Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Հունվարի 10-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը, որը վարում էր ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օրակարգում ներառված էր Ղազախստանում ստեղծված իրավիճակի հարցը։ Նիստի մեկնարկին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղազախստանում բախումների զոհերի հիշատակը։
Հիշեցնենք, որ Ղազախստանում մի քանի օր շարունակվող բողոքի զանգվածային ակցիաները վերաճել էին բախումների, ցուցարարները, ի մասնավորի, գրավել էին Ալմաթիի օդանավակայանը: Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւն «արտաքին ագրեսիայի ակտ» որակեց երկրում կատարվողը՝ հայտարարելով, որ օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝ «ահաբեկչական սպառնալիքը» հաղթահարելու համար: Դիմումից ժամեր անց ՀԱՊԿ-ը հայտարարեց, որ խաղաղապահներ է ուղարկում Ղազախստան։ Կազմակերպության անդամ 5 երկրներից Ղազախստանում տեղակայվեց մոտ 2 հազար 500 խաղաղապահ, այդ թվում` 100 զինծառայող Հայաստանից:
Վերջին տվյալներով՝ Ղազախստանում խժդժությունների ժամանակ զոհվել է 164 մարդ, ավելի քան 2 հազար 200 մարդ դիմել է բժշկական օգնության՝ կապված անկարգությունների արդյունքում ստացած վնասվածքների հետ։ Կա 8 հազար ձերբակալված։
…Թեպետ Ղազախստանի ղեկավարն իր ելույթում շեշտեց, թե մոտ ժամանակներս լայնածավալ հակաահաբեկչական գործողությունները կավարտվեն եւ, զուգահեռաբար, կավարտվի նաեւ խաղաղապահների առաքելությունը Ղազախստանում, այդուամենայնիվ, միջինասիական այդ երկրում հունվարի առաջին օրերից սկիզբ առած կրքերը դեռ լիովին չէին հանդարտվում: Իրավիճակը ծանր էր հատկապես նախկին մայրաքաղաք Ալմաթիում, որտեղ ցուցարարները գրավել էին նախագահի նստավայրը, քաղաքային վարչակազմի շենքը, Ազգային անվտանգության կոմիտեի, «Ղազախստան» եւ «Միր» հեռուստաընկերությունների մասնաճյուղերի շենքերը: Բողոքի ցույցերը սկսել էին հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացման դեմ քաղաքացիների փողոցային խաղաղ գործողություններից եւ հետզհետե վերածվել կոշտ ընդհարումների, որոնք երկրի բազմաթիվ քաղաքներում ուղեկցվում էին փոխհրաձգություններով, դիակապտությամբ, հրկիզումներով, խանութների, մեքենաների ջարդուխուրդով ու թալանով:
Ընդվզումների թափը չէր կոտրվում անգամ կառավարության հրաժարականից եւ այն բանից հետո, երբ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը պաշտոնապես հայտարարեց գազի թանկացման խնդիրն արագ կարգավորելու իր պատրաստակամության մասին: Հունվարի 5-6-ին արդեն ակնհայտ էր, որ խնդիրն ամենեւին էլ գազի գնի բարձրացումը չէ, պատճառներն ավելի խորքային են: Իշխանությունները հասկացան, որ գործ ունեն նաեւ լավ զինված, հատուկ պատրաստություն անցած ահաբեկիչների, օտարերկրյա զինյալ խմբերի հետ, որոնք բողոքավոր զանգվածին խառնված եւ նրանց որպես «կենդանի վահան» օգտագործելով՝ փորձում էին ինչ-ինչ նպատակներով ապակայունացնել իրավիճակը, հրահրել զանգվածային անկարգություններ, բախումներ ոստիկանների ու ցույցի մասնակիցների միջեւ եւ խաթարել երկրի անվտանգությունն ու կառավարելիությունը: Խառնակությունների հետեւանքով առաջին շաբթում սպանվել էին 8 ոստիկան եւ Ազգային գվարդիայի զինծառայող, տուժել էր անվտանգության շուրջ 300 աշխատակից:
Երկրի ղեկավարին ոչինչ չէր մնում, քան հայտարարել արտակարգ դրություն եւ օգնության դիմել ՀԱՊԿ-ին, որին Ղազախստանն անդամակցում է դրա ստեղծման օրից՝ 1992թ. մայիսի 15-ից: Տոկաեւի կարծիքով՝ տեղի ունեցողը պետության ամբողջականությանը եւ քաղաքացիների առողջությանն ու կյանքին սպառնացող «արտաքին ագրեսիայի ակտ» է: «Ռոյթերս»-ից ստացված տեսագրություններում պարզ երեւում էր, թե ինչպես են ապստամբության մասնակիցները հունվարի 5-ին այրում Ալմաթիի նախագահական նստավայրը եւ քաղաքապետարանը։ Հաղորդվում էր, որ ոստիկանները կրակ են բացել նստավայրի դեմ իրականացված հարձակման որոշ մասնակիցների ուղղությամբ եւ օգտագործել ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ եւ ժամանակավոր կաթված առաջացնող նռնակներ՝ ամբոխը ցրելու համար: Հրահանգված էր ահաբեկիչների հետ բանակցությունների չգնալ, նրանց ոչնչացնել տեղում: Թեեւ գազազած խառնամբոխի մեջ դժվար էր զանազանել, թե ով-ով է:
Հունվարի 6-ին Փաշինյանը հայտարարեց, որ «Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետեւանքով, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»: Նույն օրը ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում, որով թույլատրվեց ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկել եւ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկել 100 զինծառայողից բաղկացած ՀՀ ԶՈՒ մեկ ստորաբաժանում: Պաշտոնական հաղորդմամբ՝ հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու:
Հակիրճ սա է Ղազախստանում առկա իրավիճակի ընդհանուր պատկերը, որը դիտորդների մեծամասնության գնահատականով՝ շատ նման է 2008թ. մարտի 1-ին Հայաստանում ստեղծված իրադրությանը՝ ուղղակի ավելի խոշոր մասշտաբով: Եվ հայ հանրությանն ամենաշատը հետաքրքրող հարցերից մեկը հետեւյալն է. ճի՞շտ էր արդյոք Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելը: Մի երկիր, որին Հայաստանի հանդեպ բարյացակամ չես անվանի: Հիշենք 44-օրյա պատերազմից հետո Ղազախստանի նախագահի ջերմ շնորհավորանքը Իլհամ Ալիեւին՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու առնչությամբ»: Հիշենք Նազարբաեւին 5-6 տարի առաջ, ով ՀԱՊԿ-ի նիստում ընթերցում էր ՀՀ-ին ուղղված՝ նույն Ալիեւի նամակը, որին չարձագանքեց անգամ նիստին ներկա Սերժ Սարգսյանը: Վերջապես հիշենք, թե ինչպես վերանվանվեց Ղազախստանի 1930-ական թվականների առաջնորդ, այդ երկրի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար հայազգի Լեւոն Միրզոյանի անունը կրող փողոցը Աստանայում:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը զորախումբ է ուղարկում Ղազախստան՝ ճնշելու սեփական իրավունքների համար պայքարի ելած ժողովրդի ըմբոստությունը: Այլ հարց է, որ այդ ակցիային, հնարավոր է, իրենց անձնական շահերի ու նպատակների թելադրանքով միացել էին նաեւ արտաքին ուժեր: Փաստը մնում է փաստ, որ երբեմնի ընդդիմադիրը, ով 2008-ին Երեւանում ժողովրդին հրապարակ էր դուրս բերել ընդդեմ գործող վարչակարգի, այսօր ճակատագրի հեգնանքով մեկ այլ երկրում աջակցում է գործող վարչակարգին՝ ընդդեմ ժողովրդի: Ի՞նչ է ստացվում՝ ՀՀ-ում կարելի էր հակաիշխանական ակցիաներ ձեռնարկել, ջարդել ու սադրել, հոգեպես «փառավորվել»՝ տեսնելով, թե ինչպես են ցուցարարները ոստիկաններից խլում մահակներն ու վահանները, թալանում Լֆիկի խանութները, իսկ Ղազախստանում չի՞ կարելի այդ ամենը թույլ տալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ օրը «սպանեց» ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին: Տեսնենք հիմա ներողություն կխնդրի՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանից ու մյուսներից՝ նրանց այսքան տարիներ հանիրավի մեղադրելու եւ, նույնիսկ, նրաց նկատմամբ քրեական գործեր «կարելու» համար:
«Մենք այս իրավիճակում, երբ պատերազմի վերքերը դեռ չենք բուժել, հետեւանքները չենք հաղթահարել՝ անգամ մեկ զինվոր չպետք է ուղարկենք արտերկիր, այն էլ՝ Ղազախստան, որտեղ ընդամենը ներկլանային հարցեր են լուծվում»,- կարծիք է հայտնել «Հայաստան» խմբակցությունից ընտրված ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը: Նկատենք, որ Ղազախստան ուղարկված հայկական զորախմբի համար արյունալի «հատուցումը» թշնամին չուշացրեց: Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումները հրետանու եւ ԱԹՍ-ների կիրառմամբ կրակ բացեցին հայկական դիրքերի վրա: Ինտենսիվ փոխհրաձգությունների արդյունքում հայկական կողմն ունեցավ 3 զոհ եւ 2 վիրավոր: Միջադեպեր գրացվեցին նաեւ սահմանի այլ ուղղություններում: Սա, թերեւս, Փաշինյանի դերակատարությամբ Ղազախստան ՀԱՊԿ ուժեր մտցնելու որոշմանը Թուրքիայի եւ Ադրբեջանի պատասխանն էր: Այս տանդեմը, ըստ շատ վերլուծաբանների, Ղազախստանում որոշակի նեոօսմանյան երազանքներ է փայփայում, ուստի չի բացառվում, որ ղազախստանյան զարգացումներում այդ երկրների «մատը» խառն է:
Մյուս կարեւոր հարցը, որի հանդեպ անտարբեր չէ հայ հանրությունը, առնչվում է Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի պահով ՀԱՊԿ-ի ցուցաբերած կրավորական դիրքորոշմանը: Անցյալ տարվա աշնանը, ինչպես հայտնի է, թուրք-ադրբեջանական զույգը՝ միջազգային ահաբեկչական ցանցի ներգրավմամբ, զինված ագրեսիա ձեռնարկեց ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ, սակայն վերջինիս կողմից համարժեք արձագանք չտրվեց: Իհարկե, դրանում մեղքի մեծ բաժին ուներ Ղազախստանի պարագայում աննախադեպ աշխուժացած Փաշինյանը, որը պատշաճ ընթացակարգով չէր դիմել ՀԱՊԿ-ին, իսկ իշխանության գալուց անմիջապես հետո աշխատանքից ազատել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ վերջինիս նկատմամբ անհիմն մեղադրանքներ առաջադրել: Ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանն անխնա քննադատում էր ՀԱՊԿ-ին, պահանջում դուրս գալ այդ «անատամ» կառույցից, որի Հավաքական անվտանգության խորհրդի ժամանակավոր նախագահն է այժմ:
Բայց դա արդեն էական չէ: Փորձենք հասկանալ հանրությանը հուզող շատ ավելի կարեւոր մի հարցադրում՝ ի՞նչ իմաստ ուներ իսկապես Ղազախստան հայ խաղաղապահներ ուղարկելը: Այս հարցին անկեղծորեն պատասխանել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում,- անդրադառնալով դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ը ժամանակին չօգնեց Հայաստանին, մինչդեռ Հայաստանը՝ որպես կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահող երկիր, հաշվված ժամերի ընթացքում արձագանքեց Ղազախստանի նախագահի օգնության կոչին,- Գրիգորյանն ասել է. «Մենք պատասխանատվություն ենք վերցրել, պատմության մեջ երեւի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեցրել ենք, ցույց ենք տվել, թե ինչպես պետք է աշխատել: Հույս ունենք, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն»: ԱԽ քարտուղարը լիահույս է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ երբեւէ զանգվածային ընդվզում լինելու դեպքում իրենք էլ կարող են փոխադարձաբար ստանալ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի աջակցությունը:
Ինչպես ժողովուրդը կասեր. «Ձեռքը ձեռք է լվանում, իսկ երկու ձեռքը՝ երես»: Ահա այսպիսի «հեռատես» իշխանություններ ունենք, որոնք պատրաստ են անգամ Սատանայի հետ համագործակցել՝ իրենց իշխանական աթոռներն անառիկ պահելու համար:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հունվարի 12-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահի եւ ՀՀ վարչապետի միջեւ, որի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Կրեմլի մամլո ծառայության հաղորդմամբ՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաեւ ԼՂ շուրջ առկա իրավիճակը եւ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման որոշ հարցեր։ Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վերջինս տեղեկացրել է Ղազախստանում տիրող իրավիճակի եւ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Սարգսյանը, նախագահականի հաղորդմամբ, հույս է հայտնել, որ առաջիկայում երկրում վերջնականապես կվերականգնվեն խաղաղությունն ու կայունությունը, իսկ հետեւանքների հաղթահարումը «ապագայի նոր ճանապարհ կբացի Ղազախստանի եւ նրա ժողովրդի համար»։
Փարաքար խոշորացված համայնքում հունվարի 9-ին Դավիթ Մինասյանը չորրորդ փորձից հետո 11 կողմ ձայնով ընտրվեց համայնքի ղեկավար: Նրա թեկնածությունն առաջադրել էին «Դավիթ Մինասյան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները: Նիստի սկզբին «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին իրենց 10 մանդատները` լքելով նիստերի դահլիճը: Մինչ այս, Փարաքարում մանդատներ ստացած երեք ուժերը համաձայնության չէին հասնում: Մեկ ամիս առաջ կայացած ընտրություններով ամենաշատ ձայներ հավաքած «Ապրելու երկիրը»՝ 10 մանդատ էր ստացել, համայնքապետի պաշտոնում առաջադրել էր ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանին ու խմբակցության կազմով ընտրել նրան, ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած իշխող ՔՊ-ի ու «Դավիթ Մինասյան» դաշինքի 11 անդամներն էլ իրենց հերթին Մինասյանին էին համայնքապետ ընտրել։ Վարչական դատարանը տարեվերջին անվավեր ճանաչեց համայնքապետի ընտրությունը, գործընթացը պետք էր նորից սկսել։
Ադրբեջանցի զինծառայողները հունվարի 10-ին Մարտունու Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի արդյունքում հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան: Համաձայն Արցախի ՊԲ հաղորդագրության՝ միջադեպի առնչությամբ տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ միջոցներ ձեռնարկելու համար: Նույն օրը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաեւ Ասկերանի շրջանում՝ Նախիջեւանիկ գյուղի ուղղությամբ շուրջ 15 րոպե ինտենսիվ կրակ բացելով նռան այգում տրակտորով գյուղաշխատանքներ կատարող 4 քաղաքացիական անձանց վրա: Կրակը դադարել էր միայն ռուս խաղաղապահների միջնորդությամբ:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հայտնել է ՀՀ-ում առաջին անգամ հայտնաբերված կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի երկու դեպքի մասին։ Ըստ պաշտոնական աղբյուրի՝ դրանք «բերովի դեպքեր են, պացիենտների վիճակը բավարար է, երկուսն էլ բուժում են ստանում տանը»։ Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն առաջին անգամ հայտնաբերվել էր անցած տարվա նոյեմբերին՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, եւ արագորեն տարածվել աշխարհում։