Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Շաբաթվա ընթացքում հանրության ուշադրության կենտրոնում էր փետրվարի 15-16-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցը: Այն բաղկացած էր երկու մասից. 1/ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման 2008-2018 թվականների բանակցային գործընթացի նկարագրությունը եւ 2/ Արցախյան 44-օրյա պատերազմի կապիտուլյացիայի պատճառները: Երրորդ նախագահը մանրամասնել է ՀՀԿ իշխանության օրոք հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ տեղի ունեցած զարգացումները, ինչպես նաեւ անդրադարձել է այն հիմնական գործոններին, որոնք հանգեցրել են պարտության ու տարածքային կորուստների: Ըստ գործող իշխանության, կապիտուլյացիան եւ նրա ծանր հետեւանքները նախորդ համակարգի քաղաքական-դիվանագիտական բացթողումների հետեւանք են:
…Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմակիցները շարունակաբար գանգատվում են, թե նախորդ իշխանությունից ռազմաքաղաքական ու բանակցային վատ ժառանգություն են ստացել, ինչն էլ ցավալի պարտության պատճառն է: Բացելով բանակցային գործընթացի թեման, Սերժ Սարգսյանը նախ պարզաբանում է, որ ինքը երբեք «ոչմիթիզական» չի եղել եւ խնդրի լուծումները միշտ տեսել է փոխզիջումների միջոցով: Նույնիսկ հիշեցնում է իր հայտնի արտահայտությունը, թե՝ «Աղդամը իմ հայրենիքը չէ», որի համար ժամանակին խիստ քննադատվել էր: Երրորդ նախագահը, ըստ էության, կանխում է Փաշինյանի կամ իմքայլականների հնարավոր արձագանքը, որոնք «ոչմիթիզականության» մեջ քանիցս մեղադրել են նաեւ ՀՀԿ-ին՝ հայտարարելով, որ ոչ մի զիջում չհանդուրժողների համառության պատճառով արցախյան խնդրի լուծումը տարիներով ձգձգվել է:
Խոսքն ավելի համոզիչ դարձնելու համար, որ հայկական կողմը երբեք ժամանակն անտեղի չի ձգել, Սարգսյանը հանգամանալի անդրադարձ է կատարում 2011-ին Կազանում տեղի ունեցած բանակցությունների առանձնահատկություններին եւ արձանագրում, որ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր Արցախի կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմից դուրս: Սա եւս ակներեւաբար ուղղված է իր ընդդիմախոսներին, որոնք ժամանակ առ ժամանակ պնդում են, թե Կազանյան փաստաթուղթը տարածքների վերադարձ է ենթադրում: Դե, որոշ մանիպուլյատորներ սիրում են կարգավորման ամբողջական փաթեթից վերցնել բազմաթիվ բաղադրիչներից միայն մեկը՝ հատկապես իրենց ուզածը, եւ շահարկել: Ինչեւէ:
Այնուհետեւ տպավորությունն ուժեղացնելու համար երրորդ նախագահը շեշտում է. «Մենք ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բնակչության կամքի ազատ արտահայտմամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ եւ որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում։ Դա մեզ հնարավորություն էր տալիս շատ հանգիստ գնալ խնդրի լուծման՝ այո, փոխզիջումների միջոցով»։ Ըստ նրա, ԼՂ-ին տրվում էր նաեւ միջանկյալ կարգավիճակ՝ անվտանգության 7 երաշխիքով եւ, ամենակարեւորը, ԼՂ-ն իրավունք էր ստանում անդամակցել միջազգային այն կառույցներին, որոնց անդամակցելու համար անկախությունը պարտադիր պայման չէր: «Եվ մինչեւ Արցախի անկախության օրը՝ մինչեւ հանրաքվեի օրը, մենք ունենում էինք մեր վերահսկողության տակ Լաչինի եւ Քելբաջարի շրջանները»,- հավելում է «Արմնյուզ»-ի զրուցակիցը՝ հիշեցնելով, որ փաստաթուղթը վերջին պահին մերժել էր ադրբեջանական կողմը:
Ամենայն հավանականությամբ՝ երկար լռությունից հետո Սերժ Սարգսյանը վատ չէր պատրաստվել այս զրույցին: Որոշ քաղաքագետներ պատահական չեն համարում ընտրված ժամանակը: Փետրվարի 20-ին՝ արցախյան շարժման 33-րդ տարեդարձի օրը, մարտականորեն տրամադրված 17 քաղաքական ուժերը հանրահավաք են նշանակել Ազատության հրապարակում եւ ակնկալում են հասարակական լայն համախմբում՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Երրորդ նախագահի հարցազրույցը միգուցե իսկապե՞ս հենց այդ օրվան համահունչ էր մտածված՝ որպես աջակցություն Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությանը: Համենայն դեպս, Սարգսյանը կարծես թե հող էր նախապատրաստում «17»-ի բողոքի գործողությունները խթանելու, հանրահավաքին որոշակի ոգեղեն եւ, իհարկե, փաստական ատաղձ մատակարարելու համար:
Երրորդ նախագահի զրույցի առանցքային թեմաներից մեկը, որին նա բավական լայն տեղ է տալիս, Փաշինյանի դավադրական վարքագծի մասին մամուլում տարածված լուրերի վերաթարմացումն էր: Մասնավորապես՝ այն նյութերը, համաձայն որոնց՝ Փաշինյանը պատերազմի ժամանակ չի ճանաչել Արցախի անկախությունը, գաղտնի բանակցություններ է վարել Իլհամ Ալիեւի հետ, որին համարել է կառուցողական առաջարկներով հանդես եկող բանակցող: Հարցազրույցում անդրադարձ է եղել նաեւ Լուկաշենկո-Սարգսյան հեռախոսային խոսակցության գաղտնալսմանը եւ 5 միլիարդ դոլար գումարով Արցախը գնելու վերաբերյալ Ալիեւի գործարքի փորձերին: Սերժ Սարգսյանը չի բացառում, որ նույն գործարքը, որին ինքը չէր գնացել, հետագայում հնարավոր է՝ առաջարկված լինի Նիկոլ Փաշինյանին:
Ուշագրավ էին ՀՀԿ-ի օրոք մշակված՝ բանակի զարգացման մինչեւ 2020 թվականի ծրագիրը «թավշյա» իշխանության կողմից անհարկի փոխելու, մարտավարական նշանակության զինատեսակների նախատեսված քանակությունն էապես նվազեցնելու վերաբերյալ «Արմնյուզ»-ի զրուցակցի հայտարարությունները: Խոսքը մասնավորապես շուրջ 1000 անօդաչու սարքերի ձեռքբերման մասին է, որը հանվել էր սպառազինության ցանկից, փոխարենը գնվել էին հատը 600 դոլար արժեցող զրահաբաճկոններ, որպիսիք կարելի էր ձեռք բերել առնվազն երկու անգամ ավելի էժան գնով: Սպառազինության ցանկում հազարի չափ ԱԹՍ-ները, ինչպես նաեւ մյուս բոլոր զինատեսակները պատահաբար չէին ներառված՝ նախորդ իշխանությունը մանրազնին ուսումնասիրել ու հաշվի էր առել 2016-ի Ապրիլյան քառօրյայի փորձը, իսկ ծրագրված սպառազինությամբ լավագույնս պահպանվում էր ուժերի հավասարակշռվածությունը:
Անտրամաբանական ու անհասկանալի դիպվածների բազմաթիվ անականկալներ մատուցեց 44-օրյա պատերազմը, եւ դրանցից մի քանիսը Սարգսյանը մատնանշեց իր զրույցի ընթացքում: Օրինակ՝ «Իսկանդեր»-ի տարօրինակ «վարքագիծը»: Դա այն եզակի զինատեսակներից է, որը կարող էր լուրջ բեկում մտցնել պատերազմում: Սակայն համառորեն լռում էր: Ձայն հանեց ընդամենը մեկ անգամ, եւ այն էլ Շուշիի ուղղությամբ: Երրորդ նախագահը խոստովանում է, որ պատերազմի ողջ ընթացքում այդպես էլ չիմացավ, թե ով է ղեկավարում Շուշիի պաշտպանությունը կամ ով է, օրինակ, Հադրութի պաշտպանության հրամանատարը: Անկազմակերպվածության, կասկածելի դասալքությունների, խափանարար գործողության դեպքերն ուղղակի աչքի էին ծակում: Բերենք միայն մեկ օրինակ: Եթե Ղրիմից ժամանած հայազգի զորավարն առաջարկում է լավ պատրաստություն անցած մոտավորապես յոթուկես հազար պրոֆեսիոնալ աշխարհազորայինների օգնությունը եւ արժանանում ռազմաքաղաքական ղեկավարության անտարբեր վերաբերմունքին՝ չգիտես սրան ինչ անուն տալ:
Այսպես՝ Սերժ Սարգսյանը բացեց Պանդորայի արկղը, եւ գնդակն այժմ իշխանության եկած մարդու դաշտում է: Չնայած նրա իշխանության գալն անգամ կասկածի մութ քողով է պատված: Երրորդ նախագահն ասում է, որ ինքն իշխանությունը փոխանցել է Կարեն Կարապետյանին՝ իր առաջին տեղակալին, սակայն, չգիտես ինչու, հայտնվել է Նիկոլ Փաշինյանի ձեռքին: Մի՞թե պատճառը Նիկոլի հայտնի սպառնալիքն է, թե՝ «Կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Չորեքշաբթի երեկոյան Մոսկվայում կայացավ Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հերթական փակ հանդիպումը։ Ընդ որում, հանդիպմանը զուգահեռ՝ կայացել է նաեւ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը։ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաեւ 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները։ Անդրադարձ է կատարվել ռուս-հայկական համագործակցության որոշ արդիական հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարության տարածած հայտարարությունում նույնպես նշված է, որ հայկական կողմը բարձրաձայնել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը։
Անցած շաբաթվա վերջին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան վերադարձել է Երեւան, տեղեկացնում է նախագահի գրասենյակը։ Ըստ հաղորդագրության, բժիշկների հորդորով նախագահը բուժումը շարունակում է նաեւ Երեւանում:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Արմեն Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել էր ոտքի վիրահատության։ Օրեր անց նախագահի գրասենյակը հաղորդեց, որ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով։
Նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 17-ին ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման նախարարության Եվրոպական հարեւանության ու Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին: Սարգսյանը նշել է, որ երկու երկրները փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն: Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին եւ տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարցերին: Երկուստեք կարեւոր է դիտարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական ու տեւական կարգավորման հարցում: ՀՀ նախագահը առանցքային է համարել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցը: