Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, որը հունվարի 20-ին էր, Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Շուշիի հանձնման հանգամանքների վերաբերյալ ԲՀԿ-ական պատգամավորի հարցին, ասել է. «Դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցած Շուշի քաղաքը հայկակա՞ն է»: Մի պահ տպավորություն էր ստեղծվել, որ խորհրդարանի ամբիոնի մոտ կանգնած է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի ղեկավարը կամ այդ երկրի շահերը ներկայացնող ոմն լոբբիստ: Փաշինյանը բացահայտորեն ադրբեջանամետ հայտարարություն արեց՝ փաստորեն պնդելով, որ Շուշին հայկական քաղաք չէ, քանի որ մինչեւ 1992 թվականի ազատագրումը ունեցել է ավելի քան 90 տոկոս ադրբեջանական բնակչություն:
Շատ արագ այս հայտարարությունը դարձավ ադրբեջանական մամուլի գլխագրերից մեկը եւ մեծ արձագանք գտավ: Այն, բնականաբար, աղմկոտ քննարկումների տեղիք տվեց նաեւ սոցցանցերի հայկական հարթակում:
…Հայոց բերդաքաղաքի հանդեպ Նիկոլ Փաշինյանի քամահրական վերաբերմունքը նոր չէ: Նոյեմբերի 10-ին Մոսկվայում կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից եւ Շուշին թշնամուն հանձնելուց հետո, նա հայտարարեց, թե Շուշին «դժգույն ու դժբախտ քաղաք էր»: Այդպես Փաշինյանը, թերեւս, փորձեց «սփոփել» հայության մեծ ցավը, ում համար Շուշին ոչ միայն Արցախի ադամանդն էր ու պատմամշակութային կենտրոնը, այլեւ մեր ազգի արժանապատվության ու ոգու վեհության, պայքարի ու հաղթանակի խորհրդանիշը: Բերդաքաղաքի զուտ հայկական լինելու ապացույցներն այդտեղ բազմաթիվ են՝ Շուշիի բերդը, Ղազանչեցոց եկեղեցին, «Կանաչ ժամ»-ը, խաչքարեր եւ հնագույն մի շարք այլ կոթողներ:
Շուրջ 800-ամյա պատմություն ունեցող Շուշիի բնակչության մեծ մասը՝ նախքան 1920թ. մարտին թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի իրականացրած հայկական ջարդերը, հայերն էին: Մարտ-ապրիլ ամիսներին ցեղասպանության էր ենթարկվել տարբեր հաշվարկներով 8-10 հազար հայ, ավիրվել ու հրկիզվել էին 7 հազար հայկական շենք-շինություններ: Քաղաքի ողջ մնացած հայ բնակչությունը ստիպված էր լքել իր դարավոր բնօրրանը, որն այնուհետեւ բնակեցվեց ադրբեջանցիներով: Մինչ այդ, օրինակ՝ 1897-ին, Ռուսական կայսրության առաջին համընդհանուր մարդահամարի տվյալներով՝ Շուշիի հայ բնակչության թիվը 14.420 էր, թաթարներինը (ներկայիս ադրբեջանցիները)՝ 10.778, իսկ Շուշի գավառի գյուղերը գրեթե բացառապես հայաբնակ էին։
Շուշիի ադրբեջանականացման գործընթացը սկսեց 1921 թվականից հետո, երբ երիտասարդ խորհրդային պետության Կավբյուրոյի ղեկավարի՝ Իոսիֆ Ստալինի անօրինական որոշմամբ Լեռնային Ղարաբաղը մեկ գիշերում հայտնվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որտեղ երբեք չէր եղել: Գործընթացն ավելի ակտիվացավ 1969-1982 թվականներին՝ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում Հեյդար Ալիեւի իշխանավարման տարիներին, երբ ազգային խտրականության խնդիրն այնքան էր սրվել, որ 1988-ին հանգեցրեց Արցախյան շարժման բռնկմանն ու Ադրբեջանա-ղարաբաղյան 1991-94 թթ. տեղի ունեցած՝ բոլորիս հայտնի ելքով պատերազմին: Ազատագրված Շուշին դարձյալ ընդունեց իր իսկական տերերին՝ ավելի մաքրված ու զտված պայմաններում:
Հիմա գանք Փաշինյանի «հակընդեմ» հարցին, որն ԱԺ-ում հնչեց հետեւյալ կերպ. «Դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցած Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»: Նախ՝ պիտի ասել, որ իզուր ջանքեր են գործադրում Փաշինյանի սրբագրիչները նրա ամեն մի արտառոց արտահայտությունը «դզել-փչելու», նույնիսկ ձայնագրությունից խոսքի հարցական տոնը խլացնելու համար՝ փորձելով մեղմել ասվածի իմաստը: Վերը նշված մեջբերումը լինի հարցական նշանով, թե առանց հարցականի, ոչինչ չի փոխում: Մեջբերման հեղինակը առնվազն կասկածի տակ է դնում Շուշի քաղաքի հայկականությունը, ինչը երանի միայն չիմացությամբ պայմանավորված լիներ:
Վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մոլորությունը, ըստ էության, ավելի խորքային է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Նա ասում է. «Ընդհանրապես՝ չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, ըստ որի ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան։ Իսկ Շուշին հակամարտությունից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն»: Որքան էլ զարմանալի լինի, այստեղ ամեն ինչ ճիշտ է: Բայց կա սկզբունքային մի հարց՝ ո՞րն է Փաշինյանի մտավախության պատճառը: Շուշիի քաղաքի բնակչության «90 եւ ավելի տոկոսը» կազմող ադրբեջանցի փախստականների՝ Շուշի վերադա՞րձը:
Սա անհեթեթություն է: Բայց չէ՞ որ Շուշին մնում էր հայկական կողմի, այսինքն՝ Արցախի վարչական վերահսկողության տակ, ինչի մասին իր հայտնի հարցազրույցում ասել էր նաեւ ՌԴ նախագահը՝ նշելով, որ Շուշին Ադրբեջանին փոխանցելու հարց երբեք չի դրվել եւ որ իր համար անհասկանալի էր ՀՀ վարչապետի մերժումը: «Վարչապետ Փաշինյանը ինձ ուղիղ ասաց, որ դրանում տեսնում է Հայաստանի եւ Ղարաբաղի հանդեպ սպառնալիք: Ինձ համար այսօր էլ հասկանալի չէ, թե որն էր սպառնալիքը` հաշվի առնելով, որ վերադառնալու են խաղաղ բնակիչները, իսկ հայկական կողմի վերահսկողության տակ է մնում Շուշին ու նաեւ հաշվի առնելով, որ այնտեղ են մեր խաղաղապահները»:
Իսկապես, ո՞րն էր սպառնալիքը: Մի՞թե պարզ չէ, որ մի բան է, երբ Շուշին ունենում է հայկական քաղաքի կարգավիճակ, բայց վերադարձող «90 եւ ավելի տոկոս» ադրբեջանցի փախստականներով, եւ լիովին այլ բան, երբ քաղաքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցներ: Առաջին պարագայում վերահսկելով տարածքը՝ Արցախը կվերահսկեր, տեր կկանգներ նաեւ այնտեղ եղած պատմամշակութային մեր ժառանգությանը, իսկ Շուշիի արդեն վերահաստատված հայերը չէին հեռանա բերդաքաղաքից, հայ բնակչությունն աստիճանաբար կվերականգնվեր: Այստեղ կարեւորը տարածքի պատկանելիության հարցն է, որն առաջարկվում էր լուծել Արցախի օգտին, բայց Փաշինյանն այն չընդունեց՝ դրա մեջ տեսնելով սպառնալիք:
Ավելին ասենք՝ հայկական վերահսկողության ներքո ադրբեջանցի բնակչության առկայությունը նույնիսկ ինչ-որ առումով դրական տարրեր է պարունակում՝ դա Բաքվին զսպելու եւ նրա նկատմամբ ազդեցության լծակներ ունենալու հնարավորություն կլիներ: Այսինքն՝ առաջին տարբերակով ադրբեջանական բնակչությամբ Շուշին Արցախի կազմում ոչ թե սպառնալիք կլիներ հայերի նկատմամբ, ինչպես դատում է Փաշինյանը, այլ խաղաքարտ նրանց ձեռքին: Շուշին, ինչպես միշտ, կմնար հայկական: Ցավոք, Նիկոլ Փաշինյանի ու նրա թրքասեր թիմի բարեհաճությամբ դարձավ ադրբեջանական:
Հրապարակումն ավարտենք ճանաչված հաղորդավար, դերասանուհի Գայանե Ասլամազյանի ֆեյսբուքյան մի գրառմամբ. «Մարդ չգիտի՝ ինչ անի, որ ամեն օր սրա հերթական հակահայ եզությունները չլսի, չտեսնի, չկարդա… պրծում չկա էս հայատյաց ոչնչություններից: Մոտ 3 տարի խլել է մեր հանգիստը, անդորրը, հողերը, երեխեքին, առողջությունը, ապագան, ու շատ ինքնավստահ դեռ ամբիոնից ելույթ է ունենում: Տեսնես քնելիս է՞լ է զրահաբաճկոնով տեղաշոր մտնում: Հուսամ՝ մեր երեխեքը թույլ չեն տալիս հանգիստ քնի, ամեն աչք փակելիս պիտի ամեն մեկի դեմքը տեսնի, պիտի վախենա աչքերը փակի: Եվ ոչ միայն ինքը: Բոլոր նրանք, ովքեր սրան բերեցին ու շարունակում են ծառայել այս թշնամամետ իշխանությանը»:
Հաշվետու շաբաթվա ընթացքում լայնորեն քննարկվում էր նաեւ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի՝ «Sputnik Արմենիա»-ին անցած շաբաթավերջին տված աղմկոտ հարցազրույցը, որում նա հակադրվում է ընդունված այն տեսակետներին, թե Արցախի կորցրած տարածքները, վաղ թե ուշ, պիտի վերադարձվեն՝ թեկուզ պատերազմի միջոցով։ Խորհրդարանի փոխխոսնակը համոզված է, որ հարեւանների հետ պետք է ունենանք մշտական խաղաղություն: Տարածաշրջանը, ըստ նրա, պետք է մարդկային դեմք ունենա։ «Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք եւ մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական ու վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»,- չքմեղացած ասել է Լենա Նազարյանը։
…Հավանաբար՝ տեսնելով հարցազրուցավարի զարմացական հայացքը, փոխխոսնակ տիկինը փորձել է մեղմել ասածի տպավորությունը եւ մի փոքր դադարից հետո հավելել, որ ինքը չի ուզում տարածքները պատերազմով ետ բերել: «Ես ուզում եմ քաղաքական գործընթացների միջոցով դա անել։ Ես քաղաքական գործիչ եմ եւ հավատում եմ քաղաքականությանը»,- հավելել է նա։ Եթե կարճ բնութագրենք «քաղաքականությանը հավատացող» եւ ինքնիրեն «քաղաքական գործիչ» համարող սույն պետական պաշտոնյայի սկզբունքային մոտեցումը կոնկրետ հարցի շուրջ, կունենանք հետեւյալ պատկերը. Հայաստանի օրենսդիր իշխանության մարմնի բարձրաստիճան պաշտոնյան գտնում է, որ բոլոր հարեւանների եւ, մասնավորապես, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղ, համագործակցաբար ապրելն այլընտրանք չունի, որովհետեւ մենք 18 տարեկան զավակներ չունենք «կրակի բերան» ուղարկելու համար:
Ի՞նչ է ստացվում: Մենք պատերազմի համար զինվոր չունենք, իսկ Ադրբեջանը երբեք ինքնակամ չի վերադարձնի մեր տարածքները, այդ թվում՝ Արցախը, ինչի մասին բազմիցս ասվել է ամենաբարձր մակարդակով: Իլհամ Ալիեւն անընդհատ կրկնում է, թե հակամարտությունն այլեւս լուծված է: Ուրեմն՝ ո՞րն է ելքը: Եթե «քաղաքականությանը հավատալը»՝ որպես մանկամտություն, արանքից հանենք, միակ ելքը, ըստ Նազարյանի, մնում է ստեղծված իրավիճակին համակերպվելն ու քիրվայաբար ապրելը՝ ձեւացնելով, թե ոչինչ չի պատահել: Երկրորդ՝ փոխխոսնակը խաղաղ համակեցություն է առաջարկում առանց հաշվի առնելու մյուս կողմի մտադրությունները: Իսկ Ադրբեջանն արդյո՞ք պատրաստ է խաղաղության: Կյանքը հակառակն է ապացուցում՝ ամբարիշտ հարեւանը խաղաղության մասին լսել անգամ չի ուզում, ավելին՝ աչքը տնկած հայկական նոր տարածքների վրա, «ավագ եղբոր» հետ Կարսում զինավարժություններ է անցկացնում, նոր ծրագրեր մտմտում՝ ուժեղացնելով հակահայ ռազմատենչ հռետորաբանությունը:
Մոսկովյան եռակողմ հանդիպումից 3-4 օր անց Ադրբեջանի նախագահը՝ տիկնոջ եւ դստեր հետ այցելելով Շուշի, այնտեղ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այլեւս գոյություն չունի, «իսկ այդ մասին խոսողներին սպասվում է երկաթե բռունցքի եւս մեկ հարված»: Վերջին բառերն արտասանելիս՝ Ալիեւը ձեռքը բռունցք արած, թափահարում էր օդում: Ավելի վաղ Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով իսլամական կազմակերպության՝ ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպման ժամանակ նա, մասնավորապես, հայտարարել է, թե հայերը «փոխել են մեր քաղաքների եւ գյուղերի անվանումները, նույնիսկ՝ քրիստոնեական կրոնական հուշարձանների ծագումը», «փոխել են հին ուդիների կրոնական ժառանգության ծագումը», «հին Կովկասյան Աղվանքի եկեղեցիները վերածել են հայկական եկեղեցիների»։ Ալիեւը հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության ոչնչացման կամ նրա ինքնության խեղաթյուրման նախադրյալներն է արդեն ստեղծում:
Ադրբեջանի հայատյացությունը շարունակվում է բոլոր ուղղություններով, եւ դա ավելի քան ակնհայտ է: Իլհամ Ալիեւն ու իր վարչակարգը հայ ժողովրդի եւ Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով, վիրավորում հայերի ազգային արժանապատվությունը։ Նրանք պնդում են, թե Զանգեզուրը, Սեւանը եւ Երեւանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, «որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել»։ Բացառվում է, որ այս ամենից Լենա Նազարյանն անտեղյակ է: Ուրեմն ինչո՞ւ իմանալով հանդերձ թշնամու էությունը, նրա հետ բարիդրացիական, խաղաղասիրական հարաբերությունների հաստատման ցանկություն է փայփայում՝ խաղալով մարդկանց հույզերի վրա: Սա կամ սովորական ամբոխահաճություն է, կամ թշնամուն ինչ-ինչ մղումներով ծառայության մատուցում: Ամեն դեպքում գործ ունենք պետական մտածողության բացակայության երեւույթի հետ:
Կյանքում երբեմն ստեղծվում են իրավիճակներ, երբ պետության ու ազգի շահերը կարող են հակասության մեջ մտնել անհատի շահի հետ: Նազարյանի նկարագրությունը այդպիսի իրավիճակներից է, որտեղ 18 տարեկան զինապարտի ու նրա մերձավորների շահերը բախվում են պետության շահերին: Բնականաբար, պետական պաշտոնյան նման դեպքերում պաշտպանում է պետության շահերը, սակայն ԱԺ փոխնախագահը խնդրո հարցազրույցում հանդես է գալիս անհատի շահի դիրքերից, ինչը համոզիչ չէ:
Զինապարտի անվտանգ կյանքի մասին իրապես մտածող պաշտոնյան իրենից կախված շատ բան կարող էր անել բանակի մարտունակությունը բարձրացնելու, զինծառայողի անվտանգությունն ապահովելու, զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտն առողջացնելու համար: Իսկ այդ ամենին նպաստելու ուղղությամբ ԱԺ-ն ունի համապատասխան ոչ քիչ լծակներ: Ի վերջո՝ 18 տարեկանի կյանքի համար մտահոգվող պաշտոնյան չէր հանդուրժի հազարավոր այն երիտասարդների սպանդը, որը 44 օրերի ընթացքում տեղի ունեցավ իշխող քաղաքական ընտրանու մեղքով: Այն ընտրանու, որի կարկառուն ներկայացուցիչներից մեկն էլ Լենա Նազարյանն է: Իր խոսքի արժեքը եւ իր պատվի հարգը գիտակցող, պարկեշտ գործիչը անգամ մեկ րոպե չէր կարող մնալ մի թիմում, որի ապիկարության պատճառով անթիվ-անհամար կորուստներ ունեցանք՝ թե՛ մարդկային, թե՛ նյութական: Իսկ մեր պարտությունը պատերազմի ավարտից հետո էլ շարունակվում է:
Կան հանրահայտ փաստեր, որոնց համադրումը հետաքրքիր եզրակացության է հանգեցնում: Այդ փաստերն են՝ ա/ պատերազմի 3-րդ օրը հատուկ հրամանով դադարեցվել էր զորքի համալրումը. բ/ առաջնագիծ կռվողներ էին ուղարկվում առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի. գ/ ՀՕՊ համակարգը լիովին անզոր էր հակառակորդի ԱԹՍ-ների դեմ՝ երկինքը փաստորեն «բաց» էր. դ/ պաշտոնական ամփոփոգրերի փոխարեն մատուցվում էին պաշտոնական ստեր մեր զինված ուժերի կորուստների ու ռազմական ձախողումների մասին. ե/ անտեսված ու մեկուսացված էին փորձառու զինվորականները եւ մարտական գործողությունների դիտարկման բունկերում վխտում էին կողմնակի անձինք: Եվ սա դեռ բոլորը չէ:
Ըստ «օդում կախված» լուրերի, այս ամենը միտումնավոր էր արվում՝ մեծաքանակ զոհեր թույլ տալու համար՝ որքան էլ դաժան հնչի: Նպատակն էր՝ մարդկանց մեջ ամրապնդել այն միտքը, որ պատերազմը համատարած ջարդեր ու երիտասարդների անխուսափելի մահեր են: Սա իր հերթին խաղաղության հարգը բարձրացնելու համար էր քարոզվում: Այն խաղաղության, որն այսօր փառաբանում են Լենա Նազարյանը եւ նրա համախոհները:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հունվարի 18-ին մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված էր 46 հարց, այդ թվում՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցերը։ Հաջորդ օրը՝ հունվարի 19-ին, խորհրդարանը քվեարկեց քննարկված նախագծերը: Առաջին ընթերցմամբ ընդունվեց հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրենսդրական փաթեթը։ Այն ընդունվեց ձայների 85 կողմ, 18 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Նիկոլ Փաշինյանը 19 հունվարի ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսին, ով այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է ՀՀ-ում: Վարչապետը նշել է, որ Երեւանում Նիդերլանդների դեսպանության բացումը եւ ռեզիդենտ դեսպանի նշանակումը երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է բացում: Անդրադառնալով արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ վարչապետն ընդգծել է, որ հայկական կողմի համար կարեւորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը, որի ուղղությամբ ինտենսիվ աշխատանքը շարունակվում է:
Իր հերթին Նիկոլաս Սխերմերսը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-նիդերլանդական կապերը սերտացնելու ուղղությամբ:
Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթին եւ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպման օրակարգում էին ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող հարցեր: Ընդգծվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Արա Այվազյանն ընդգծել է կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում շեշտելով Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության իրավունքը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստը հունվարի 19-ին էր: Սեպտեմբերի 27-ից ի վեր դատական նիստերը հետաձգվում էին տարբեր պատճառներով: Այս նիստին քննարկվում էր փաստաբանների բացակայության հարցը: Նրանք պատերազմի ավարտից հետո դատական մեկ նիստի չէին ներկայացել եւ, ինչպես հայտարարել էին, մասնակցում էին ընդդիմության հայտարարած գործադուլին, որի ժամանակ պահանջում էին կառավարության հրաժարականը:
Դատական նիստի ընդմիջումից հետո Քոչարյանը կարճ զրույց ունեցավ բակում հավաքված իր աջակիցների հետ` ըստ էության ասելով, որ դատական նիստը կարող է երկարաձգվել, եւ ճիշտ կլինի, որ նրանք այս ցուրտ եղանակին չմնան դրսում: Երկրորդ նախագահը որեւէ հարցի չի պատասխանել:
Էդուարդ Աղաջանյանը հունվարի 18-ին ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այս մասին որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը: Աղաջանյանը գործադիրի ղեկավարի աշխատակազմը ղեկավարում էր 2018 թվականի մայիսից: Նրա մեկ այլ որոշմամբ` այդ պաշտոնում է նշանակվել է ՀՀ առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը: Վերջինս վարչապետի նույն օրվա առաջարկով ու նախագահի հրամանագրով ազատվել էր նախարարի պաշտոնից:
Առողջապահության նորանշանակ նախարարն Անահիտ Ավանեսյանն է, ով նախարար Թորոսյանի առաջին տեղակալն էր: