Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Շաբաթվա ամենաքննարկվող թեմաներից մեկը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն էր, որի մասին լուրերը շրջանառվում էին հունվարի 23-ից: Ընդդիմությունը գտնում էր, որ Մակունցը չունի դիվանագիտական աշխատանքի փորձ եւ, բացի դրանից, կայացած քաղաքական գործիչ չէ: Նրա միակ առավելությունը, ըստ ընդդիմադիրների, Նիկոլ Փաշինյանի մերձավորը լինելն է: «Իմ քայլում» հակառակն են պնդում՝ համոզմունք հայտնելով, որ Մակունցը գերազանց տիրապետում է լեզվին, ունի մարդկանց հետ շփվելու հմտություններ եւ կարող է լավ դեսպան լինել: Ինքը՝ դեսպանի թեկնածուն, «Ազատության» հետ զրույցում պարզաբանել է, որ իր նշանակումը քաղաքական է լինելու, իսկ քաղաքական նշանակումների համար չկա որեւէ սահմանափակում: Ինչ վերաբերում է դիվանագիտական փորձ չունենալուն, ապա «Ազատության» զրուցակցի կարծիքով՝ փորձը շատ կարեւոր, բայց ոչ առաջնային պահանջ է:
…Հավանաբար՝ Մակունցին թվում է, թե առաջնայինը Փաշինյանի անվերապահ աջակցությունը վայելելն է: Ասում են՝ «հեղափոխությունից» առաջ նա անգլերենի մասնավոր դասեր էր տալիս մեր ապագա ուսումնատենչ վարչապետին: Ոմանք կատակով նկատում են, որ Նիկոլ Փաշինյանի անտանելի անգլերենը լսելով՝ կարելի է պատկերացնել, թե ինչ որակի ուսուցչուհի է Մակունցը: 2018-ի մայիսին Փաշինյանի՝ իշխանության գլուխ անցնելուց անմիջապես հետո Մակունցը նշանակվեց մշակույթի նախարար, այնուհետեւ մի քանի ամիս անց ընտրվեց ԱԺ պատգամավոր եւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար: Այժմ սպասում է Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնում իր վերջնական նշանակմանը:
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Մակունցը, ականատեսների պատմելով, մի որոշ ժամանակ ընկճախտի մեջ էր, անգամ տնից դուրս չէր գալիս, փակվել էր իր սենյակում, ոչ ոքի տեսնել չէր ուզում: Նա նույնիսկ խնդրել էր Փաշինյանին՝ ազատել իրեն խմբակցության ղեկավարի պաշտոնից եւ, ընդհանրապես, մտադրություն ուներ դուրս գալու ակտիվ քաղաքականությունից եւ վերադառնալու իր մանկավարժական գործունեությանը: Բայց վարչապետը նրան այլ տարբերակ առաջարկեց՝ շատ ավելի գայթակղիչ ու, մանավանդ, ներքաղաքական գզվռտոցից միառժամանակ հեռու եւ հանգիստ աշխատելու հնարավորությամբ: Դա Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպանի դիվանագիտական պաշտոնն է, որը անփորձ ու մասնագիտական առումով անպատրաստ Լիլիթ Մակունցի դեպքում, ըստ էության, անհամատեղելի է: Գիտակցո՞ւմ է արդյոք պաշտոնի հավակնորդն այդ պատասխանատվության ողջ խորությունը՝ խիստ կասկածելի է:
Մշակույթի նախարարի, ինչպես նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնում Մակունցի անհրապույր աշխատանքը բազմիցս ցույց է տվել, որ նա մասնագիտորեն ու քաղաքականապես տակավին հասունացած չէ, իսկ ԱՄՆ-ի պես երկրում այդքան պատասխանատու աշխատանքի համար՝ առավել եւս: Կարող է հարց ծագել՝ ուրեմն ո՞րն է համեստ ուսուցչուհուն պաշտոնեական առաջքաշման շարժառիթը: Որոշ քաղաքագետներ տրամաբանական են համարում, որ Փաշինյանն ուզում է ամենակարեւոր տեղամասերում ունենալ բացառապես իր վստահելի անձանց՝ անկախ փորձից ու մասնագիտական կարողություններից: Սա շատ համահունչ է նախկինում ՀՀՇ-ի դավանած՝ «Թող պոլի փետ լինի, բայց մերը լինի» հայտնի բանաձեւին: Կան, իհարկե, ծայրահեղական կարծիքներ եւս: Օրինակ՝ «Վարչապետը Մակունցին պարզապես փրկում է խորտակվող նավից», «Մակունցը չափից դուրս շատ գաղտնիքներ գիտի Փաշինյան ընտանիքի մասին» եւ այլն:
Բայց դիվանագիտական կորպուսում սպասվող առաջիկա փոփոխությունների ծիրում Լիլիթ Մակունցը միակ անունը չէ: Իրենց «Ագրեման»-ներին են սպասում տարբեր երկրներ ուղարկվող ՀՀ նոր դեսպանների եւս 4 թեկնածուներ. Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը՝ Վրաստան, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը՝ Ղազախստան, ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանը՝ Բելառուսիա եւ վարչապետի մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ Ուկրաինա: Վերջինս արժե մի փոքր մանրամասն անդրադառնալ: Վլադիմիր Կարապետյանը հանրությանը հայտնի է որպես ձախողակ, քանիցս ճամբարներ ու սկզբունքներ փոխած գործիչ:
Ավելին՝ Mediaport-ն օրեր առաջ գրել էր, որ Կարապետյանի կինը՝ Լիլիթ Նազարյանը, անցած տարվա հոկտեմբերից ապահովում էր Փաշինյան-Ալիեւ գաղտնի կապը եւ Կիեւում մի քանի հանդիպում է ունեցել Ալիեւի ներկայացուցչի հետ: Տեղեկատուի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը պահանջել է, որպեսզի Փաշինյանի կապավորը լինի պաշտոնատար անձ, եւ դրանով է պայմանավորված Նազարյանի ամուսնու նշանակումը: Ինչ վերաբերվում է Մակունցի նշանակմանը, ապա ըստ Mediaport-ի, այդ առնչությամբ կադրային դիվանագետները ԱԳ նախարար Արա Այվազյանից հաշիվ են պահանջել, որն ասել է, թե Մակունցը Փաշինյանի յուրայինն է: «Ես դիմադրել եմ, բայց չեմ կարողացել կանխել»,- նշել է նա: ԱԳՆ աղբյուրի տեղեկացմամբ՝ նախարարությունում այս օրերին բունտ է հասունանում: Գործընկերներն Այվազյանին մեղադրում են, որ դիվանագետներին առաջ մղելու փոխարեն նա հնազանգվում է Փաշինյանի քմահաճություններին:
Կադրային քաղաքականությունը միշտ եղել է այս իշխանության «Աքիլլեսյան գարշապարը»: Պաշտոնեական նշանակումները երբեք աչքի չեն ընկել կադրերին ներկայացվող հստակ չափանիշներով՝ նպատակասլացություն, մասնագիտական, մարդկային եւ բարոյահոգեբանական բարձր որակներ, փորձի ու գիտելիքի ներդաշնակ համադրում: Մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ նախկին ոստիկանապետին պաշտպանության փոխնախարար նշանակելիս՝ թուլացնում ես միանգամից երկու կարեւոր համակարգ՝ ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ զինված ուժերը: Կամ՝ եթե առողջապահությունը վստահում ես մասնագիտությամբ իրավաբանի՝ կնշանակի մտածված խորացնում ես այդ ոլորտի կոլապսը:
Անշուշտ՝ նույն արդյունքն ենք ունենալու առանց այն էլ տապալված արտաքին քաղաքականության մեջ, քանի որ փորձառու, արդյունավետ աշխատող կադրային դիվանագետին փոխարինում ենք ուսուցչով, որքան էլ վերջինս իր մասնագիտության նվիրյալը լինի: Հետո էլ զարմանվում ենք, թե ինչու տնտեսությունը գահավիժում է, կրթությունը՝ ձախողվում, առողջապահությունը՝ փլուզվում եւ այդպես շարունակ:
Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է փոխել Սահմանադրությունը, որպեսզի հնարավոր լինի լուծարել Ազգային ժողովը՝ առանց վարչապետի հրաժարականի։ Խմբակցությունն այս գաղափարը քննարկելու համար հունվարի 26-ին Ազգային ժողովում նիստ էր հրավիրել։ «Իմ քայլից» Վահագն Հովակիմյանը նախքան նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «սա դեռ գաղափար է, այսօր կքննարկեն, նոր վերջնական որոշում կկայացնեն»։
Սահմանադրական փոփոխության այս նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է 88 պատգամավորի ձայն, մինչդեռ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո «Իմ քայլի» շարքերը սկսել են նոսրանալ, 88-ից 5-ը լքել է խմբակցությունը։ Առանց վարչապետի հրաժարականի Ազգային ժողովը լուծարելու ու արտահերթ ընտրություններ նշանակելու գաղափարն արդեն իշխող «Իմ քայլը» խմբակցության օրակարգում է։
…Փաստորեն Նիկոլ Փաշինյանը համաձայն է գնալ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների, բայց առանց հրաժարական տալու: Եվ քանի որ գործող Սահմանադրությունը դրա հնարավորությունը չի տալիս, անհրաժեշտություն է առաջացել Հիմնական օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ, ինչով եւ զբաղված է խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը: «Խիստ նախնական քննարկում էր, խմբակցության մեծամասնությունը չկար եւ շատ վաղ է որեւէ դիրքորոշում հայտնել»,- նիստից հետո լրագրողներին ասել է պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին Փաշինյանը խոսել էր դեռ անցած տարվա վերջերին՝ հրաժարական չտալու նախապայմանով: Ընդդիմության համար գաղափարն անընդունելի է, որովհետեւ այդ դեպքում արդար ընտրությունների անցկացման երաշխիքները բավարար չեն:
Ակնհայտ է, որ Փաշինյանն ընտրություններից ակնկալած արդյունքը չստանալու լուրջ մտավախություններ ունի, այլապես չէր գնա Սահմանադրություն փոխելու խրթին եւ ժամանակատար ճանապարհով: Չնայած, մյուս կողմից, նրան ձեռնտու է հնարավորինս երկարաձգել իր պաշտոնավարման ժամանակը: Հրաժարական չտալու՝ վարչապետի աննախադեպ համառությունը թույլ է տալիս մտածել, որ նա մտահոգվելու, եթե չասենք շատ թանկ ինչ-որ բան կորցնելու պատճառ ունի: Տպավորություն է, թե անպաշտոն մնալու հեռանկարից Փաշինյանը սարսափում է՝ համարելով, որ դա իր համար կարող է կործանարար լինել: Ինչ խոսք, թիկնազորով ու անվտանգության աշխատակիցներով շրջապատված՝ «ժողովրդի վարչապետն» իրեն շատ ավելի պաշտպանված է զգում ժողովրդի ցասումից, ինչպես նաեւ քրեական հետապնդումից, որի սպառնալիքը գնալով մեծանում է:
Կա անհանգստացնող եւս մեկ հանգամանք՝ կապված արդեն սահմանադրական փոփոխության խնդրո առարկա նախագծի ընդունման հնարավորության հետ: Բանն այն է, որ փոփոխության ընդունման համար պահանջվող 88 քվեների ապահովումը խնդրահարույց է, անհրաժեշտ է լինելու ընդդիմության աջակցությունը: Կաջակցի՞ արդյոք խորհրդարանական ընդդիմությունը՝ դժվար է ասել: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ հետպատերազմական իրավիճակում վարչապետի լծակներով Փաշինյանն ազատ, արդար ընտրությունների երաշխավոր չի կարող լինել: «Եթե Նիկոլ Փաշինյանը չունի որեւէ մտավախություն եւ, ինչպես ինքն էր ասում ԱԺ-ում, շարունակում է հանրային վստահություն վայելել, ապա ի՞նչն է խանգարում տալ հրաժարական, չունենալ վերահսկողություն ոստիկանական համակարգի, ԱԱԾ-ի վրա, չվախենալ, որ ԱԺ-ում կարող է ընտվել այլ վարչապետ, եւ գնալ հետագա գործընթացների»,- ասել է պատգամավորը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում ոչինչ ասել չեն կարող, քանի դեռ նախագիծը չեն տեսել: «Առավել եւս, եթե մեր ձայնն իրենց պետք է, պիտի գան, բանակցեն, ներկայացնեն, քննարկենք, տեսնենք դա ինչքանով է բխում այսօր մեր օրակարգից, առավել եւս՝ Հայաստանի շահերից»,- ասել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։ Ի դեպ, գործող Սահմանադրությամբ նույնպես հնարավոր է նշանակել արտահերթ ընտրություններ, սակայն այդ դեպքում Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Խորհրդարանը երկու անգամ չի ընտրում վարչապետ, եւ Ազգային ժողովը լուծարվում է, նշանակվում են ընտրություններ։ Ընդ որում՝ այս գործընթացն անխափան իրականացնելու համար «Իմ քայլի» ձայները լիուլի բավարար են, որովհետեւ այս տարբերակով պահանջվում է արդեն 67 քվե։
Սակայն Փաշինյանը խուսափում է գնալ ավելի պարզ լուծման՝ նախընտրելով, այնուամենայնիվ, առանց հրաժարականի տարբերակը, որն ավելի «խուճուճ» է, բայց նրա կարծիքով՝ ավելի անվտանգ: Տարօրինակ է, որ Փաշինյանը չի վստահում անգամ իր քաղաքական թիմին՝ ամուր կառչել է պաշտոնից, բաց չի թողնում: «Միեւնույն է, եթե նույնիսկ ինքը հրաժարական տա, եւ տեսականորեն ընդունենք, որ ԲՀԿ-ն կամ ԼՀԿ-ն կառաջադրեն վարչապետի թեկնածու, փույթ չէ: Եթե չլինի «Իմ քայլից» մեծաթիվ պատգամավորների աջակցություն, չի կարող մեր երկուսի ձայնը լինել բավարար»,- նկատում են ընդդիմադիր պատգամավորները՝ պարզաբանելով, որ երկու ընդդիմադիր քաղաքական ուժերը միասին ունեն 41 ձայն։ Եվ իսկապես՝ եթե այդ 41-ին միանան անգամ «Իմ քայլը» լքած 5 պատգամավորները, միեւնույն է, բավարար չէ նոր վարչապետ ընտրելու համար:
Ինչ վերաբերում է առանց վարչապետի հրաժարականի նախագծի ընդունմանը, որի համար պակասում է 5 ձայն, ապա դրա հավանականությունը, կարծես թե, խիստ կասկածահարույց է: Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրությունների օրակարգը ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն մերժել են դեռ տարեվերջին՝ ԱԺ-ում վարչապետի հետ հանդիպման ժամանակ։
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հունվարի 28-ին լրացավ ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-ամյակը: Դա պանծալի Հայոց բանակի օրն է՝ յուրաքանչյուր հայի ներշնչանքի եւ հպարտության օրը: Ցավոք 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ այս տարի ժողովուրդն իր ամենասիրած տոներից մեկը դիմավորեց դառնության ու վշտի զգացումով: Վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այլ անձանց ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ ծաղկեպսակ դրեց զոհվածների հիշատակին։ Քիչ անց հոգեւորականների խմբով պանթեոն այցելեց նաեւ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը: «Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետեւանքների ցավը մեր հոգում»,- ասված է Բանակի օրվա առթիվ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում:
Շնորհավո΄ր տոնդ, Հայոց բանակ:
Հավերժ փա˜ռք հայրենիքի համար նահատակված հայորդիներին:
Տարածաշրջանային այցի շրջանակում հունվարի 27-ին Հայաստանում էր Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որի առանձնազրույցը ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ տեղի ունեցավ նույն օրը։ Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանային ուղեւորությունը սկսել է Բաքվից, Երեւան է ժամանել Մոսկվայից, նախատեսվում են նրա այցերը նաեւ Թբիլիսի եւ Անկարա։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կողմերը մտքեր են փոխանակել արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի եւ զարգացումների շուրջ: Երկուստեք կարեւորվել է տարածաշրջանային կայունության ապահովման եւ այդ ուղղությամբ կառուցողական փոխգործակցության ոգով աշխատանքը:
Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիներ հունվարի 28-ին բողոքի ակցիա են իրականացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք շարժվել են դատախազության շենք՝ հորդորելով գլխավոր դատախազին դուրս գալ, որպեսզի ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց պահանջը։ Դատախազը դուրս չի եկել, քաղաքացիները շարժվել են դեպի Կառավարության շենք, որտեղ ոստիկանության ու քաղաքացիների միջեւ տեղի են ունեցել բախումներ: Բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ, որոնց թվում էին աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը եւ այլք: Ավելի վաղ ԱԱԾ-ն բերման էր ենթարկել Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, գնդապետ Վահան Բադասյանին՝ «Եռաբլուր» պանթեոնում վարչապետի հասցեին սպառնալից հայտարարություններ հնչեցնելու համար:
Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության հատուկ չվերթով հունվարի 25-ին Երեւան է ժամանել շուրջ 30 տոննա հումանիտար օգնություն, որը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի եւ «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության համագործակցությամբ։ Հումանիտար օգնությունը ներառում է հիմնականում դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, ինչպես նաեւ սոցիալական ոլորտի համար անհրաժեշտ տարբեր իրեր։ Ինքնաթիռով Երեւան է տեղափոխվել նաեւ երկու միկրոավտոբուս` համապատասխան հենաշարժային սարքավորումներով` Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի համար։