Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

4-11 փետրվարի 2023թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Շաբաթվա ամենաքննարկվող թեմաներից մեկը փետրվարի 6-ին Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի շուրջ զարգացումներն էին: Հարեւան երկրների ղեկավարներին ցավակցական ուղերձներ էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ մեկ օր անց աղետի գոտիներ էին ուղարկվել փրկարարական ջոկատներ եւ այլ օգնություններ: Հայաստանյան ԶԼՄ-ներում ու սոցցանցերում հակասական արձագանքներ եղան. ոմանք գտնում են, որ Թուրքիան արժանի չէ մեր կարեկցանքին եւ առավել եւս՝ օգնությանը, մյուսներն էլ ընդհակառակը՝ համարում են, որ դա բնական ու ողջամիտ վարքագիծ է փորձության ենթարկված հարեւան երկրի նկատմամբ: Եվ կողմերից ամեն մեկն իր ճշմարտացիությունը հիմնավորող փաստարկներ ունի:

Եթե մի պահ վերանանք պայմանականություններից եւ խնդիրը դիտարկենք զուտ խղճի, բարոյականության ու մարդկայինի տեսանկյունից, հասկանալի կդառնա, որ գերադասելին, իհարկե, մարդու կողմից մարդուն զորակցելն է ու նրան մեծահոգաբար օգնության ձեռք մեկնելը: Նույնիսկ՝ թշնամուն, որը ծանր կացության մեջ է հայտնվել: Բայց այստեղ խնդիրն այլ է, որն ի ցույց է դնում ՀՀ առաջին դեմքի երկերեսանիությունը, հակումը երկակի չափանիշներին ու խտրականությանը: Եվ ոչ միայն դա: Շաբաթներ առաջ երկրաշարժ էր եղել նաեւ մեր մյուս հարեւանի՝ Իրանի տարածքում՝ զոհերով ու ավերածություններով, բայց Նիկոլ Փաշինյանը չէր ցավակցել: ԱԺ նախագահն էլ ասում է՝ երեք զոհ է եղել, ինչ ցավակցություն: Ավելի տխմար դատողություն դժվար է պատկերացնել:

Իրանը բարեկամ երկիր է, պատրաստակամություն էր հայտնել Սյունիքում թույլ չտալ տարածքների փոփոխություն, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանն առաջարկել էր այդտեղ անցկացնել համատեղ զորավարժություններ, բայց հայկական կողմը, ինչպես որ ՀԱՊԿ-ի դեպքում, մերժել էր: Տարօրինա՞կ չէ, արդյոք, որ Հայաստանն իրեն հեռու է պահում ռազմավարական դաշնակից ՌԴ-ից ու բարեկամաբար տրամադրված Իրանից, բայց ամեն ինչ անում է մերձենալու թշնամի երկրներին, որոնք ՀՀ-ի եւ Արցախի դեմ Շուշիի հռչակագիր են ստորագրել, պաշարել Արցախը եւ «Զանգեզուրի միջանցքի» պահանջ ներկայացրել, օրերս էլ համատեղ զորավարժանքներ էին անցկացնում Կարսում՝ Հայաստանի քթի տակ: «Տարօրինակ»-ը շատ մեղմ է ասված, նման վարմունքն ավելի խիստ բնորոշում ունի:

 

ԱԺ-ում փետրվարի 7-ին մեկնարկել էր հերթական քառօրյան: Ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազի միջնորդությունների քննարկումն էր: Օհանյանի վերաբերյալ երեք միջնորդություն կա, որոնցից մեկը գաղտնի է: Գործերից մեկով դատախազությունը փաստեր ունի, որ ՀՀ նախկին Պնախարարը՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել։ Մյուս երկու գործով Օհանյանին մեղսագրվում է վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակում։

Չարչյանի վերաբերյալ գլխավոր դատախազը մեկ միջնորդություն է ներկայացրել, գործն առնչվում է պրոֆեսորի բժշկական գործունեությանը: 2017թ. փետրվարին նա՝ ընդգրկված լինելով «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող «Հաց բերողի» առնչությամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, ստորագրել է փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացություն: Արթուր Սարգսյանն առողջական խնդիրներ ուներ, կալանքից կարող էր ազատվել, բայց հրաժարվել է փորձաքննության ներկայանալ, եւ հանձնաժողովն իր եզրակացությունը տվել էր առանց հետազոտման, բայց բժշկական տվյալների հիման վրա։ 2017թ. մարտին՝ շուրջ մեկամսյա կալանքից հետո Սարգսյանը մահացել էր։

Այս դրվագներում ուշագրավն այն է, որ օրենքը թույլ չի տալիս պատիժ սահմանել, եթե արարքի համար պատիժ սահմանելու վաղեմության ժամկետը սպառված է: Ե՛վ Օհանյանը, ե՛ւ Չարչյանը կարող էին, բայց չցանկացան օգտվել ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հանգամանքով պայմանավորված իրենց իրավունքից եւ հանգիստ գնալ տները: Նրանք գերադասեցին իրենց անմեղությունն ապացուցել դատական կարգով: Խորհրդարանական ընդդիմությունը, որը հրաժարվել էր մասնակցել, իր խոսքով, «մեկ դերասանի թատրոնին», համոզված է, որ ընդդիմադիր պատգամավորների դեմ սկսված գործընթացը քաղաքական հետապնդում է, որի նպատակներից մեկը հասարակության ուշադրությունը կարեւոր հարցերից (Արցախի շրջափակում, 15 զինծառայողների մահ՝ առեղծվածային հանգամանքներում, եւ այլն) շեղելն է:

Որոշ դիտորդների կարծիքով՝ պատգամավորական անձեռնմխելիությունից Օհանյանին եւ Չարչյանին զրկելու՝ դատախազի ներկայացրած միջնորդագրերը պատշաճ կերպով հիմնավորված չեն: Օրինակ՝ չկա ապացույց, որ Արարատի մարզում զորանոցային տարածք օտարելու գործարքում Օհանյանը «փող է աշխատել»: Կամ, որ Չարչյանը օրենք է խախտել՝ կալանավորի դատաբժշկական եզրակացությունը ստորագրելով հասցեատիրոջ բժշկական տվյալների հիման վրա, քանի որ վերջինս հրաժարվել է հետազոտություն անցնել: Մի խոսքով՝ երկու դեպքում էլ ո՛չ հանցանքն է ապացուցված, ո՛չ մեղադրյալների շրջանակն է հայտնաբերված, ո՛չ յուրացման կամ չարաշահման փաստն է հնարավոր ապացուցել:

Փոխարենը դատախազի ներկայացրած «գործերի» հետեւում շատ պարզ երեւում են պատվիրատուի «ականջները»:

 

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի որոշման համաձայն՝ դադարեցվել են Խորենացու փողոց, 24 հասցեում «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այլ կերպ՝ Ոսկու շուկա) աշխատանքները։ Այս մասին փետրվարի 8-ին հայտնել է ՔՏՀԱ տեսչական մարմինը, որի մասնագետները տեղում կատարած հրդեհատեխնիկական հետազոտության ժամանակ բախվել են ճիշտ նույն իրավիճակին, ինչ փետրվարի 1-ին «Մալաթիա» տոնավաճառում էր. շենք-շինությունների շահագործում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով եւ խախտումներով, որոնք կարող են անմիջականորեն սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար:

Երեւում է՝ մեր գործատուները սխալներից դաս քաղելու սովորություն չունեն. ոչ իրենց սխալներից, ոչ՝ ուրիշների: Եվ, բացի դրանից, ունեն մեկ ընդհանուր մոլորություն՝ խնայել հակահրդեհային միջոցառումների վրա: Այդպես եղել էր անցած տարվա օգոստոսին «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած խոշոր պայթյունի ու հրդեհի ժամանակ, ինչը մեկուկես տասնյակից ավելի զոհերի պատճառ դարձավ, այդպես եղավ նաեւ փետրվարի 9-ին Մարալիկի կարի արտադրամասի բամբակի պահեստում բռնկված հրդեհի դեպքում: Հետեւաբար՝ ՔՏՀԱ-ի խիստ եւ զգուշացնող որոշումները ինչ-որ տեղ հասկանալի են: Բայց, մյուս կողմից, դրա արդյունքում հարյուրավոր ընտանիքներ նյութապես տուժում են:

Վերջին շրջանում շատ ենք լսում հրդեհների ու դրանց ողբերգական հետեւանքների մասին, ինչը ահազանգ է առ այն, որ աշխատանքային գործունեության կազմակերպման կամ արտադրության տեխնոլոգիական մեթոդաբանության շղթայում թույլ օղակներ կան, որ պետք է անհապաղ կարգավորել՝ ապահովելու համար ողջ գործընթացի համաչափությունը, կայունությունը եւ անվտանգությունը: Ուրեմն՝ լրջորեն մտածելու բան ունեն ե՛ւ պետական պատկան մարմինները, ե՛ւ գործատուները, որպեսզի, ինչպես ժողովուրդն է ասում. «ոչ շիշը այրվի, ոչ քյաբաբը»: Մարալիկի կարի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհից, բարեբախտաբար, զոհեր չեն եղել, եւ Շիրակի մարզի ՆԳՆ փրկարարական ծառայության հրշեջ ջոկատների ջանքերով հրդեհն արագ մեկուսացվել է:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Փետրվարի 7-8-ը պաշտոնական այցով Հայաստանում էր Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ի եւ Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին հետեւեց երկու նախարարների մամուլի ասուլիսը: Այցի շրջանակներում Խորվաթիայի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել նաեւ Հայաստանի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ պաշտոնատար այլ անձանց հետ: Վարչապետի եւ Խորվաթիայից ժամանած հյուրի հետ արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Ադրբեջանի գործողությունները հաստատում են, որ պաշտոնական Բաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու իր բազմամյա քաղաքականությունից. այս մասին փետրվարի 6-ին հայտարարել է Արցախի ԱԳ նախարարությունը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը կրկին՝ Արցախի շրջափակումից ի վեր արդեն 6-րդ անգամ, փակել է Հայաստան-Արցախ գազատարը։ Շուրջ մեկ ամիս է՝ Հայաստանից մատակարարվող հոսանքը եւս չի մտնում Արցախ. Ադրբեջանի վերահսկողության տակ է նաեւ Հայաստանից Արցախ մտնող էլեկտրագծի վթարված հատվածը: Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ Բաքվի նման վարքագիծը, ըստ Արցախի ԱԳՆ-ի, անպատժելիության հետեւանք է:

Երկօրյա աշխատանքային այցով փետրվարի 6-7-ը Բեռլինում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որն ԱԳՆ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ հանդիպում  է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ, որից հետո նախարարները հանդես են եկել մամլո ասուլիսով: Այցի շրջանակում Միրզոյանը հանդիպել է նաեւ Գերմանիայի օրենսդիր մարմինների, փորձագիտական հանրության ներկայացուցիչներին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-Գերմանիա եւ ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման հարցերին, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ այլ հարցերի:

Հայաստանի ՊՆ-ից հերքում են ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները, թե Հայաստանն ու Իրանը, իբր, «համատեղ ռազմական սադրանք» են նախապատրաստում Ադրբեջանի դեմ։ «Դա բացարձակ սուտ է»,- փետրվարի 8-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել են ՊՆ մամուլի քարտուղարը եւ Հայաստանի ԱԱԾ տնօրենի խորհրդականը: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ «ՀՀ-ն եւ Իրանը պատրաստվում են հարձակման անցնել Լաչինի եւ Կուբաթլուի ուղղությամբ»։ Նրանք նույնիսկ նշել են, թե իբր այդ նպատակով «Ադրբեջանի եւ Հայաստանի պետական սահմանի մոտ վերապատրաստվում է իրանական դիվերսիոն խումբը»:

Վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի 6-ին մերժել է ազատ արձակել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ ուժի մեջ թողնելով Հակակոռուպցիոն դատարանի որոշումը, «Ազատությանը» հայտնեց նրա պաշտպաններից Սերգեյ Հովհաննիսյանը։ «Անպիտան հրիթռների» գործով ավելի քան 4.5 միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող նախկին Պնախարարը կալանավայրում է արդեն մեկ տարի չորս ամիս:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: