Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

7-14 հունվարի 2023թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հունվարի 10-ին, ինչպես կանխավ ծանուցվել էր, Երեւանում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Երկար ընդմիջումից հետո այն կայացավ ոչ առցանց ձեւաչափով, երբ Հանրային հեռուստատեսության լրագրողը կարդում էր ԶԼՄ-ների գրավոր ուղարկված, բայց նախապես ընտրված հարցերը։ Այս ձեւաչափը բոյկոտվել էր նախորդ «մամուլի ասուլիսի» ժամանակ առաջատար մի շարք ԶԼՄ-ների կողմից։ Այնուամենայնիվ, երեքշաբթի օրվա մամուլի ասուլիսին եւս հրավիրված չէին ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներ: Ձեւի համար ընդդիմադիր մամուլի 2-3 ներկայացուցիչ էր հրավիրել՝ ցույց տալու համար, թե ամեն ինչ, իբր, արվել է թափանցիկության եւ ժողովրդավարության սկզբունքների ոգով:

 

Մեկնաբանությունը

Ոչ պատահական զուգադիպությամբ՝ նույն օրը Բաքվում ադրբեջանցի լրագրողներին հանդիպման էր հրավիրել նաեւ Իլհամ Ալիեւը: Եթե սա կարող էր պատահական լինել, ապա զույգ ասուլիսների բովանդակությունից ու արծարծված հայեցակետերից դատելով՝ կարելի է նկատել, որ պարզ զուգադիպության վարկածը գրեթե բացառվում է: Ակնհայտ է, որ բանախոսներից յուրաքանչյուրի ասելիքի, սահմանումների եզրերը, նույնիսկ ասուլիսների ժամն ու ձեւաչափը փոխհամաձայնեցված էին:

Փորձենք ընդհանուր գծերով ներկայացնել, թե լրագրողների հարցերին պատասխանելիս՝ ինչ ուղերձներ էին փոխանցում կողմերն իրենց հասարակություններին: Եվ այսպես՝ ի՞նչ է իր ժողովրդին ասում Նիկոլ Փաշինյանը, ո՞րն է նրա ուղերձը: Ահավասիկ.

1. Իրավիճակը ծայրահեղ ծանր է, եւ մենք հայտնվել ենք ֆիզիկական բնաջնջման ու պետականության կորստի սպառնալիքի առջեւ: 2. Պատերազմի պարտության մեղքն ինձ վրա բարդելը խանգարում է հասկանալ պետության իրական խնդիրը. այն է՝ 30 տարում կուտակված բացթողումերի բեռը եւ նախկինների վարած ներքին ու արտաքին սխալ քաղաքականության արգասիքը, որոնք 2018-ին միանգամից թափվեցին իմ գլխին: 3. Ինձ կարող եք մեղադրել, քննադատել, նույնիսկ հայհոյել, բայց որեւէ ակնկալիք ինձնից չունենաք, անգամ՝ հրաժարականի: 4. Մոսկվան եւ ՀԱՊԿ-ը իրենց դաշնակցային պարտավորությունները Հայաստանի հանդեպ չեն կատարում, Արեւմուտքը գործնականում չի աջակցում, իսկ Ադրբեջանի պահանջած զիջումների ծայրը չի երեւում: 5. Արցախն իր խնդիրները պետք է ինքը լուծի Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով:

Թվարկումը կարելի է շարունակել, նշվածները միայն ամենահիմնական ուղերձներն են: Այժմ փորձենք ձեւակերպել Իլհամ Ալիեւի ասուլիսային ուղերձները՝ 1. «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը պատմական անհրաժեշտություն է, եւ այն կիրականացվի՝ անկախ Հայաստանի ցանկությունից։ 2. Ադրբեջանը կարող է բարձրացնել Հայաստանի Հանրապետություն ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը: 3. Ղարաբաղի այն հայերը, որոնք չեն ուզում լինել Ադրբեջանի քաղաքացիներ, ազատ են հեռանալ, նրանց ոչ ոք չի պահում: 4. Մենք չենք շտապեցնում, բայց 2023 թվականը Հայաստանի համար հնարավորության վերջին տարին է խաղաղության պայմանագրի ստորագրման առումով:

Ի դեպ՝ Ադրբեջանի ղեկավարը խոսում էր ոչ միայն ինքնավստահ եւ հարձակողաբար, այլեւ Հայաստանի ու նրա առաջին դեմքի հասցեին բացահայտ հեգնանքով: Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը նա բնորոշեց երկու բառով՝ խռովկանի եւ մատնիչի (կամ ժողովրդի լեզվով ասած՝ գործ տվողի) քաղաքականություն: Հայաստանը, ըստ Ալիեւի, ընդհանրապես, որեւէ դերակատարում չունի Հարավային Կովկասում, այն անպաշտպան,  եւ վտանգավորության բարձր աստիճան ունեցող երկիր է, որն անգամ իր անվտանգությունը  չի կարող պաշտպանել, էլ ուր մնաց՝ Ղարաբաղի: Եվ սա ասում է մի պետության ղեկավար, որը 25 տարի կզացած էր Հայաստանի առաջ: Փաշինյանն է նրա բերանում լեզու դրել:

Ու հիմա դերերով փոխվել են՝ պայմաններ թելադրողը Ալիեւն է, իսկ Փաշինյանը՝ հլու-հնազանդ ենթարկվողը: Վերջինս խոսքով՝ Հայաստանի շահն ու ինքնիշխանությունն է պաշտպանում, բայց գործնականապես ձախողում է ՀՀ-ում ՀԱՊԿ-ի զորավարժությունը, քանի որ դա, ըստ նրա, կարող է սպառնալիք ստեղծել թուրք-ադրբեջանական տանդեմի համար: Ոչինչ, որ այդ «տանդեմը» 44-օրյա պատերազմից հետո արդեն հասցրել է մի շարք համատեղ զորավարժություններ անցկացրել՝ առանց դույզն-ինչ անհանգստանալու հայ հարեւանին ուղղված սպառնալիքի մասին:

Անհետ կորած զինծառայողների վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարում է, թե այդ անձանց հավանական տեղը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են: Բայց, ինչպես պարզվեց հետագայում, սա վարչապետ աշխատող անձի հերթական փչոցներից է. իրականում 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող մոտ 200 անձանց որոնողական աշխատանքները դադարեցվել էին մեկ տարի առաջ՝ 2022թ. հունվարին, Ադրբեջանի միակողմանի որոշմամբ: Տարօրինակ է, որ երկրի ղեկավարը չի տիրապետում այդպիսի կարեւոր տեղեկության, բայց փորձում է ձեւացնել, թե ամեն հարց իր վերահսկողության տակ է:

Մեծ հաշվով՝ նա շատ ավելի կարեւոր իրավիճակների չի տիրապետում, ինչը տեսանելի էր հատկապես 44-օրյա պատերազմի ու հետպատերազմյան շրջանի զարգացումների հենքին: Դա հաստատեց նաեւ ինքը, երբ ասուլիսում հարց հնչեց պատերազմում նկատված եւ բազմաթիվ զոհերի ու տարածքային կորուստների հանգեցրած բացթողումների մասին, որոնք կարող էին չլինել, եթե ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարն իր տեղում լիներ: Փաշինյանի խոսքով՝ հասարակությունը պատրաստ չէր զիջումների. մենք գուցե «հայի հետին խելքի» զոհն ենք: «Ավելին ասեմ, ես պատրաստ եմ եղել զիջման, բայց այդ զիջման սահմանը չեմ տեսել, թե մինչեւ ուր պետք է զիջեմ, որ ամեն ինչն ավարտվի»,- ասել է նա:

Լավ, գոնե տեղյա՞կ է այդ անձը, որ իր մերձավոր շրջապատի շատ ներկայացուցիչներ կամ նրանց ընտանիքների անդամներ «իր քթի տակ» կոռուպցիոն գործարքներով են զբաղված: Անուններ չտանք՝ Հայաստանը փոքր երկիր է, երեւելի անձանց բոլոր ճանաչում են. մեկի հարազատ եղբայրը ամենափողավետ շինարարական մրցառքների (տենդերներ) մշտական շահողն է, մյուսն ամերիկաներում շքեղ առանձնատուն է գնում, մեկ ուրիշը, որ մինչեւ փողոցից իշխանության գալը «հացին կակա» էր ասում (ականջը կանչի ընդդիմադիր Նիկոլի), այժմ 50-60 հազար դոլարանոց ավտոմեքենայով է ֆռֆռում, եւ այդպես շարունակ:

Նման «ծանր» հարցերը Փաշինյանին սովորաբար հանում էին հունից: Նա պատասխանը վերածում էր լեզվակռվի կամ հարցն ուղղակի անտեսում՝ թողնելով անարձագանք: Այս անգամ, ի զարմանս շատերի, նա անվրդով «դիմակայեց» երիտասարդ լրագրողի հարցին, հանգիստ բացատրեց, որ երկրում շինարար մասնագետների սղություն կա, իսկ պետգնումների հայտարարվող մրցառքներին մասնակցելու, դրանում հաղթելու իրավունք ունեն նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների եղբայրները, մյուս հարազատները: Այսինքն՝ տեսական դատողություններով շրջանցեց կոռուպցիոն ռիսկերի առկայությունը իշխանական բուրգի ամենավերին հարկերում:

Ամփոփենք Նիկոլ Փաշինյանի հունվարի 10-ի մամուլի ասուլիսը, որը քաղաքագետ Արգիշտի Կիվիրյանի իմաստավորմամբ՝ հիմնականում մի նպատակ էր հետապնդում՝ մշտապես գտնվել ժողովրդի ուշադրության կենտրոնում: Հանրությանը չերեւալը, ըստ Կիվիրյանի, նրա համար քաղաքական ու հոգեբանական մահ է: «Եթե այլ տարբերակ չգտնի, կվերագործարկի կրկեսը ու երեկոները այնտեղ ինքնացուցադրումներ կկազմակերպի, անգամ ծաղրածուի կամ որեւէ կենդանու կերպարով։ Այլ հարց է, որ այս ամենը, առավել եւս ասուլիսների ժամանակ հնչող իր մտքերը շատ թանկ են նստում պետության ու ազգի վրա»,- նկատում է քաղաքագետը:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ռուս-հայկական մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով արժանացել է Պատվո շքանշանի: Պետական բարձր պարգեւը հունվարի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառին է հանձնել ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Երկու ժողովուրդների բարեկամության ակունքներում կանգնած եկեղեցիներն ամենայն ջանք ի գործ են դնելու հանուն այս դարավոր բարեկամության առավել ամրապնդման եւ հարատեւության»,- երախտիքի խոսքում ասել է Գարեգին Երկրորդը՝ իր անհանգստությունը հայտնելով Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի առնչությամբ:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 9-ին ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու նպատակով: Ավելի վաղ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ միությունը Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր կստեղծի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար: Նա ընդգծել էր՝ այդ առաքելության նպատակն է ի վերջո նպաստել կողմերի միջեւ վստահության ամրապնդմանը:

Պաշտոնական Վաշինգտոնի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին եւ խաթարում է միջազգային վստահությունը: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հունվարի 9-ին հայտնել են, որ Միացյալ Նահանգները շարունակում է «մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման եւ ստեղծված իրավիճակի հումանիտար հետեւանքների առնչությամբ»։ «Մենք կոչ ենք անում լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Բոլոր հարցերում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»,- ասել են դեսպանատնից։

Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում հունվարի 9-ին` ժամը 14։35-ին արձանագրվել է վթար։ «ԱրցախԷներգո»-ն հայտնում է, որ, ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների, վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ «Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց եւ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ: Հունվարի 12-ից արցախցիները զրկվեցին նաեւ համացանցի ու հեռահոսակապի հասանելիությունից: Ստեփանակերտում համոզված են, որ հոսանքի գծի, ինչպես նաեւ Ինտերնետ-կապի ու հեռախոսակապի մալուխների վնասումը ադրբեջանական կողմի ձեռքի գործն է:

ՀՀ նախագահը հունվարի 9-ին հրամանագրեր է ստորագրել ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ղազարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ ներքին գործերի նախարար նշանակելու մասին: Ազգային ժողովը 2022թ. դեկտեմբերին արտահերթ նիստում, 67 կողմ, 6 դեմ ձայնով, ընդունեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: ՆԳ նախարարություն եղել է նաեւ 90-ականներին, Ոստիկանություն էր դարձել Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2002 թվականից:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: