Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

14-21 հունվարի 2023թ.

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ անցած գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում կատարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, ողբերգությունից խուսափել չի հաջողվել. հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, իսկ 3-ը (հետագայում պարզվեց՝ 7-ը), որոնց վիճակը գնահատվում էր ծանր, տեղափոխվել էին հիվանդանոց: Ենթադրաբար՝ հրդեհը բռնկվել է փայտի ինքնաշեն վառարանից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:

 

Մեկնաբանությունը

Ահասարսուռ ողբերգության թարմ հետքերով տարբեր վարկածներ էին շրջանառվում՝ թշնամական դավադրությունից մինչեւ զորանոցում հակահրդեհային կանոնների չպահպանում: Հուսանք՝ ընթացող նախաքննությունն ամեն ինչ կպարզի, եւ մեղավորներն արժանի պատիժ կստանան: Կառավարության հինգշաբթի օրվա նիստում գործադիրի ղեկավարը՝ տարվող քննությունից մի քայլ առաջ ընկնելով, «պատկերավոր» նկարագրեց տեղի ունեցածը՝ զոռ տալով սեփական երեւակայությանը:

Ըստ այդմ՝ գիշերը սպան փորձել է 5 լիտրանոց տարայից բենզին լցնել վառարանի մեջ՝ կրակ վառելու միտումով, բայց բոց է բռնկվել, եւ նա շփոթահար՝ վտանգն իրենից վանելու համար, բենզինով լի տարան բնազդաբար նետել է կացարանի մուտքի ուղղությամբ, ինչի արդյունքում ուժգին հրդեհ է առաջացել: Եվ քանի ու հրդեհը, Փաշինյանի նկարագրմամբ, սկսվել էր դռան մուտքից՝ կաշկանդելով դռնով դուրս փախչելու ելքը, իսկ լուսամուտները ճաղավանդակներով ամրացված էին, զինծառայողները խուճապահար մնացել էին ներսում եւ, ցավոք սրտի, հրո ճարակ դարձել:

Կառավարության նիստից առաջ Փաշինյանը մոտավորապես այսպիսի կանխավարկած էր ներկայացրել, որը նույն օրը հերքվեց ինժեներասակրավորային վաշտի հրամանատարի կողմից: Նրա խոսքով՝ ներսում ավտոբենզին երբեք չի պահվել եւ դրա կարիքը չի էլ զգացվել, քանի որ վառարանը վառելիս զինծառայողները, որպես կպչան, օգտագործում էին ածուխ եւ թուղթ: Բայց ՀՀ զինդատախազ Գրիգոր Էլիզբարյանի ներկայացրած նախնական տվյալները՝ մանավանդ բենզինի «5 լիտրանոց տարայի» մասով, ավելի մոտ էին գործադիրի ղեկավարի կանխավարկածին, որի առաջադրման իրավասությունը նա չուներ: Թե վերջնարդյունքում վարկածներից որը կհաստատվի՝ ցույց կտա ժամանակը եւ, հատկապես, անաչառ քննությունը:

Հիմա գանք կացարան կամ զորանոց կոչված խայտառակությանը, որտեղ տեղավորվել էին զինծառայողները: Դա առանց պատշաճ հարմարությունների մի հին, լքված, ավերականման շինություն է, որն ավելի շուտ գոմի տպավորություն է թողնում: «Հրապարակի» լրագրողին հաջողվել էր զրուցել ինժեներասակրավորային վաշտի հրամանատարի հետ: Հարցին, թե ով է, նրա կարծիքով, մեղավոր այս հրեշավոր դեպքի համար, սպան բորբոքված պատասխանել է, որ շատերն են մեղավոր՝ վարչապետը, Գլխավոր շտաբի պետ, Պնախարարը, ստորին օղակի հրամանատարը, ժամկետային զինծառայողը՝ յուրաքանչյուրն իր չափով: «Շատ կներեք կոպիտ բնորոշմանս համար՝ բանակը վերածվել է բարդակի»,- ցավով նկատեց վաշտի հրամանատարը:

Իրականում «բարդակի» է վերածվել մեր ողջ երկիրը՝ հայի երբեմնի նորոգ, ծաղկուն եւ գողտրիկ բնօրրանը: Աստծու ամեն օրը մի նոր աղետ է բերում մեր գլխին՝ հանձնում են, զիջում են, դավաճանում են, ստորագրում են, պղծում են, պայմանավորվում են, ոչնչացնում են արժեքները, «կարմիր գծերը», բարոյականությունը, արժանապատվությունը, խիղճը, ապագան, ամեն ինչը: «Դուք ո՞նց եք ապրում, ո՞նց եք քայլում էս հողի վրա, ո՞նց եք ձեր երեխեքի աչքերի մեջ նայում, նիկոլականներ, քպ-ականներ։ Ձեր կոկորդից ոնց է ջուր իջնում… Մեր պարտության մեղքի համար պիտի զենքը վաղուց ձեր քունքին դրած լինեիք»,- ֆեյսբուքյան իր էջում մտորում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։

Այդ օրերին սոցցանցերը պայթում էին ժողովրդի ցասումից. փոքրիշատե սթափ դատողները պահանջում էին վարչապետի, Պնախարարի, ԳՇ պետի հրաժարականը, ամենախիստ պատիժն էին պահանջում անմիջական մեղավորների համար: Հանրային զայրույթը մեղմելու համար դեպքից անմիջապես հետո՝ նախաքննությունը դեռ նոր-նոր սկսած, պաշտոնից ազատվեցին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու բարձրաստիճան 7 այլ զինվորականներ, թերեւս՝ «քավության նոխազներ»:

Քննադատությունների թիրախում ամենաշատը Սուրեն Պապիկյանն է, որը ձախողված նախարար է համարվում: Մարդիկ գտնում են, որ 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի զինուժի հարձակման հետեւանքով ավելի քան 50 մարտական դիրք կորցրած, 224 զոհ տված  Պնախարարը  չի համապատասխանում իր բարձր պաշտոնին: Տարվելով քաղաքական հարցերով, մասնավորապես Փաշինյանի դիրքերի ամրապնդման գործով, Պապիկյանը, շատերի դիտարկմամբ, անբավարար ուշադրություն է դարձնում բանակին ու երկրի պաշտպանունակությանը։ «Ընդհանրապես՝ Փաշինյանի իշխանությունը պետք է վաղուց հրաժարական տված լիներ, սակայն նա ինքնակամ հեռացողը չէ՝ մինչեւ չհեռացնեն»,- ՖԲ իր էջում գրում է մեկ այլ օգտատեր՝ Ոսկան Սարգսյանը:

Ակնհայտ է դառնում, որ բանակում «լայնածավալ» բարեփոխումներ իրականացնելու, «աննախադեպ» կահավորանք տեղադրելու մասին Փաշինյանի ու նրա սազանդարների հավաստիացումները նույն մանիպուլյացիաների ու ստերի շարքից են: Անիրավները պետք է անհապաղ հրաժարական տան եւ արժանավույնս պատժվեն: Հազար ափսոս մեր լույս հոգիներին՝ եղերական մահով կյանքից հեռացած 15 անմեղ նահատակներին: Կրկին սեւ հագավ 15 հայ օջախ…

«Հայացքի» խմբագրակազմը խորապես վշտացած է ազգին պատուհասած այս անսփոփելի կսկիծի համար եւ ցավակցում է զոհերի ընտանիքներին ու բոլոր մերձավորներին:

 

Նախորդ շաբաթ օրը՝ հունվարի 14-ին, լուրեր էին շրջանառվում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին, ինչը, սակայն, քիչ անց հերքվեց վերջինիս կողմից. «Չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել եւս՝ այս իրավիճակում»,- գրել է նա իր ՖԲ էջում։ Միաժամանակ՝ Վարդանյանն անընդունելի է համարել նախագահի ու խորհրդարանի հնարավոր հրաժարականը. այս մասին եւս լուրեր էին պտտվում: Խոսվում էր մասնավորապես Արցախի նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների մասին: ԱԺ խոսնակը նույնիսկ շտապել էր հայտարարել, որ իր թեկնածությունը դնելու է նախագահական ընտրություններում: «Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք»,- բոլորին քաղաքական ողջախոհության եւ համերաշխության կոչ է արել պետնախարարը։ Ներքին միասնականության պահպանումը կարեւորել էր նաեւ նախագահ Արայիկ Հարությունյանը:

 

Մեկնաբանությունը

Հետագա մի քանի օրերի ընթացքում կարծիքներ էին հնչում, թե այն, ինչ տեղի է ունենում, Ռուբեն Վարդանյանի դեմ ուղղված արշավ է, որի հետեւում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է կանգնած: Իհարկե, գտնվեցին նաեւ վերջինիս աջակցողներ, ինչից էլ պարզ դարձավ, որ թշնամու կողմից կիպ շրջափակված Արցախի այս անպատեհ ժամին իշխանական բուրգում ներքին խլրտումներ են սկսել եւ, կարծես թե, Հարությունյանի ու Վարդանյանի ջրերը դադարել են «մեկ առվով հոսել»: Եվ իսկապես՝ կան բոլոր նշանները, որ խնդիրը ներքաղաքական դաշտում է:

Դա է հուշում նաեւ Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նախագահի ելույթը, որքան էլ այն սքողված է ընդհանուր դատողություններով: Արայիկ Հարությունյանի շեշտադրմամբ՝ շրջափակման հարուցած ճգնաժամը հաղթահարելուց հետո միայն «հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծման հարցերին»: Իր ելույթում նա ընդգծել է նաեւ ներքին միասնականության պահպանման կարեւորությունը:

Այժմ փորձենք հասկանալ, թե որն է «ներքին միասնականության» խաթարման պատճառը, որի պահպանումը կարեւորում է Արցախի ղեկավարը: Շատ փորձագետներ հակված են այն կարծիքին, որ Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականի հարցը քննարկվել է արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների համատեքստում, եւ տարաձայնություններն առաջացել են հենց ընտրություններ անցկացնելու-չանցկացնելու նպատակահարմարության շուրջ: Ստեղծված իրավիճակում ընտրություն անցկացնելու տարբերակը ճնշող մեծամասնության կողմից մերժվել է:

Արցախում խոսում են Հայաստանից ուղղորդվող ճնշումների մասին: Ըստ այդմ՝ Ռուբեն Վարդանյանը ՀՀ իշխանությունների դիտանկյունից Արցախում ոչ ցանկալի պաշտոնյա է, որի հրաժարականի գաղափարը, պետնախարարի աջակիցների կարծիքով, թելադրված է պաշտոնական Երեւանի կողմից: «Վարդանյանին հեռացնելու մտադրությունը Արցախի նախագահը փորձում է իրականացնել կոնկրետ անձանց ցուցումով՝ Փաշինյանի կամ Ալիեւի»,- համոզմունք է հայտնել «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար, Արցախի շրջափակման ընթացքում բողոքի ակցիաներ նախաձեռնած Տիգրան Պետրոսյանը:

Զարմանալի ոչինչ չկա նրանում, որ Ռուբեն Վարդանյանը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի «սրտի» կադրերից չէ. Փաշինյանին ձեռնտու է Արցախում ունենալ իր նշանակած մարդը՝ հավատարիմ կատարածուն, ինչը թույլ կտա առանց ավելորդ գլխացավանքի հանձնել ԼՂՀ-ն: Վարդանյանն այդ դերին չի համապատասխանում, ուստիեւ նիկոլական իշխանակարգը փորձում է հերթական իր ազգադավ լուծումը պարտադրել քաղաքական խմորումների տարբերակով՝ հենց արցախցիների ձեռքով, որպեսզի հետո «պլստալու» տեղ ունենա՝ ասելով, որ ինքը մեղավոր չէ, արցախցիներն են այդպես որոշել:

Ընդհանրապես՝ Հայաստան-Արցախ հակասությունները վերջերս ավելի սրվեցին, երբ Արցախի ԱԽ-ն տարածեց հայտարարություն, թե ԼՂՀ-ի թեմայով Փաշինյանի մի շարք պնդումներ ու տեսակետներ, որոնք հնչեցին հունվարի 10-ի մամլո ասուլիսում, հակասում են տեղի բնակչության եւ իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը: Դրան արձագանքեց ՀՀ վարչապետը՝ հակադարձելով, որ Արցախում պետք է խուսափեն «իրավիճակն էլ ավելի փակուղային դարձնող հայտարարություններից»: Եվ որպեսզի «իրավիճակն ավելի փակուղային չդառնա», Հայաստանից ճնշումների հրահանգ «իջեցվեց» դաշտից հեռացնել այն անձանց, որոնց դիրքորոշումը խորթ է ՀՀ իշխանությունների տեսլականին:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Եվրախորհրդարանը հունվարի 18-ին Լաչինի միջանցքի հարցով ընդունել է բանաձեւ, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը եւ ձեռնպահ մնալ ՀՀ-ի եւ ԼՂ-ի միջեւ տրանսպորտային, էներգետիկ ու հաղորդակցական կապերը խափանելու գործելակերպից։ Եվրամիության օրենսդիր մարմնի ներկայացուցիչները դատապարտում են նաեւ ռուս խաղաղապահների անգործությունը, ՄԱԿ-ին կամ ԵԱՀԿ-ին կոչ են անում փաստահավաք առաքելություն գործուղել Լաչինի միջանցք եւ հորդորում կողմերին վերսկսել խաղաղության բանակցությունները: Ադրբեջանի խորհրդարանը դատապարտել է բանաձեւը՝ այն անվանելով «կողմնակալ ու անարդար»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն հունվարի 17-ին ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով լիարժեք երթեւեկության շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը՝ հիմնված նոյեմբերի 9-ի հայտարարության չափանիշների վրա։ Ըստ պաշտոնական Մոսկվայի՝ ռուսական կողմը շեշտել է նաեւ հարակից բոլոր հարցերով փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, որպեսզի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա վերսկսվի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը:

Հունվարի 16-17-ն աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ավստրիայի եվրոպական եւ արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը։ Միրզոյանը նշել է, որ «Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը»: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ մշտադիտարկման առաքելության եւ հնարավոր նոր առաքելության իրականացման վերաբերյալ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին հրամանագրեր է ստորագրել ԱԱԾ տնօրեն եւ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) նշանակելու մասին: ԱԱԾ տնօրենի պաշտոնում Աշոտ Հակոբջանյանին կփոխարինի գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը: Վերջինիս ԱԽՔ պաշտոնում կփոխարինի Սամվել Շահրամանյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական - հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: