մանուկյանը եւ Արման Աբովյանը: Վերջինս դուրս գալուց առաջ հավաստիացրեց, որ ԲՀԿ խմբակցությունում քննարկելու են Արման Բաբաջանյանի նկատմամբ զրպարտության հոդվածով դատական հայց ներկայացնելու հարցը: Ի պատասխան՝ Բաբաջանյանն ասաց, որ պատրաստ է դատարանում հանդես գալ եւ ներկայացնել ձեռքի տակ ունեցած փաստերը:
Ինչ ասել կուզի՝ առաջին իսկ նստաշրջանն ի ցույց դրեց հայոց նոր խորհրդարանի պերճանքն ու թշվառությունը: Նախընտրական շրջանում ով չէր ալարում՝ խոսում էր քաղաքական պայքարը չանձնավորելու, քննադատելիս միայն երեւույթներին ու գլոբալ խնդիրներին անդրադառնալու, միջանձնային մանր-մունր գզվռտոցներից եւ անձնական շահերից վեր կանգնելու, մի խոսքով՝ նոր մշակույթ ներդնելու մասին: Պարզվում է՝ խոստացված նոր քաղաքակրթական մշակույթը առաջինը Ազգային ժողովում արմատավորելու մասին խոսակցությունները խիստ չափազանցված էին: Ո՞ւր մնացին գլոբալ հիմնահարցերը, դատապարտելի երեւույթները... ինչո՞ւ մեզանում նույնիսկ ոչ պակաս գլոբալ համարվող դիվանագիտական ներկայացուցչությունների արհեստավարժության խնդիրը ժողովրդի ընտրյալների շուրթերին մանրանում, վերածվում է նեղ անձնական «ռազբորկայի»: Մի՞թե մանրախնդրության «սինդրոմը» մեր հոգեկերտվածքի անբաժանելի մասնիկն է: Կամ՝ այնպիսի մի գայթակղություն, որին դժվար է դիմանալ: Ցավալին այն է, որ այսօրինակ միտումները համատարած են: Ու, թերեւս, պետք չէ զարմանալ, երբ երկրի վարչապետի մակարդակով երկար-բարակ քննարկվում է թերթի մի փոքրիկ հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «խաշի» սեղանի շուրջ բարձրաստիճան իշխանավորների հավաքույթի մասին: Հաճախ թվում է, թե Հայաստանում ջնջված է բամբասանք եւ հիմնախնդիր հասկացությունների միջեւ եղած սահմանագիծը:
Ըստ երեւույթին՝ իրականում այդպես էլ կա: Հակառակ դեպքում երկրի օրենսդիր մարմնում դիվանագիտական ոլորտին առնչվող բավական ծանրակշիռ քննարկումը չէր վերածվի ադրբեջանական քարոզչության հայկական լոբբինգի կամ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի կողմից բուծվող հնդկահավերի ֆերմայի շուրջ վեճերի:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Միջազգային մամուլ
Թերեզա Մեյը հաղթահարեց անվստահության քվեն
The Guardian-ի տեղեկացմամբ՝ հունվարի 15-ին պատգամավորները դեմ քվեարկեցին Եվրամիությունից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած ծրագրին, իսկ Լեյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբինը վարչապետին անվստահություն հայտնելու միջնորդություն ներկայացրեց: Վարչապետն անմիջապես ընդունեց պատգամավորների որոշումը`ասելով, որ ինքը կողջունի կառավարությանը անվստահության քվե տալու առաջարկը. «Խորհրդարանն իր խոսքն ասաց, եւ կառավարությունն այն լսեց: Պարզ է, որ խորհրդարանը դեմ է այս գործարքին, բայց այսօրվա քվեարկությունը մեզ ոչինչ չի ասում այն մասին, թե խորհրդարանն ինչին է կողմ»,- հայտարարել է Մեյը:
«...Բայց վարչապետին հաջողվեց հաղթահարել Քորբինի կողմից առաջ քաշած անվստահության քվեն, ինչը կհանգեցներ արտահերթ ընտրությունների». այս մասին հաղորդում է The Financial Times-ը: Ըստ պարբերականի, չորեքշաբթի երեկոյան հնչեցրած հայտարարության մեջ Մեյը նշել է. «Պատգամավորները հստակ ասացին, թե ինչ չեն ուզում, հիմա պետք է միասին կառուցողականորեն աշխատենք՝ պարզելու համար, թե խորհրդարանն ինչ է ուզում: Ուստի բոլոր կուսակցությունների պատգամավորներին հրավիրում եմ խորհրդակցության՝ միասին առաջ շարժվելու ուղին գտնելու համար: Հիմա ժամանակն է, որ մի կողմ դնենք մեր անձնական շահերը»,- ամփոփել է Մեյը:
Ըստ գաղտնալսված կոնֆերանս-զանգից The Telegraph-ին հայտնի դարձած տվյալների, Գանձապետարանի ղեկավար Ֆիլիպ Համմոնդը բիզնես ղեկավարներին հայտնել է, որ առանց համաձայնագրի Բրեքզիթի «սպառնալիքը» մի քանի օրվա ընթացքում կարող է «դուրս բերվել սեղանից» եւ հնարավոր է՝ դա հանգեցնի 50-րդ հոդվածի չեղարկմանը: Համմոնդի պնդմամբ, ինչպես հաղորդում է պարբերականը, նոր մշակված օրինագիծը, որը կարող է ստիպել Կառավարությանը՝ երկարաձգել 50-րդ հոդվածի կիրարկումը, թերեւս, օժանդակություն կստանա եւ կլինի «վերջնական նախապայման»՝ առանց համաձայնագրի Բրեքզիթի դեմ, քանի որ «Ստորին պալատում մեծամասնությունը դեմ է ցանկացած գործարքի՝ առանց համաձայնագրի»:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը