Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Հունվարի 25-ին ՀՀ նախագահի հրամանագրով Առաքել Մարտիկյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ Նա ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն էր 2022թ. հունվարից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Մովսիսյանն ազատվել է Զինված ուժերի ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2020թ. նոյեմբերից, եւ նշանակվել ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ ու միաժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Իսկ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի տարածքում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում 15 զինվորի մահվան պատճառ դարձած հրդեհից հետո 8 սպա ազատվել է պաշտոնից, այդ թվում՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը:
Մեկնաբանությունը
Շաբաթվա ընթացքում ամենաաղմկոտը առեղծվածային ողբերգության շուրջ հանրորեն ծավալված բուռն քննարկումներն էին, որոնք շարունակվում են ցայսօր: Բանակում տեղի ունեցած կադրային փոփոխությունների շրջանակում այդ քննարկումներն ավելի լայն եւ սուր բովանդակություն են ստացել: Հանրության գերակշիռ մեծամասնությունը, ինչպես նաեւ անկախ փորձագիտական շրջանակները չեն հավատում իշխանությունների կողմից հրապարակ նետված նախնական վարկածին, որը հնչել էր ահասարսուռ միջադեպից ժամեր անց՝ ՀՀ կառավարության նիստում, երբ անգամ պատրաստ չէին մասնագիտական փորձաքննության եզրակացությունները:
Ընդհանրապես՝ դատաքննչական որեւէ գործընթացի կողմնակի միջամտությունն անթույլատրելի է: Ավելին՝ դա կարող է քրեորեն հետապնդելի արարք որակվել. սա գործիմաց իրավաբանների, փաստաբանների պնդումն է: Ոչ ոք, բացի լիազոր մարմնից, իրավասու չէ խառնվել հարուցված քրեական գործի քննությանը: Ստացվում է, որ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը օրենք է խախտել իր՝ «5 լիտրանոց բենզինով տարան» անընդհատ մեջտեղ բերելով: (Ի դեպ, ճիշտը «բենզինի 5 լիտրանոց տարա» ձեւակերպումն է-Գ.Լ.): Փաշինյանը փաստացի ուղղորդում էր իրավապահներին, թե որ հունով տանել գործի քննությունը, ինչը այլ կերպ, քան ծանր հանցանքը պարտակելու փորձ, չես գնահատի:
Վերջիններս, բնականաբար, հենց այդպես էլ վարվում են. նրանք պետք է, չէ՞, ինչ-որ կերպ վարձահատույց լինեն իրենց աշխատավարձները փետրվարի 1-ից կրկնապատկելու վերաբերյալ գործադիրի ղեկավարի՝ նախօրեին տված խոստման դիմաց: Կարող է հարց ծագել, թե իշխանությունները եւ, մասնավորապես, Փաշինյանը, ով ՀՀ կառավարության նիստում հետաքննիչի դեր էր ստանձնել, ինչո՞ւ պիտի ծածկադմփոց անեն, ո՞րն է ճշմարտությունը թաքցնելու իմաստը: Այս հարցերի պատասխանը պետք է փնտրել ՀՀ զինված ուժերի ներկայիս անմխիթար վիճակի համատեքստում՝ մի վիճակ, որը գործող իշխանությունների անկարողության, ստախոսության ու փարիսեցիության մասին է:
Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի վստահեցմամբ՝ իշխանությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից, զգուշանալով հանրային պայթյունից: Հրդեհից հետո Կառավարության նիստում իշխանությունների հայտարարությունները նա անպատասխանատու քայլ է համարում։ Այդ պահին Փաշինյանը, ըստ նրա, ընդամենը խնդիր ուներ զբաղեցնելու հանրությունը, մեղքը բարդելու ստորին օղակների սպաների վրա եւ ավարտին հասցնելու բանակի փլուզման գործընթացը: «Եթե սպային վարկաբեկում ես՝ ուրեմն բանակ չունես։ Նա զբաղված է ոչ թե խնդիր լուծելով, այլ բանակի հիմքերը խարխլելով»,- համոզմունք է հայտնում Կիվիրյանը։
Եվ իրոք՝ պատշաճ կարգուկանոնի բացակայությունը, խոստացված բարեփոխումների լիակատար ձախողումները, կադրային «ջարդը», բոլոր ցուցանիշների գծով անբարվոք արդյունքները ջարդել են բանակի ողնաշարը, թուլացրել մարտունակությունը: 44-օրյա պատերազմից հետո բանակը մատնված է հանցավոր անտարբերության. գրեթե մեկ տարի Զինված ուժերը չունեին Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ, ամիսներով թափուր էին մնում ԳՇ պետի, մի շարք այլ առանցքային կադրերի հաստիքները: Դրան ի տրիտուր՝ համալրվում էին դատաիրավական համակարգը, ոստիկանական ուժերը, ձեւավորվում էին նոր պարեկային ծառայության ստորաբաժանումները:
Բանակը, որ կոչված է ապահովելու պետության ու ժողովրդի անվտանգությունը, դուրս է պետական հոգածությունից, աղքատիկ, եւ գնալով նվաղում է: Մինչդեռ ոստիկանությունը (այժմ արդեն լայն լիազորություններով օժտված ՆԳ նախարարությունը), դատաքննչական, դատախազական հին ու նոր օղակները, որոնց հիմնական գործառույթը Նիկոլ Փաշինյանի ու նրա վարչախմբի իշխանությունն անառիկ պահելն է, բոլոր առումներով աճում-բարգավաճում են:
Այս աչառու, խտրական վերաբերմունքի արտահայտությունն ինքնին ավելի խոսուն ու համոզիչ է, քան ամեն օր շռայլվող մի տոպրակ դատարկ խոսքերը:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հունվարի 23-ին Երեւան այցի ընթացքում քննարկել է խաղաղության գործընթացի առաջմղումն ու ԵՄ-ի ներգրավվածությունը դրան։ «Երեւանյան իմ հանդիպումների առանցքում է նաեւ Լաչինի միջանցքի շուրջ մտահոգիչ իրավիճակը: Հույս ունեմ, որ բոլորի համար ընդունելի լուծմանը հնարավոր կլինի հասնել հնարավորինս շուտ,- «Ազատությանն» ասել է Կլաարը։ Եվրոպացի դիվանագետին ընդունել են ՀՀ վարչապետը, ԱԽ քարտուղարը, պաշտպանության նախարարը:
Կառավարության հունվարի 26-ի որոշումներով՝ Նազելի Բաղդասարյանն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Մուշեղ Մուրադյանը, ով «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր, երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը։ Նախօրեին Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ վարչապետին է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իր դիմումը։ Պատճառների եւ հետագա ծրագրերի մասին չի խոսել: Նազելին Շիրակի մարզպետն էր 2021-ի նոյեմբերից:
Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։ «Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը, տեղում վստահության ամրապնդման մթնոլորտի ձեւավորմանը,- նշված է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ»։ ՀՀ-ում առաքելության ստեղծումն ազդարարում է Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավման նոր փուլի մեկնարկը։ ԵՄ-ը հավաստիացնում է, որ շարունակելու է աջակցել լարվածության թուլացմանն ուղղած ջանքերին՝ հանձնառու լինելով աշխատել երկու կողմերի հետ՝ վերջնանպատակ ունենալով տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատումը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հունվարի 24-ին Ազգային Ժողովում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Քննարկվել են Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները եւ դրանց լուծման ուղիները: Երկուստեք արձանագրվել է միասնական ջանքերով շարունակելու կառավարության կողմից որդեգրած բարեփոխումների հետեւողական իրագործումը: Խորհրդարանական ընդդիմությունը հանդիպմանը չէր հրավիրվել:
Ուրբաթ առավոտյան, ժամը 08:30-ի սահմաններում, զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, սպանվել է դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցը, անվտանգության եւս երկու աշխատակիցներ վիրավորվել են, հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։ Կատարվում է հարձակման հետաքննություն: