Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Հունվարի 17-ին գումարված Ազգային ժողովի նիստի ժամանակ, որը վարում էր ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, տեղի ունեցավ աղմկոտ իրադարձություն, որը քիչ էր մնում վերածվել ձեռնամարտի: Այս անգամ առիթը «Թուրքիայի ազդեցության գործակալ» լինելու մասին ԱԺ-ում արդեն երկրորդ անգամ բացվող խոսակցությունն էր, որի անթույլատրելիության մասին էր այդ պահին ամբիոնից բարձրաձայնում ԱԺ մյուս փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով նրան, որ ընդդիմադիր պատգամավորները Ռուբեն Ռուբինյանին հանիրավի մեղադրում են Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ:
Կրքերը թեժացան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի վիրավորական ռեպլիկից հետո։ Ռուբինյանի նյարդերը տեղի տվեցին, եւ նա նկատողություն հայտարարեց Ստամբուլյանին ու սկսեց զայրագին հանդիմանել ընդդիմադիրներին, ինչը դուր չեկավ «Հայաստան» խմբակցությանը: Սկսվեց վիճաբանություն։ «Կանեմ էն, ինչ կուզեմ»,- հիստերիայի մեջ գոչեց Ռուբինյանը: Տեղից մեկն ասաց. «Չես կարա», ինչին Ռուբինյանը բղավելով արձագանքեց. «Տիրություն արեք, կարամ»: Նա տեղից թափով վեր կացավ, իջավ ներքեւ: Իրավիճակը լարվեց: Վայրկյաններ անց՝ կեսճանապարհից փոշմանելով, վերադարձավ իր տեղը եւ կոչ արեց բոլորին. «Նստեք տեղներդ: Պարոն Արշակյան, շարունակեք»: Ասես ոչինչ չէր եղել: Բայց քանի որ կրքերը չէին հանդարտվում, Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց՝ նշելով, որ նիստը կվերսկսեն մեծ ընդմիջումից հետո:
…Առաջին հարցը, որ ԱԺ նիստի այս նկարագրության համատեքստում ծագում է, հետեւյալն է. սա՞ է ներկայացնելու Հայաստանը հայ-թուրքական բանակցություններում՝ այսքան անկայուն ջղերով, հավասարակշռությունը հեշտ կորցնող ա՞նձը: Եվ այս «հալով» պետք է բանակցի իր տարիքից ավելի դիվանագիտական աշխատանքի փորձառություն ունեցող, լրջախոհ ու խորամանկ գործչի հետ, ով միայն վերջին 8 տարին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանն էր, ընդ որում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համոզված հակառակորդներից մեկը: Փաշինյանն օրերս խոսում էր «ամուր նյարդեր» ունենալու մասին՝ հայտարարելով, որ առջեւում կարեւոր գործընթացներ են սպասվում: Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով միջադեպին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը պարզաբանեց, որ ընդդիմությունը փորձում էր հասկանալ, թե, ի վերջո, ինչ բանակցություններ են տեղի ունեցել ՀՀ-ի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ, բայց մնացել է անպատասխան:
«Առավոտից փորձում ենք դրա պատասխանը ստանալ: Իշխանությունը դյուրագրգիռ վիճակում է հայտնվում ընդդիմության ընդամենը հարցերից»,- ասաց Խամոյանը՝ նշելով, որ հիմնավոր պատճառներ կան անհանգստանալու։ Պատգամավորի պնդմամբ՝ իշխանափոխությունից անմիջապես առաջ Ռուբինյանը Թուրքիայում ուսումնառության էր կամ ինչ-որ պրակտիկա էր անցնում. «Նա նշանակվել է ՀՀ հատուկ ներկայացուցիչ, հիմա կարող է, չէ՞, ողջամիտ կասկած լինել, թե ինչու հենց Ռուբինյանը նշանակվեց»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը: Մինչ Խամոյանը տակավին կամուկացի վիճակում էր ՀՀ հատուկ բանագնացի՝ գործակալ լինելու հարցում, ոմանք արդեն հավաստի լուրեր էին դրել շրջանության մեջ. «Թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է եղել Ռուբեն Ռուբինյանը, որպեսզի նրան նախապատրաստեն հենց այս գործընթացին»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փոխանցել է Հայոց ցեղասպանության տուն-թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:
Այդպե՞ս է, թե՝ ոչ, թող պարզեն պատկան մարմինները, իսկ մենք անդրադառնանք հարցերի հարցին. ի՞նչ է տալու մեզ հայ-թուրքական մերձեցումը, որ իշխանությունն ուզում է ամեն գնով այն փաթաթել մեր բազմաչարչար ժողովրդի վզին: Որեւէ մեկը հաշվարկե՞լ է հնարավոր կորուստներն ու վնասները: Իհարկե՝ ոչ: Եվ գիտե՞ք, թե ինչու: Որովհետեւ գործող վարչախումբը հետաքրքրված չէ հայկական շահով, ինչի վկայություններից է նաեւ հատուկ բանագնացի պատասխանատու պաշտոնում անփորձ, դյուրագրգիռ, կասկածելի անցյալ ունեցող Ռուբինյանի նշանակումը՝ չնայած, ըստ որոշ լուրերի, Փաշինյանը դեռ չի ստորագրել նրա մանդատը։
Եվ այսպես՝ փորձենք հասկանալ ամենակարեւորը. ո՞րն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իմաստը, եւ այն էլ՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ աննախադեպ ծանր իրադրության ու մեր պետականության ապագայի այս անորոշության պայմաններում: Թուրքիայի հետ, ինչպես հայտնի է, Հայաստանը չունի դիվանագիտական որեւէ շփումներ, միակ ունեցածը փակ սահմաններն են եւ պատմական ցավոտ հիշողությունը: Խորհրդային շրջանը հանած՝ նախկին ղեկավարների օրոք եւս հարաբերությունները պաշտոնապես շտկելու փորձեր եղել են, սակայն՝ ապարդյուն. երկու երկրների միջեւ միշտ անտեսանելի մի պատնեշ է վեր խոյացել՝ հայոց Եղեռնը: Հարաբերությունների կարգավորման շրջանակներում Թուրքիան աներկբայորեն առաջ էր քաշում Ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ Հայոց պահանջատիրությունից հրաժարվելու նախապայման, որը հայկական կողմի համար անընդունելի էր եւ է:
Անցյալ տարվա դեկտեմբերին Երեւանն ու Անկարան հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկել, եւ երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, որոնք հունվարի 14-ին հանդիպեցին Մոսկվայում։ Ավելի ուշ Թուրքիայի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները նույնական տեքստով հաղորդագրություններ տարածեցին, թե կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Իրականում դժվար է անկեղծ համարել ՀՀ-ի հետ Թուրքիայի՝ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու ցանկությունը, քանի որ նա արդեն իսկ մի քանի նախապայմաններ դրել է: Նախ՝ երկու երկրներին առնչվող ցանկացած հարց Թուրքիան պայմանավորում է երրորդ կողմի՝ Ադրբեջանի հետ համաձայնեցնելու հանգամանքով, ինչը ինքնին նախապայման է: Երկրորդ՝ այդ երկրից արդեն ակնարկներ են արվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Մարալիկում 2015-ին տեղադրված՝ Սողոմոն Թեհլերյանի հուշարձանն ապամոնտաժելու մասին: Նման օրինակները քիչ չեն:
Բացի դրանցից, ամենաբարձր մակարդակով հնչում են հայտարարություններ, որոնց մեջ առկա են հայկական կողմին ուղղված պարտադրանքի տարրեր: Այսպես՝ Մոսկվայում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման նախօրյակին՝ հունվարի 13-ին, նախագահ Ռեջեբ Էրդողանը Եվրամիության դեսպանների հետ հանդիպմանը վերստին պնդել էր, թե «որպեսզի ձեռնարկվող քայլերն արդյունք տան», Հայաստանը պետք է օգտագործի տարածաշրջանային խաղաղության հնարավորությունը։ «Այս առումով կարեւոր է, որ Հայաստանը դրական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ»,- ասել էր նա՝ առանց հստակեցնելու, թե արդյո՞ք Անկարան ետ կկանգնի կարգավորման գործընթացից, եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները մտնեն փակուղի։ Բանակցությունների ընթացքում Թուրքիան, անկասկած, փորձելու է առաջին հայացքից «հրապուրիչ» կամ «անվնաս» թվացող հարցեր ներառել բանակցային օրակարգում՝ ասենք թուրք ներդրողների հրավիրում սահմանամերձ գյուղեր, խաղողի, մրգի ընդունման կետերի բացում, Ախուրյանի ջրամբարի հզորության ավելացում եւ այլն:
Մի քանի կարեւոր սկզբունք Հայաստանը պետք է անվերապահորեն պահպանի՝ «կարմիր գծերը» եւ այն համոզմունքը, որ Թուրքիան ոչինչ հենց այնպես չի անում, մեր երկրի տարածքը նրա համար «նվաճելիք խոպան» է, որին պատրաստ է լինելու հասնել քայլ առ քայլ, աննկատ ու անաղմուկ: Որտեղ պատշաճում է՝ բանեցնելով քաղցր լեզու, որտեղ պահանջվում է՝ բռունցք: Միանշանակ է, որ Թուրքիան չի գալիս մեզ երջանկացնելու: Եթե նա գալիս է, ուրեմն վստահ է եւ ունի ուզածը ստանալու երաշխիքներ: Ամեն դեպքում Հայաստանի անունից բանակցող անձի վտիտ ուսերին մեծ բեռ է դրվել: Կամ՝ միգուցե անշնորհակալ հանձնառություն: Կյանքը ցույց կտա:
Հ.Գ. Լուրեր են պտտվում, թե Փաշինյանը հրաժարվում է ստորագրել Ռուբինյանի մանդատի տակ եւ լիազորել նրան Հայաստանի անունից բանակցել Թուրքիայի հետ՝ որպես ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ: Ենթադրվում է, որ դա հեռահար մի նպատակ է հետապնդում՝ դեպքերի ոչ նպաստավոր զարգացման դեպքում Ռուբինյանին մեղադրել ինքնագործունեության մեջ՝ հայտարարելով, որ ինքը նրան չի լիազորել: Ժանրի կանոնների համաձայն՝ դատախազը քրեական գործ կհարուցի ու մեղադրանք կառաջադրի Ռուբինյանի նկատմամբ՝ ԱԺ փոխնախագահի լիազորությունների վերազանցման եւ պետական դավաճանության մեջ:
Հունվարի 19-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ՀՀ հատուկ բանագնացի կարգավիճակի իրավական հիմքերի վերաբերյալ հստակ հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս, ինչպես շատ անգամներ, լղոզված պատասխան տվեց:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 16-ին ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Պայմանավորվածության համաձայն՝ Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երեւան: «Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջեւ հաստատվող նոր օդային կամուրջը եւս մեկ կարեւոր քայլ է Հայաստանի եւ ԱՄԷ միջեւ առեւտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ, որն էական խթան կլինի հատկապես զբոսաշրջության զարգացման համար»,- ասված է հաղորդագրությունում։
Հունվարի 17-ին մեկնարկած՝ ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցն էր։ Իշխող ՔՊ-ն առաջադրել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ ԱԺ ընդդիմությունը դեռ չի հստակեցրել, թե ինչպես կքվեարկի ընտրության ժամանակ. ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի խոսքով՝ իրենք կաշկանդված են հանգամանքով, որ Գրիգորյանին առաջադրել եւ ընտրության համար անհրաժեշտ ձայներն ապահովելու է իշխանությունը։ «Հայաստան» խմբակցությունից էլ հայտնում են, որ իրավական ոլորտի մասին Գրիգորյանի մի շարք հարցերի պատասխաններ իրենց չեն բավարարել։
ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարին։ Օմբուդսմենին ընտրում է ԱԺ-ն պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3 հինգերորդով՝ 6 տարի ժամկետով:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հունվարի 19-ին Վիեննայում հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի համար անընդունելի են Երեւանի նախապայմանները սահմանազատումը սկսելու համար: Միաժամանակ՝ Բայրամովը հայտնել է Ադրբեջանի շահագրգռվածությունը ԵԱՀԿ-ի մասնակցությամբ այն նախագծերում, որոնք վերաբերում են ներկայիս հետպատերազմյան շրջանին, մասնավորապես՝ տարածաշրջանում շինարարության եւ վերաինտեգրման գործընթացներին:
«Արմենպրեսի» խնդրանքով, արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակն ընդգծել է, որ սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը պայմանավորվածությունների մասին է: «Կարծում եմ՝ հարցի վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում կա»,- ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Արցախում նախատեսվում է ստեղծել Հանրային խորհուրդ, նաեւ հնարավոր են սահմանադրական փոփոխություններ: Այս հարցերը հունվարի 18-ին Արցախի նախագահը քննարկել է մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։ «Այն լինելու է ապաքաղաքական մարմին, ձեւավորվելու է հասարակական հատվածի ներկայացուցիչներից եւ միտված է լինելու պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը»,- հաղորդում է նախագահի աշխատակազմը: Ըստ Արայիկ Հարությունյանի, առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ, որը հանրային քննարկումների առարկա կդարձնի սահմանադրական հնարավոր փոփոխությունների անհրաժեշտության հարցը:
Հնարավոր սահմանադրական բարեփոխումները, նախագահի հավաստմամբ, մշակվելու են բացառապես Արցախի անկախության միջազգային ճանաչման եւ պետականության ամրապնդման ուղեգծի շրջանակներում։