Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

6-13 փետրվարի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 7-ին հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Խմբակցությունից հայտնել են, որ հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ: ««Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին եւ Կառավարությանը՝ նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։

…Կանխատեսելի էր, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը վերանայելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասով անցյալ տարվա վերջին արած իր հայտարարությունը: Մի քանի օր առաջ արտահերթ ընտրությունների հետ կապված՝ ԱԱԾ-ից Նիկոլ Փաշինյանին էր ներկայացվել տեղեկանք, որ ներկա փուլում ընտրությունների հապշտապ անցկացումն իշխանությունների համար այնքան էլ նպաստավոր չէ, «եւ խնդիրը միայն իշխանությունների գրեթե զրոյական վարկանիշը չէ»: Բանն այն է, որ, ըստ ներկայացված տեղեկանքի, ստեղծված իրավիճակում ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել լուրջ բախումների ու անդառնալի հետեւանքներ ունենալ։ 

Դժվար թե ԱԱԾ-ի զգուշացումն էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների չեղարկման պատճառը, որովհետեւ ընտրությունների չանցկացումը շատ ավելի մեծ վտանգներ է պարունակում ներքաղաքական իրավիճակի սրացման առումով, եւ սա լավ են հասկանում Փաշինյանն ու իր թիմակիցները: Հատկանշական է, որ արտահերթ ընտրություններ չանցկացնելու որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ամեն դեպքում մասնակցելու է ընտրություններին եւ հաղթելու է: Միանգամայն տրամաբանական է եզրակացնել, որ այս մտափոխությունը, թերեւս, ՀՀ երկրորդ նախագահի հայտարարության արձագանքն է: 

Մամուլում եւ սոցցանցերում գերակշռող տեսակետների համաձայն՝ Փաշինյանը «խրտնեց» Քոչարյանի ստվերից, նա վստահ չէ իր ուժերին: Պատահական չէ, որ ԱԱԾ-ի պաշտոնական տեղեկանքում անթաքույց խոսվում է իշխանությունների ունեցած «գրեթե զրոյական վարկանիշի» մասին, ինչը իմքայլականները միշտ ժխտում են եւ կաշվից դուրս են գալիս հակառակն ապացուցելու համար: Ըստ վերջերս Երեւանում ու մարզերում տարբեր կազմակերպությունների կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումների՝ Փաշինյանի վարկանիշն անհուսորեն ընկում է, մինչդեռ Քոչարյանինը՝ կայուն աճում, եւ նա հասկացել է, որ ընտրությունների միջոցով վերարտադրվելու շանս չունի: Հետեւաբար՝ ոչինչ չէր մնում անել, քան հրաժարվել արտահերթի մտքից եւ իր իշխանությունը երկարաձգելու այլ ճանապարհ կամ կեղծ օրակարգեր գտնել: 

Այն, որ իմքայլականներն ընտրությունների չեղարկումը պայմանավորում են հանրության լայն շերտերի շրջանում ընտրությունների պահանջի բացակայությամբ, ակնհայտորեն մտացածին է: Ինչպե՞ս են նրանք որոշել, որ չկա այդպիսի պահանջ: Իշխող մեծամասնության ներկայացուցիչները բերում են փաստարկներ՝ մեկը մյուսից անհեթեթ ու անհամոզիչ: Շատերի պնդումներով՝ մարզերում քաղաքացիների հետ իրենց հանդիպումների ժամանակ արտահերթ ընտրությունների պահանջ նրանք չեն ներկայացրել: Նման պահանջի բացակայության ամենազավեշտալի հիմնավորումը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցինն է. «Եթե ընդդիմությունը չի գալիս իշխանության հետ արտահերթ ընտրության թեմայով քննարկման, ուրեմն հանրությունից նման ազդակ չի ստանում»,- լրագրողներին ասել է նա: 

Իրականում ճիշտ հակառակն է՝ կա արտահերթ ընտրությունների պահանջ, եւ դրա ապացույցներից մեկը «Հայլուր»-ի փետրվարի 8-ին անցկացրած փոքրիկ հարցախույզն է, որի ժամանակ «հասարակության լայն շերտերը» կողմ են արտահայտվել արտահերթ ընտրություններին: Պատահականության սկզբունքով ուսումնասիրվել է 51 անցորդ-քաղաքացու կարծիք, եւ պարզվել է, որ հարցվածների 22 տոկոսը ընտրություն չի ուզում, 23,5 տոկոսը չի կողմնորոշվում, 54 տոկոսն ուզում է իշխանափոխություն՝ արտահերթ ընտրությունների միջոցով: Դե, ինչպես ասում են՝ համոզվելու համար, որ ծովի ջուրն աղի է, պետք չէ խմել ամբողջ ծովը: 

Մեկ ամիս առաջ իշխանությունը, կարծես թե, տեսնում էր հանրային պահանջ: Նիկոլ Փաշինյանը պատրաստություններ էր տեսնում՝ խորհրդակցությունների շարք էր սկսել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ, սահմանադրական փոփոխության օրակարգ էր դրել քննարկման՝ այն հաշվով, որպեսզի հնարավորություն ստանա ընտրություններին մասնակցել առանց հրաժարական տալու: Ընդդիմությունը, սակայն, այլ դիպաշար էր առաջարկում՝ վարչապետի հրաժարական, իշխանության փոխանցում անցումային կառավարությանը, որը մեկ տարվա ընթացքում կանցկացնի արտահերթ ընտրություններ, բայց ինքը դրանց չի մասնակցի եւ վարչապետի թեկնածու չի առաջադրի: Բայց Փաշինյանն անդրդվելի է՝ նա ոչ մի պայմանով չի ուզում ձեռքից տալ վարչապետի պաշտոնը եւ ընդդիմությանն է մեղադրում ԱԺ արտահերթ ընտրությունները ձախողելու համար: 

Սակայն փաստն այն է, որ ընդդիմադիրները՝ թե՛ խորհրդարանական եւ թե՛ խորհրդարանից դուրս ուժերը, երբեք դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին: Ավելին՝ նրանք ավելի վաղ էին ներկայացրել արտահերթի անհրաժեշտությունը՝ միաժամանակ մատնանշելով դրան հասնելու շատ հստակ ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, անցումային կառավարության ձեւավորում, արտահերթ ընտրությունների անցկացում: Փետրվարի 7-ին Աղվերանում Նիկոլ Փաշինյանի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Փաշինյանի հրաժարականի պահանջի շուրջ ներքաղաքական լարվածությունը խորացնելու եւ երկիրը վտանգավոր ցնցումների տանելու խթան:

 

Անցնող շաբաթվա ընթացքում մամուլում շրջանառվող աղմկոտ թեմաներից մեկը Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են։ Շաբաթներ առաջ այս դպրոցում տնօրենի ընտրություններ էին, գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանն ու այլ դպրոցում աշխատած Քարմիլե Առաքելյանը դպրոցի կառավարման խորհրդի քվեարկությամբ հավաքել էին 4-ական ձայն։ Հավասար ձայների պարագայում տնօրեն նշանակելու վերջնական որոշումը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարինն է։ Վերջինս ընտրությունը շահել էր Առաքելյանը։ Մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող մանկավարժները պնդում են, որ կառավարման խորհրդի՝ հենց այս դպրոցը ներկայացնող 4 անդամներն էլ Բաբայանին են ընտրել, Առաքելյանին ձայն տվել են մյուս 4 անդամները, որոնք ուսուցիչների խոսքով՝ Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարազատները կամ ծանոթներն են, իսկ Քարմիլե Առաքելյանը, ըստ այդ խոսակցությունների, Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է։

…Բավական ժամանակ դպրոցում կրքերը եռում են: Ուսուցիչներն արդեն մի քանի օր է, ինչ գործադուլի մեջ են, իսկ աշակերտները՝ դասադուլի, որը նախաձեռնել է դպրոցի աշխորհուրդը: Նրանք պահանջում են պաշտոնում վերականգնել դպրոցի տնօրեն Մետաքսյա Բաբայանին, ով ցուցարարների խոսքով՝ համակարգում կրթության գործի լավագույն կազմակերպիչներից է: Այլ դպրոցից եկած եւ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի ընտրություններին օրինական կարգով մասնակցած ու ԿԳՄՍ նախարարի հրամանով հաղթող ճանաչված Քարմիլե Առաքելյանը հայտարարում է, որ տեր է կանգնելու իր իրավունքներին եւ թույլ չի տալու, որ որեւէ մեկն իրեն զրպարտի: «Այստեղ ինձ համար ոչ թե աթոռն է կարեւորը, այլ աշակերտների կրթության որակը եւ կրթության կազմակերպումը»,- ասել է նա՝ հերքելով բարձրաստիճան պաշտոնյայի կամ այդ ընտանիքի որեւէ անդամի հետ կապ ունենալու մասին լուրերը: 

Կողմերի միջեւ փոխզիջման գնալու ոչ մի շանս, կարծես թե, չկա: Բաբայանի կողմնակիցները՝ դպրոցի ուսուցչական անձնակազմը՝ 40 հոգի եւ աշակերտությունը՝ 360 աշակերտից 300-ը, գրեթե նույնքան ծնողները, չեն ընդունում նոր նշանակված տնօրենին՝ Առաքելյանին, եւ պատրաստակամ են բոլորով հեռանալ դպրոցից, եթե նախարարը չվերանայի իր հրամանը եւ չհարգի անձնակազմի ու աշակերտների շահերը: Ըստ դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանի, նախարարը Քարմիլե Առաքելյանի նշանակման հրամանի հիմքում երեք «առավելություն» է վկայաբերել՝ ավարտել է Երեւանի պետական մանկավարժական համալսարանը, 1994 թվականից աշխատում է իբրեւ ուսուցիչ եւ ներկայացրել է զարգացման ծրագիր: 

Փայտյանը գտնում է, որ նույն հիմնավորվածությամբ կարելի էր պաշտոնում պահել նաեւ իր աշխատանքը բարեխղճորեն կատարող եւ համընդհանուր հարգանք վայելող Մետաքսյա Բաբայանին, ով գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, որպես ուսուցիչ աշխատում է 1991-ից, իսկ ներկայացրած զարգացման ծրագիրն անհամեմատ ավելի բազմաբովանդակ ու իրատեսական է: «Իրենք կողմ են քվեարկել մի ծրագրի, որտեղ ասվում է, թե ավագ դպրոցը պետք է համագործակցի մանկապարտեզների հետ։ Ինձ շատ հետաքրքիր է, թե մանկապարտեզի հետ ավագ դպրոցի համագործակցությունն ինչ է նշանակում»,- ասում է ուսուցիչը՝ պնդելով, որ ԿԳՄՍ նախարարը պետք է բեկանի իր սխալ որոշումը։ Նախարար Վահրամ Դումանյանը իրավիճակին անհամարժեք հանդարտություն է պահպանում՝ ընդամենը արձանագրելով, որ նոր տնօրենին ընտրելիս գործել է իր լիազորությունների շրջանակում: 

Լիազորությունը՝ լիազորություն, բայց խնդրի էության մեջ խորամուխ լինելը, թերեւս, չէր խանգարի: Չէ՞ որ դպրոցում կրքերը չեն հանդարտվում, չէ՞ որ գործ ունենք աճող սերնդի կրթության, սովորողների ամենակարեւոր իրավունքներից մեկի՝ կրթության իրավունքի խախտման երեւույթի հետ, եւ դժվար է ասել, թե ինչ հանգուցալուծում կստանա այս թնջուկը: Ով-ով՝ ոլորտի թիվ մեկ պատասխանատուն իրավունք չունի պարզապես հրաման ստորագրել եւ իր գործն ավարտված համարելով՝ մի կողմ քաշվել: 

Տնօրենի ընտրության գործընթացի եւ կրթական իրավունքի վրա դրա ազդեցության տեսանկյունից է հարցին անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Դիտարկման արդյունքները վկայում են, որ խոսքը վերաբերում է տնօրենի ոչ իրավաչափ կամ ոչ արդարացի սկզբունքով ընտրվելու մասին պնդումներին: Դրանից բացի, ստացվել է այնպես, որ դպրոցում խաթարված է դասերի բնականոն ընթացքը: Ավելին՝ դիտարկվել են ոստիկանների ուղեկցությամբ տնօրենի դպրոց գալու դեպքեր: Ուստի, հաշվի առնելով վերը շարադրված տվյալները՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ եւ պարզաբանումներ են պահանջվել ԿԳՄՍ նախարարությունից ու Ոստիկանությունից»,- ասված է ՄԻՊ փետրվարի 8-ին տարածած  հաղորդագրությունում: 

Մամուլում եւ սոցցանցերում այդ օրերին տեղեկություններ էին պտտվում, թե Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի շուրջ ծավալվող գործընթացների հետեւում քաղաքական շահեր են թաքնված: Գաղտնիք չէ, որ պետական հիմնարկների ու տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքականացման մշակույթը հետանկախական Հայաստանում խոր արմատներ է ձգել: Համապետական ընտրությունների ժամանակ այդ ինստիտուտները, չնչին բացառություններով, ծառայել են օրվա իշխանություններին՝ որպես անխափան աշխատող վարչական ռեսուրսներ: Ներկա իշխանության օրոք այդ մշակույթը ոչ միայն պահպանվել է, այլեւ ավելի լայն տարածում է ստացել՝ թափանցելով բացառապես բոլոր ոլորտները, նույնիսկ գիտամշակութային օջախները, դպրոցներն ու հիվանդանոցները: 

Եվ բնավ չի բացառվում, որ Աբովյանի թիվ 1 դպրոցում, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում եւ այլուր ընդամենը «յուրային մարդ» ունենալու խնդիր է լուծվում: «Թավշյա» իշխանությունն այսօր, քան երբեւէ աջակիցների սուր կարիք ունի՝ երբեմնի վարկանիշը ձեռքից գնացել է:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ազգային ժողովը փետրվարի 10-ին շարունակում էր հերթական քառօրյա նիստը։ Օրակարգում 16 հարց է: Այդ օրը խորհրդարանը քննարկումը սկսեց Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծից։ Հիմնական զեկուցողն էր Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ միջոցառման գլխավոր նպատակը կրթության եւ գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումն է:

Ավելի վաղ ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ՝ 102 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Վճռաբեկ դատարանի նախագահ էր ընտրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին։

Հայաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները փետրվարի 11-ին հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցեր: Արա Այվազյանն ու Ժան-Իվ Լը Դրիանը, ըստ ԱԳՆ-ի, անդրադարձել են Արցախում հումանիտար իրադրության եւ արցախահայության առջեւ ծառացած մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում Այվազյանն ընդգծել է հայ ռազմագերիների ու պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցը` ընդգծելով Ադրբեջանի կողմից այդ գործընթացում խոչընդոտներ ստեղծելու անթույլատրելիությունը։ Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ օրակարգի հարցեր։ Ավելի վաղ ԱԳ նախարարը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:

Ռուսական կողմի միջնորդությամբ փետրվարի 9-ին Հայաստան է վերադարձել եւս 5 գերի։ Նրանցից 3-ը Խծաբերդի տարածքից գերեվարվածներից են։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի փոխանցմամբ՝ մյուս 2 հայրենադարձվածները գերեվարվել էին դեռ պատերազմի օրերին։ Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 64 գերի։ Հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդում գերեվարված 62 զինծառայողներից մինչ օրս հայրենադարձվել են 8-ը։ Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն անցնում է 200-ը, սակայն ադրբեջանական կողմը այդ թիվը չի հաստատում։

Վերջին շրջանում մեր հանրային քննարկման տիրույթը գրեթե ամբողջովին լցված է իշխանավեճի թեմաներով, որի պատճառով ստվերված են մարդու իրավունքների իրական խնդիրները, անտեսված են մարդկանց վերաբերող իրական գերակայությունները: Այս մասին փետրվարի 8-ին հայտարարել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը: Նա բոլորին սթափության կոչ է արել՝ նշելով. «Պետության քաղաքական համակարգը նրա համար չէ, որ իշխանավեճով զբաղվի»: ՄԻՊ-ը հիշեցնում է՝ քաղաքական համակարգը իր իշխանական ու ոչ իշխանական կուսակցություններով եւ ուժերով պետք է ծառայի մարդուն, նրա խնդիրների լուծմանը, իրավունքների պաշտպանության իրական գերակայություններին:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: