Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

28 հունվարի - 4 փետրվարի 2023թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Ընթացիկ շաբաթը թեւակոխեց բարեկամ երկրից՝ Իրանից ստացված անուրախ լուրով. հունվարի 27-ին զինված հարձակում իրականացվեց Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, եւ սպանվեց դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցը: Եվս երկու հոգի վիրավորվեցին: Այդ մասին նույն օրը տարածած հաղորդագրության մեջ հայտնեց Ադրբեջանի ԱԳ նախարարությունը: Այնուհետեւ հունվարի 28-ի երեկոյան, Սպահանում հզոր պայթյուն տեղի ունեցավ: Ըստ Իրանի Պնախարարության հաղորդման, կատարվածը անօդաչու սարքերի «անհաջող հարձակում» էր: Իրանական ԶԼՄ-ները գրեցին առնվազն 5 նահանգներում տեղի ունեցած պայթյունների մասին: Իսկ Al Arabiya հեռուստաալիքը հայտնեց Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողության մասին:

Հարձակումից օրեր անց Թեհրան-Բաքու հարաբերություններում լարվածությունը չի թուլանում. Ադրբեջանի ԱԳՆ-ը հունվարի 31-ին երկրի քաղաքացիներին խորհուրդ տվեց զերծ մնալ Իրան մեկնելուց՝ «հաշվի առնելով այդ երկրում առկա անկայուն իրավիճակը եւ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացչության դեմ կատարված ահաբեկչական հարձակումը»: Օրվա երկրորդ կեսին էլ Ադրբեջանի ՆԳ նախարարությունը տարածեց հայտարարություն երկրի մի շարք շրջաններում «իրանական գործակալական ցանցի դեմ իրականացված հատուկ գործողության» եւ 39 ձերբակալվածների մասին: Ակներեւ է Իրանին իբրեւ ահաբեկչական պետություն ներկայացնելու՝ Բաքվի ջանադրությունը, որի հետեւում նկատելի են Իսրայելի «ականջները»:

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ նման գործողությամբ Իրանը ոչինչ չի շահում, բայց կարող է շատ բան կորցնել՝ արժանապատվություն, միջազգային հեղինակություն եւ ձեռք բերել ահաբեկիչ պետության համբավ, ինչը վայել չէ Իրանի պես դիվանագիտական հարուստ ավանդույթներ ունեցող երկրին: Մի խոսքով՝ տեղի ունեցած փոքրոգի, ոչնչով չարդարացված արարքը ոչ մի կերպ չի տեղավորվում Իրանի ազգային շահերի տիրույթում: Եվ այնքան էլ հիմնազուրկ չեն վերլուծաբանների այն պնդումները, թե Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը հենց Ադրբեջանի ձեռքի գործն է՝ դրսի թելադրանքով, մանավանդ որ, ազգությամբ ադրբեջանցի են թե՛ դեսպանատան միջանցքներում կրակ բացողը, թե՛ սպանվողը:

Ամեն դեպքում մեր տարածաշրջանում լարվածության նոր օջախի առաջացումը ոչ մի դեպքում Հայաստանի օգտին չէ՝ այն հղի է Սյունիքը պատերազմի թատերաբեմ դարձնելու վտանգով: Հատկապես որ, այդ լարվածության համատեքստում շրջանառվում է նաեւ Իսրայելի՝ մեր թշնամուն հիմնական զինողներից մեկի անունը:

Հակահրդեհային կանոնների խախտման պատճառով փետրվարի 1-ից կասեցվեց «Մալաթիա» տոնավաճառի աշխատանքը, եւ աշխատողները մուտքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում՝ հայտարարելով. «Սա հացի խնդիր է, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»։ Ցավն այն է, որ «հացի խնդիր» լուծողները դա անում են հակահրդեհային եւ տեխանվտանգության կանոնների խախտումներով, որոնք ավելի վաղ հայտնաբերել էր տեսչական մարմինը: Շուրջ 600 տաղավար ունեցող «Մալաթիա»-ում տեսչականը 17 խախտում էր հայտնաբերել եւ, չնայած սեփականատիրոջ հավաստիացումներին, թե խախտումների մեծ մասը շտկել են, մնացածն էլ ընթացքում կշտկեն, տոնավաճառը փակելու որոշում, այնուամենայնիվ, կայացվել է:

«Սուրմալուի» ողբերգական պայթյունից հետո անվտանգության խստացման պահանջը, անշուշտ, ողջամիտ մոտեցում է: Բայց մյուս կողմից էլ չի կարելի աշխատանքի մարդուն գրչի մի հարվածով զրկել ապրուստի միջոցից՝ ընտանիքը մատնելով սովի: Գործադիրի «կացնային» մեթոդները գործին չեն օգնի: Կառավարությունը պետք է հոգ տանի, որպեսզի տեղերում պատշաճ ձեւով տարվեն աշխատանքի կազմակերպման, աշխատապայմանների բարելավման միջոցները: Ցավող տեղը պետք է բուժել, ոչ թե կտրել-գցել: «Սուրմալուն», օրինակ, հակահրդեհային միջոցներ ձեռնարկելուն զուգընթաց՝ շարունակում է աշխատել: Ինչո՞ւ չի կարելի գոնե նույնկերպ վարվել նաեւ այս դեպքում:

Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ Հայաստանում ամեն մեծ ու մանր հարցի լուծում անպայման պիտի ուղեկցվի սթրեսներով եւ հուզական ցնցումներով: Պատասխանը պարզ է՝ մեզանում երբեք ոչ մի հարցի մարդակենտրոն լուծում չեն տալիս: Փոխարենը միշտ մեջտեղ է գալիս, այսպես ասենք, «շահակենտրոն» մոտեցումը, որին կուլ են գնում կոնկրետ մարդու, քաղաքացու, ասել է թե՝ միջին վիճակագրական անհատի շահերը:

Հաագայի միջազգային դատարանում ավարտվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դատավարական լսումները. հունվարի 30-ին՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով, իսկ հունվարի 31-ին՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի։ Դատարանի երդվյալ դատավորները մերժեցին Ադրբեջանի հայցը ընդդեմ Հայաստանի՝ բացահայտելով հայցում եղած սուտն ու կեղծիքը: Դատավճիռները կհրապարակվեն առաջիկա շաբաթներին: Մասնագետները վստահ են, որ ՀՀ-ն շահեկան դիրքում է: Ադրբեջանական կողմի ելույթներն ու միջանկյալ միջոցների հայցը, ըստ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, «կեղծ համարժեքության տպավորություն ստեղծելու համար էին»:

Այն, որ Բերձորի միջանցքի հարցը քննության առարկա է դարձել ՄԱԿ-ի արդարադատության ատյանում, ինքնին կարեւոր փաստ է, քանի որ խնդիրը միջազգային հնչեղություն է ստանում, ինչը միջանցքի ապաշրջափակման գործում հավելյալ ճնշում է Ադրբեջանի վրա: Այլ հարց է, թե մեր օգտին վճիռ կայացնելու դեպքում ինչպես դրան կարձագանքի կառուցողականության զգացումից իսպառ զուրկ թշնամին, որը խճճվել է իր իսկ հյուսած սարդոստայնում եւ չգիտի՝ ինչպես դուրս գա այդտեղից, որպեսզի խուսափի անպատվաբերության պիտակից: Իրական գետնի վրա ո՞րն է լինելու նրա շահածը՝ մի քանի հարյուր «բնապահպանների» ձմռան այս ցրտին մոտ երկու ամիս Լաչինի չոլերում պահելու դիմաց: Էլ չասած աշխարհի թուքումուրն ուտելու մասին:

Հոգով ամուր արցախցին տեղի չտվեց բոլոր այն դժվարություններին, խոչընդոտներին ու հոգեբանական ճնշումներին, որոնք բանեցրեց Իլհամ Ալիեւը՝ վստահ, որ դրանով «կկոտրի» հազարամյա իր հողում խոր արմատներ ձգած հային: Արցախը չի հանձնվում, տոկում է ցրտին ու սովին՝ փորձելով հարմարվել առանց գազի ու էլեկտրականության ապրելու ժամանակավոր կենսակերպին: Պաշարված Արցախում կյանքը շարունակվում է:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» Հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի մեկնաբանմամբ՝ կոռուպցիայի ընկալման համաթվով (ԿԸՀ) Հայաստանը 2022-ին նահանջ է ապրել: Այսպես՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի հունվարի 31-ին հրապարակած զեկույցի համաձայն՝ 2020-21 թթ. ԿԸՀ-ով ունեցած 49 միավորի փոխարեն 2022թ.-ին ՀՀ-ում արձանագրվել է 46 միավոր: Եվ սա այն դեպքում, երբ ԿԸՀ-ի՝ 50 միավորից ցածր լինելը տվյալ պետությունում առկա լուրջ խնդիրների մասին է վկայում։ Փորձագետի գնահատմամբ՝ թեպետ տարբերությունն ընդամենը 3 միավոր է, միտումները խիստ մտահոգիչ են:

Հայաստանի մասին զեկույցում վերհանված են հնարավոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող այնպիսի հիմնական ուղղություններ, ինչպիսիք են պետության կայացրած որոշումների վրա խոշոր բիզնեսի ազդեցությունը, իրավապահ համակարգի խտրական մոտեցումը, կոռուպցիայի կանխարգելմամբ զբաղվող մարմինների, մասնավորաբար՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի ոչ արդյունավետ գործունեությունը, պետական գնումների սկզբունքների չաշահումը եւ այլն: Այս գործոններն են գլխավորապես հանգեցրել ԿԸՀ-ի բացասական «սալդո»-ի: Այնպես որ, հակակոռուպցիոն պայքարի ալիքի վրա իշխանության եկած ՔՊ-ական վարչախումբն այս բնագծում եւս սնանկ դուրս եկավ:

Այս թեզը, հավանաբար, կարիք ունի հիմնավորման, եւ մենք կփորձենք վերջում երկու օրինակ ներկայացնել: Նիկոլ փաշինյանի տիկնոջը պատկանող «Իմ քայլը» հիմնադրամին միլիոնավոր դրամների անանուն նվիրատվությունների մասին մամուլում հրապարակում եղել է ու չի հերքվել: Թե ինչի համար են ծախսվում այդ գումարները, մինչեւ հիմա անհայտ է, քանի որ հիմնադրամը հաշվետվություններ չի ներկայացնում: Հաջորդ օրինակն առնչվում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բիզնեսին: Երեւանի քաղաքապետարանը, վարչապետի աշխատակազմը եւ ԱԺ-ն Սուքիասյանից պարբերաբար գնումներ են իրականացնում մրցույթից դուրս՝ մեկ անձից գնման ընթացակարգով:

Կա՞ն կոռուպցիոն ռիսկեր: Իհարկե՝ որքան ուզեք: Բայց ո՞վ է խելքը հացի հետ կուլ տվել, որ փորձի մատով անգամ «դիպչել» իշխանության «սրտի» օլիգարխին:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Փետրվարի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ալմաթի: Ըստ Կառավարության՝ վարչապետը մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին եւ Digital Almaty Awards միջազգային համաժողովին: Նույն օրը ԵԱՏՄ երկրների վարչապետները Ալմաթիում քննարկել են եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր։ Փաշինյանը մասնակցել է խորհրդի նեղ կազմով նիստին։ Օրակարգում, մասնավորապես, ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր էին։ Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի ունեցավ հաջորդ օրը՝ փետրվարի 3-ին:

Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ կարեւորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը: Փաշինյանն ու Պուտինը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին եւ 2022թ. հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հունվարի 28-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Հայաստան: Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: ՀՀ նախագահի նստավայրում հունվարի 29-ին տեղի է ունեցել նախագահներ Վահագն Խաչատուրյանի եւ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի առանձնազրույցը: Պաշտոնական այցի շրջանակում Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հանդիպում է ունեցել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 29-ին Սուրբ Պետրոսի հրապարակում միացել է հազարավոր երիտասարդներին աղոթելիս։ Նա կրկնել է Լաչինի միջանցքի վերաբերյալ իր կոչը՝ հիշեցնելով, որ Հարավային Կովկասում՝ Լաչինի միջանցքում ծանր հումանիտար իրավիճակ է։ «Ես մոտ եմ զգում բոլոր նրանց, ովքեր ձմռան այս օրերին ստիպված են դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Միջազգային մակարդակով բոլոր ջանքերը պետք է գործադրվեն՝ խաղաղ լուծումներ գտնելու համար հանուն մարդկանց բարօրության»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Փետրվարի 1-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակումներ ու ազատումներ է կատարել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարական կազմում։ Արտակ Բուդաղյանն ազատվել է կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Նրան կփոխարինի Արմեն Գյոզալյանը, որը մինչ այս նշանակումը Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն էր: Ըստ հրամանագրի՝ Գագիկ Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, Լեւոն Կասյանը՝ շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ: Եղել են նաեւ համապատասխան ազատումներ:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: