Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Տարածաշրջան կատարած այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) փետրվարի 11-ին հանդես են եկել հայտարարությամբ՝ ընդգծելով 2017 թվականի հոկտեմբերին Ժնեւում, ինչպես նաեւ ավելի վաղ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների ժամանակ ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարման կարեւորությունը: Միջնորդները խորը մտահոգություն են հայտնում, որ շփման գծում օրերս զոհ է եղել, եւ կոչ են անում կողմերին «լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ՝ համաձայն Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածության, հարգել զինադադարն ու ձեռնպահ մնալ հրահրող հայտարարություններից եւ սադրիչ գործողություններից»: Համանախագահները վերահաստատում են իրենց դիրքորոշումը՝ «օգնել կողմերին հակամարտությանը խաղաղ կարգավորում տալու գործում՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշման իրավունք»:
… Հերթական անգամ համանախագահները՝ «պարիտետը» չխախտելով, այսինքն՝ հավասարության նշան դնելով հակամարտ կողմերի միջեւ, նրանց կոչ են անում «հարգել զինադադարն ու ձեռնպահ մնալ հրահրող հայտարարություններից եւ սադրիչ գործողություններից»: Անունը դնում են «պարիտետ», եւ մեկ կողմի ռազմական սանձարձակությունը, հետեւապես նաեւ՝ այդ սանձարձակության մեղքը, հավասարապես բաժանում երկու կողմերի միջեւ: Իբր՝ թող ոչ ոք չմտածի, թե Մինսկի խմբի համանախագահող երկրները կողմնակալ վերաբերմունք են դրսեւորում: Հիմա հարց է առաջանում. իսկ այդ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներից որեւէ մեկի մտքով չի՞ անցնում արդյոք, որ հենց այդ չարաբաստիկ «պարիտետի» պատճառով է Իլհամ Ալիեւն իրեն ազատ զգում իր գործողություններում, եթե չասենք՝ հանցագործություններում, երբ ադրբեջանցի դիպուկահարի հրազենից սահմանին պարբերաբար հայ զինվոր է զոհվում: «Պարիտետ» կոչվածն այնքան է ոգեշնչել Ադրբեջանի սուլթանին, որ չի խորշում անգամ ի լուր աշխարհի հայտարարել, թե «Իրիվանը», Սեւանն ու Սյունիքը պատմական ադրբեջանական տարածքներ են, եւ իրենց քաղաքական ու ռազմավարական նպատակն է, վաղ թե ուշ, դրանք վերադարձնել: Լավ, հասկացանք, այս մարդու հոգեխանգարմունքը, երեւում է, զարգացման վերջին փուլում է: Բայց մի՞թե նրա շրջապատում գիտակ մեկը չկա, որ հասկացնի նրան. ասի՝ ա՛յ քիշի, «Իրիվանը» այս տարի բոլորում է իր հիմնադրման 2800-ամյակը, մինչդեռ մենք՝ որպես ազգ, կազմավորվել ենք անցյալ դարասկզբներին՝ մոտավորպես 100 տարի առաջ: Ուրեմն` ինչպե՞ս կարող է հետեւում գրեթե երեք հազարամյակ թողած բնակավայրի տարածքը պատկանել արհեստածին մի կազմավորման, որը հազիվ մեկդարյա պատմություն ունի: Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը «հրահրող հայտարարություններ» եւ «սադրիչ գործողություններ» ակնարկելիս` նկատի ունի հարեւան երկրի սուլթանի նվաճողական անհագ ախորժակին հարիր հայտարարությունը, ուրեմն թող այդպես էլ ասի ուղիղ նրա ճակատին: Հակառակ դեպքում «պարիտետ» պահպանելը կարող է լրջորեն սասանել Իլհամի հոգեկանը: Մարդը լրիվ ձեռքից գնացել է: Բա որ ասում էինք՝ «պարիտետը» շա՞ռ ա…
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 11-13-ը պետական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը՝ տիկնոջ հետ: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի եւ Ռումեն Ռադեւի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ, ապա տեղի է ունեցել երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը միտված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Այցի շրջանակներում Բուլղարիայի Հանրապետության նախագահը հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, հյուրընկալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ինչպես նաեւ այցելել է Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եւ Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոց:
… Հայ-բուլղարական առնչությունները դարերի պատմություն ունեն, որի էջերում հետաքրքիր դրվագներ են պահպանվել: Դեռեւս 10-11-րդ դարերում Բուլղարիայում հայությունն այնքան էր ստվարացել, որ հայերն այնտեղ անգամ իշխանության հասան: 997 թվականին բուլղարական գահ բարձրացավ Կամսարականների տոհմից սերող Սամուել Կոմսաձագը: Նա թագավորեց մինչեւ 1014 թվականը եւ գահակալման 17 տարվա ընթացքում արյունահեղ պատերազմներ մղեց Բուլղարիայի անկախության համար` ընդդեմ Բյուզանդական կայսրության, որի գահին նույնպես հայ էր բազմած: Բագրատունյաց թագավորության անկումից հետո էլ հազարավոր հայեր էին գաղթել Հայաստանից եւ հաստատվել Բուլղարիայում: 20-րդ դարասկզբին եւս հայերն ակտիվ մասնակցություն ունեցան այդ երկրի ազգային-ազատագրական պայքարին: 1912-1913 թթ. Բալկանյան պատերազմի ժամանակ Բուլղարիայում թուրքական բանակի դեմ շատ հայեր էին մարտնչում Գարեգին Նժդեհի եւ Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ: Հայոց ցեղասպանության հետեւանքով Բուլղարիայի հայության թիվը տասնապատկվեց` հասնելով 50 հազարի: Բազմաթիվ հայ ընտանիքներ ապաստան գտան բուլղարական հյուրընկալ հողում: Այդ ժամանակ էր, որ բուլղարացի պոետ Պեյո Յավորովը, որի անունով է կոչվում Երեւանի թիվ 131 դպրոցը, գրեց իր սքանչելի «Հայերը» բանաստեղծությունը: Այն սկսվում է հետեւյալ տողերով.
Վտարանդինե´ր, թշվա~ռ բեկորներ, միշտ խիզախ, բայց միշտ տառապած ազգի,
Ահաբեկված մոր լքվա~ծ զավակներ, զոհեր` պանծալի ու մեծ սխրանքի:
Օտար ափերում, մայր հողից հեռու, ավեր խրճիթում, անտեր ու անսեր,
Հարբում են նրանք, վերքը` սրտերում, եւ երգում այնպես` լալիս են ասես…
Պատմական այս փոքրիկ էքսկուրսի խորապատկերին նախագահ Ռումեն Ռադեւի երեւանյան այցը առանձնահատուկ իմաստ է ստանում: Մնում է ափսոսալ, որ երկու երկրների կապերը, որոնք նույնիսկ խորհրդային շրջանում ավելի ամուր էին, այսօր հեռու են բավարար համարվելուց: Հենց միայն այն փաստը, որ նախագահների մակարդակով վերջին փոխայցելություններից մեզ մեկ տասնյակից ավելի տարիներ են բաժանում, ինքնին խոսուն է: Ներկայում Բուլղարիայում շուրջ 50 հազար հայ է ապրում, եւ հայերը թվաքանակով չորրորդն են ազգային փոքրամասնությունների շարքում: Բուլղարիայում հայկական դպրոցներ չկան: Վառնայում եւ Բուրգասում գործում են միայն կիրակնօրյա դպրոցներ: Համայնքում գործում են նաեւ մի քանի հայկական ակումբներ, մարզամշակութային միություններ, մեկ տասնյակի չափ եկեղեցիներ: Սոֆիայում, Պլովդիվում եւ Բուրգասում լույս են տեսնում հայկական թերթեր: Այսինքն` հայապահպանության որոշակի բազա եւ ներուժ, կարծես թե, առկա են, որոնք, սակայն, արդյունավետ չեն օգտագործվում հայաստանյան պետական կառույցների կողմից: Սփյուռքն ազգային ինքնության պահպանման խնդիր ունի, եւ դրանում մեծ են Մայր հայրենիքի դերն ու անելիքները: Այլեւս անցյալում են մնացել Սփյուռքը որպես «կթու կով» դիտարկելու ժամանակները, հիմա ուրիշ աչքով պետք է նայել Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների պահանջմունքներին, որոնք բացառապես հոգեւոր են: Սարգսյան-Ռադեւ հանդիպումներն ու բանակցությունները հատկապես այդ դիտանկյունից պետք է կարեւորվեն, որպեսզի պատմականորեն ստեղծված բարեկամական կապերն այսօր շարունակեն աշխատել ի շահ երկու երկրների ու ժողովուրդների բարօրության:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Միջազգային մամուլ
Իսրայելը խոստանում է շարունակել ռազմական գործողությունները Սիրիայում
Փետրվարի 10-ին Սիրիայում խփել են իսրայելական F-16 կործանիչը: Ըստ The Independent-ի, Սիրիայի հակաօդային ուժերը իսրայելական ռազմական ինքնաթիռ են խփել: «Ի պատասխան՝ Իսրայելը սկսել է երկրորդ անօդաչու հարձակումը, որը համարվում է վերջին շրջանի ամենաագրեսիվը: Հարձակման ընթացքում իսրայելական ռազմաօդային ուժերը վերացրել են իրանական եւ սիրիական 12 ռազմական օբյեկտներ»,- գրում է թերթը:
Նույն թեմայի ծիրում The Times of Israel պարբերականն էլ հաղորդում է, որ Իսրայելի վարչապետ Բ.Նեթանյահուն կառավարության շաբաթական նիստի ժամանակ դիմել է նախարարներին՝ նշելով. «Երեկ մենք լուրջ հարված հասցրինք Իրանի եւ Սիրիայի բանակներին: Մենք միանշանակ հստակեցրինք, որ մեր ներգրավվածության կանոնները որեւէ կերպ չեն փոխվել: Մենք կշարունակենք հարված հասցնել՝ մեզ ցանկացած վնաս հասցնելու փորձին ի պատասխան: Սա մեր քաղաքականությունն է եւ կմնա այդպիսին»: Թերթի հոդվածագրի տեղեկացմամբ՝ Իսրայելը հստակ հայտարարել է, որ չի հանդուրժի իրանական ռազմական հենակետի որեւէ տեղակայում եւ խոստացել է, որ կշարունակի գործողություններ ձեռնարկել իր ինքնիշխանությունը խախտելու ցանկացած փորձ կանխելու համար: Թերթի փոխանցմամբ՝ Իսրայելը մտավախություն ունի, որ Իրանը կարող է Սիրիայի տարածքն օգտագործել հարձակումների համար կամ Իրանից դեպի Լիբանան հողային միջանցք ստեղծելուն, ինչը թույլ կտա ավելի հեշտ փոխանցել զենք Լիբանանի «Հըզբոլլահին», որը շարունակաբար սպառնում է ոչնչացնել Իսրայելը:
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր հերթին հանդես է եկել Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ հետեւյալ հայտարարությամբ. «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Իսրայելի սահմանի նկատմամբ այսօրվա բռնության աճով եւ հստակ պաշտպանում է իր ինքնիշխանությունը պաշտպանելու՝ Իսրայելի իրավունքը: Իրանի հաշվարկված սպառնալիքը եւ տարածագոտում իր իշխանությունն ու գերակայությունը հաստատելու ձգտումը վտանգում է բոլոր ժողովուրդներին`Եմենից մինչեւ Լիբանան: ԱՄՆ-ը շարունակում է հակազդել Իրանի հակաօրինական գործողություններին իրենց տարածաշրջանում եւ կոչ է անում դադարեցնել իրանական վարքագիծը, որը սպառնում է խաղաղությանն ու կայունությանը»:
Հաշվի առնելով, որ Դոնալդ Ջ. Թրամփն Իսրայելին աջակցելու հարցում թերեւս ավելի վճռական է, քան նախորդ նախագահները, նա անպայման ավելի մեծ օգնություն կցուցաբերի Իսրայելին՝ թշնամիների դեմ պայքարում: Ընդամենն անցյալ շաբաթ ԱՄՆ-ի ղեկավարած դաշինքի օդային հարվածներից զոհվեց մոտ 100 իշխանամետ զինվոր, որոնք հարձակում էին գործել Սիրիայի դեմոկրատական ուժերի վրա: Ինչպես հայտնում է The New York Times-ը, ենթադրվում է, որ այդ հարձակման ժամանակ ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական պայմանագրայինները բազմաթիվ մարտիկներ են կորցրել: Հատկանշական է, որ այդ ռուսական ուժերը, ինչպես պաշտոնական, այնպես էլ «հիբրիդային» վարչակարգի զորամիավորումների առավել մարտունակ ուժերն էին: Ռուսական մասնավոր ռազմական պայմանագրայինների վերացումը կարող է հանգեցնել Դամասկոսի ռեժիմի փլուզմանն ու արագ քայքայմանը:
Մինչ այժմ Ռուսաստանի հայրենասիրական պաթոսը հիմնված էր այն համոզմունքի վրա, որ իրենց հիմնական մրցակիցը՝ ԱՄՆ-ը, երբեք չի համարձակվի ներգրավվել անմիջական ռազմական գործողությունների մեջ` ողջ աշխարհի համար հնարավոր աղետալի հետեւանքներից խուսափելու նպատակով: Այդ ենթադրությունից ելնելով էր Պուտինը ստեղծել «փոքրիկ կանաչ մարդկանց» օգնությամբ «հիբրիդային» պատերազմներ վարելու իր ռազմավարությունը: Բայց հիմա այդ առասպելը հօդս է ցնդել եւ, կարծես, ռուսական ռազմական արկածախնդրության համար անպատժելիության շրջանը վերջապես ավարտին է հասել:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը