Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

19-26 հունվարի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Վերջին օրերի բուռն քննարկումների թեման հանրապետության մի շարք մարզպետների «ինքնապարգեւատրումներն» էին: Ամենից արտառոցն այն է, որ մարզպետները շռայլորեն պարգեւատրել են ոչ միայն ընդամենը մի քանի ամիս աշխատած մարդկանց, այլեւ իրենք իրենց: Հանրային մեծ արձագանք առաջացրած խնդիրն արծարծվել է նաեւ Ազգային ժողովում հունվարի 21-ին տեղի ունեցած քննարկման եւ ճեպազրույցի ընթացքում: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի համար անհասկանալի է պարգեւավճարների շուրջ հանիրավի բարձրացված աղմուկը։ «Ազատության» հետ զրույցում մարզպետն ասել է, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակում։ Լրագրողների հարցերին ի պատասխան` նույն կարծիքն է փոխանցել նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ըստ նրա, մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով եւ չեն գերազանցել իրենց լիազորությունները:

…Անշուշտ, մարզպետներն ու մարզպետարանների աշխատողները բոլորի նման իրավունք ունեն արդյունավետ աշխատանքի համար որոշակի ժամանակամիջոցի կտրվածքով ստանալ դրամական խրախուսումներ: Նրանց այդ իրավունքը ոչ ոք չի վիճարկում: Պարզապես մարդիկ ուզում են հասկանալ, թե որքանով բարոյական է, երբ համատարած աղքատության խորապատկերին պաշտոնական անձը նմանատիպ ճոխություն է թույլ տալիս ենթակաների եւ, մանավանդ, ինքն իր հանդեպ: Ո՞ւր մնացին «հեղափոխական» իշխանության` խնայողությունների գնալու մեծադղորդ խոստումները: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի պնդմամբ` հետհեղափոխական շրջանում նման երեւույթ առաջինն արձանագրվել է Երեւանի քաղաքապետարանում եւ, ինչպես տեսնում ենք, արդեն հասել է մարզեր: Այսպես` Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որի ամսական աշխատավարձը 661,4 հազար դրամ է, իրեն եւ մարզպետարանի 15 աշխատակցի պարգեւատրել է պաշտոնական դրույքի 104,5 տոկոսի չափով, որն իր պարագայում կազմել է 691.163 դրամ կամ պարգեւավճարի` օրենքով սահմանված չափից շուրջ 30 հազարով ավելի: Սա, ի դեպ, այն մարզպետն է, որը նոր նշանակված ժամանակ հեծանիվով էր գնում աշխատանքի` ծախսերը նվազեցնելու համար:

Լիաբուռն պարգեւատրողների շարքում են նաեւ Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի մարզպետները: Ամենահնարամիտն այս եռյակից, թերեւս, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն է, որն իրեն ու մարզպետարանի 22 աշխատակցի պարգեւատրել է երկու անգամ՝ տարբեր կարգադրություններով։ Այսպես` Պողոսյանը նույն օրվա մի կարգադրությամբ իրեն պարգեւատրել է 342.740 դրամով, երկրորդ կարգադրությամբ՝ 101.460 դրամով։ Նա ժլատ չի գտնվել նաեւ իր 3 տեղակալների նկատմամբ։ 529.120 դրամ ամսական աշխատավարձ ստացող տեղակալները պարգեւատրվել են մի դեպքում 274.190, մյուս դեպքում՝ 81.170-ական դրամով։ Անի Սամսոնյանը համոզված է, որ մի քանի ամիս աշխատած պաշտոնյաներն ու ծառայողները չեն կարող ստանալ այդպիսի բարձր պաշտոնական դրույքաչափերով պարգեւավճարներ: Չէ՞ որ այն տրվում է ամբողջ մեկ տարվա բարեխիղճ աշխատանքի արդյունքով: Ցավալին այն է, որ կառավարող իշխանության ներկայացուցիչներն այդ ամենում արտասովոր ոչինչ չեն տեսնում: Ավելին` ոմանք փորձում են դա արդարացնել կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարի ներկա դրվածքով: Այն է` քանի որ մարդիկ այլեւս չունեն «կողմնակի եկամուտ», գոնե պարգեւավճարով մասամբ լրացնել «բացը»: Ստացվում է, որ ներկայիս որոշ իշխանավորների ընկալմամբ` պարգեւավճարը ոչ այլ ինչ է, քան կաշառքի այլընտրանք: Կամ, եթե կուզեք, խնամքով փաթեթավորված կոռուպցիա: Իրականում նոր չէ, որ պարգեւավճար հասկացությունը շեղվել է իր նախասկզբնական իմաստից` յուրաքանչյուր առանձին անհատի լավ աշխատանքի խրախուսման ձեւից վերածվելով տվյալ աշխատանքային անձնակազմի անխտիր բոլոր անդամներին որոշակի գումար բաժանելու գործընթացի, ինչը` ըստ էության, բնորոշ է նպաստ հասկացությանը: Այսինքն՝ տեղի է ունեցել իմաստի պարզ խեղաթյուրում: Իսկ ցանկացած խեղաթյուրում իր հիմքում անձնական շահ է պարունակում: Երեւանի քաղաքապետարանի մասին «Լուսավոր Հայաստանի» պատգամավորի ակնարկը պատահական չէ: Քաղաքապետ Հայկ Մարությանը` խախտելով օրենքը, հրաժարվել էր հրապարակել քաղաքապետարանում տրված պարգեւավճարների ցանկը:

Եթե բարձրաստիճան պաշտոնյան ջանում է հանրության աչքից հեռու պահել իր աշխատակիցների կամ անձամբ իր ֆինանսական շահագրգռությանն առնչվող որեւէ տվյալ՝ նշանակում է ինչ-որ բան այնպես չէ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու հունվարի 22-ից մեկնարկած Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին, որի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի եւ Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ ՀՀ վարչապետի` առանձին-առանձին հանդիպումների ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներում փոխգործակցության օրակարգային հարցեր: Երկուստեք կարեւորվել են մասնավորապես առեւտրատնտեսական, ներդրումային եւ գործարար կապերի ընդլայնումը, բարեկամական հարաբերությունների ամրապնդումը:

«Արմենպրեսի» հաղորդմամբ` նույն օրը Դավոսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տեւեց մոտ ժամուկես»:

…Դատելով Փաշինյանի դավոսյան հանդիպումների մասին զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներից, կարելի է արձանագրել, որ ՀՀ վարչապետի աշխատանքային այցի հիմնական առանցքը ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարն է: Կամ՝ քաղաքականին զուգահեռ նաեւ տնտեսական բաղադրիչի կարեւորումը: Այս գաղափարը լիովին համահունչ է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հեղափոխությունը տնտեսականի վերածելու՝ կառավարության ծրագրին: Թերեւս այդ նպատակն ունեին հունվարի 22-ի առավոտյան հանդիպումները «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանին, ապա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկային: Ահմաջյանի հետ հանդիպմանը վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության հետ համագործակցությամբ եւ Հայաստանում վերջինիս հնարավոր գործունեությամբ: Փաշինյանի խոսքով՝ դա թույլ կտա մեծ փոփոխություններ կատարել տնտեսական ոլորտում, որտեղ առկա է տեխնոլոգիական զարգացման մեծ ներուժ: Քրիստինա Ահմաջյանը կարեւորել է Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ներդրումային նոր ծրագրերի ներգրավման առումով եւ պատրաստակամություն է հայտնել օժանդակել ճապոնական ընկերությունների հետ կապեր հաստատելու գործում: Նա նշել է, որ առաջիկայում պատրաստվում է հետագա համագործակցության նպատակով այցելել Հայաստան:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ Շինիչի Կիտաոկան քննարկել են JICA-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ուղղություններին, ինչպես նաեւ համագործակցության խորացման վերաբերող հարցեր: Փաշինյանն ընդգծել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը JICA-ի հետ եւ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` փոխշահավետ նոր ծրագրեր իրականացնելու եւ փոխգործակցության նոր ուղղություններ նախատեսելու համարՇինիչի Կիտաոկան իր հերթին շեշտել է, որ իրականացվող բոլոր ծրագրերը կրելու են շարունակական բնույթ: Նա նշել է, որ առաջիկայում Հայաստան է այցելելու JICA-ի փորձագիտական խումբը` փոխգործակցության հեռանկարներն ու նոր ուղղությունները ուրվագծելու համար: Զրուցակիցները կարեւորել են Ճապոնիայի հետ առեւտրատնտեսական կապերի խորացումը՝ հաշվի առնելով, որ առկա է զարգացման մեծ ներուժ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ «eBay» ընկերության փոխնախագահ Գեթի Ֆոսթերի հետ` կարեւորելով ինտերնետ-աճուրդային ընկերության գործունեությունը եւ նշելով, որ այն համահունչ է տեղի ունեցող տեխնոլոգիական տրանսֆորմացիային: Կառավարության ղեկավարը հավելել է, որ ինտերնետ-առեւտրի, էլեկտրոնային վճարումների ու հեռահաղորդակցության ոլորտում eBay-ի գործունեությունը մեծ պահանջարկ ունի մեր երկրում, եւ ցանկալի է համարել ՀՀ-ում վերջինիս կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնումը: Գեթի Ֆոսթերը պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան` մեր երկրում eBay-ի գործունեության հեռանկարներն ու ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները քննարկելու համար:

Քննարկումները՝ քննարկումներ, բայց պետք է խոստովանենք, որ ներդրողն առայժմ չի շտապում գալ Հայաստան: Նախորդ վարչակագի օրոք դրա պատճառները բոլորիս հայտնի էին: Հիմա, երբ նոր, փոփոխված իրավիճակում ներդրումային միջավայրը ձեռք է բերել որոշակի գրավչություն եւ, ամենակարեւորը, զերծ է կոռուպցիոն ռիսկերից՝ մի փոքր անհասկանալի է. ներքին կայունությո՞ւնն է պատճառը, թե՞, այնուամենայնիվ, արցախյան խնդրի առնչությամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների անորոշությունը: Կամ, միգուցե, ավելի՞ խորքային խնդիրներ կան: Ամեն դեպքում փաստը մնում է փաստ, որ պոտենցիալ ներդրողը չի շտապում բացել դրամապանակը: Եվ դա լրջորեն մտորելու տեղիք է տալիս:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

Վենեսուելան այժմ երկու նախագահ ունի

 The New York Times-ը գրում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր իշխանությունը կորցնելու լրջագույն վտանգի առաջ է կանգնել այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն մայրաքաղաքի փողոցում հավաքված հազարավոր կողմնակիցների դիմաց կանգնած` իրեն հայտարարեց որպես երկրի օրինական նախագահ՝ աջակից կառավարությունների աճող թվի խորապատկերին, այդ թվում Թրամփի վարչակազմի: 

Bloomberg-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ն եւ այլ պետություններ՝ ներառյալ Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան եւ Պանաման, պաշտոնապես ճանաչել են ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին` որպես Վենեսուելայի օրինական ղեկավար այն բանից հետո, երբ իշխող վարչակարգի դեմ բողոքներն ընդլայնվել եւ նոր թափ են ստացել: 

The Washington Post-ը գրում է, որ Մադուրոն անմիջապես հանդես է եկել ԱՄՆ-ի հետ «դիվանագիտական եւ քաղաքական հարաբերությունները» խզելու մասին հայտարարությամբ եւ պահանջել, որպեսզի ամերիկյան դիվանագետները 72 ժամվա ընթացքում հեռանան երկրից: 

Սակայն, պարբերականի փոխանցմամբ, Խուան Գուաիդոն կոչ է արել դիվանագետներին մնալ: Իսկ չորեքշաբթի օրն իր ելույթում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել է, որ Թրամփի ղեկավարությունն ուշադրություն չի դարձնում Մադուրոյի պահանջին եւ կոչ է արել վենեսուելական զինված ուժերին ձեռնպահ մնալ ամերիկյան անձնակազմը վտանգելուց` հավելելով, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ն կարձագանքի «համապատասխան գործողություններով»: 

Ավելի վաղ, այն հարցին, թե արդյոք դիտարկվում է ռազմական ուժի կիրառման հնարավորությունը, Թրամփն ասել է. «Մենք ոչինչ չենք դիտարկում, բայց սեղանին դրված են բոլոր տարբերակները»,-հաղորդում է Washington Post-ը:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: